Տիգրան Աբրահամեան. «Իշխանութիւնը համոզում է ժողովրդին, որ իրենք երկիրը խաղաղութեան են տանում, բայց հերթական անգամ հանրութեանը նախապատրաստում են զիջումների»
«ԱԼԻՔ» – ԱՄՆ պետքարտուղարի խօսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգաւորման գործընթացին, յայտարարել է, թէ «կարծում ենք, որ համաձայնութեան հասնելը հնարաւոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ եւ լուրջ փոխզիջումներ ընդունել»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ընդդիմադիր պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։
«Ի՞նչ է ստացւում. Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարաւոր բոլոր ուղղութիւններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ, ագրեսիա, ճնշումներ, սպառնալիքներ, շանտաժ, ունեցել հսկայական մարդկային ու տարածքային զիջումներ, սակայն պարզւում է, որ նրանից դեռ բարդ որոշումների եւ լուրջ զիջումների ակնկալիք կայ:
Սա է՞ խաղաղութեան հասնելու միջազգային պատկերացումները: Այս պարագայում միայն կարելի է կռահել Ադրբեջանի ու Թուրքիայի սպասելիքները, որը պարբերաբար նաեւ հրապարակային է հնչեցւում:
Ու դեռ մեր ժողովրդին էլ, փաշինեանական իշխանութիւնը համոզում է, որ իրենք երկիրը խաղաղութեան են տանում, այն դէպքում, որ հերթական անգամ հանրութեանը, այս դէպքում նաեւ միջազգային դերակատարների շուրթերով, նախապատրաստում են նոր զիջումների»,- գրել է նա: