Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Ամստերդամը՝ Սամուէլ Կարապետեանի կալանքը երկարաձգելու մասին. «Արդէն փաստ է, որ Հայաստանում իրականացւում է «հեռախօսային արդարադատութիւն»»

«ԱԼԻՔ» – «Այժմ արդէն փաստ է, որ Հայաստանում իրականացւում է «հեռախօսային արդարադատութիւն»»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սամուէլ Կարապետեանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Երէկ (նոյեմբերի 17-ԽՄԲ.), երբ իմ պաշտպանեալ Սամուէլ Կարապետեանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատւամիջոցը արդէն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։

Այսօր (նոյեմբերի 18-ԽՄԲ.) դատարանը պաշտօնապէս հաստատեց այդ կանխորոշւած դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը եւս երկու ամսով։

Սա, աներկբայ, ապացոյց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկւած է անկախութիւնից։ Այն վերածւել է քաղաքական ցուցումների կատարման գործիքի։ Մարդ, ով ժամանել էր իր հօր քառասունքին եւ արդէն հինգ ամիս անազատութեան մէջ է՝ առանց որեւէ հիմնաւոր ապացոյցի, պէտք է եւս երկու ամիս զրկւած մնայ ազատութիւնից։

Այս դաժանութիւնը դուրս է իրաւական, բարոյական եւ հումանիտար բոլոր կանոններից։ Անձնական ազատութիւնից զրկելն օգտագործւում է որպէս քաղաքական ճնշման անընդունելի լծակ։

Այսպիսի անձնական ահաբեկչութիւնը նոյն օրերին զուգորդւել է նաեւ տնտեսական գրոհով։ ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիան դադարեցնելու որոշումը ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՌՆԱԶԱՒԹՈՒՄ է։ Այս ռէյդն իրականացւում է չնայած Ստոկհոլմի Արբիտրաժային Ինստիտուտի միջանկեալ որոշմանը, որն ուղղակիօրէն արգելում էր լիցենզիայի չեղարկումը։ Արբիտրաժի որոշումն անտեսելը ցոյց է տալիս միջազգային իրաւունքի նկատմամբ ՀՀ իշխանութիւնների լիակատար անյարգալից վերաբերմունքը։

Զուգահեռ եւ համակարգւած նման գործողութիւնները ընդհանրապէս կապ չունեն իրաւական գործընթացների հետ։

Ահաբեկչութիւն են եւ իրականացւում են ճղճիմ քաղաքական եւ անձնական շահեր սպասարկելու համար։

Սամուէլ Կարապետեանի ներդրումային եւ անձնական իրաւունքները պաշտպանելու համար մենք օգտագործելու ենք միջազգային իրաւունքի բոլոր հնարաւոր գործիքները։

Մեր թիմը վճռական է՝ կանգնելու ՀՀ իշխանութիւնների անօրինականութիւնների դէմ»,- գրել է Ամստերդամը։

Related Articles

Back to top button