ԻրանՔաղաքական

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանական առեւտրային նաւի վրայ յարձակումը՝ այն որակելով «ծովային աւազակութիւն»

ԱԳՆ-ն այսօր՝ երեքշաբթի, խիստ քննադատական յայտարարութեամբ արձագանքել է Օմանի ծովում իրանական «Թուսքա» առեւտրային նաւի վրայ ամերիկեան ուժերի կողմից իրականացւած գործողութեանը՝ այն անւանելով «անօրինական, բռնի եւ ահաբեկչական» քայլ։

Նախարարութեան մամլոյ ծառայութիւնների հաղորդմամբ՝ դէպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյեան, երբ ԱՄՆ զինծառայողները մօտեցել են նաւին, վնասել նրա նաւիգացիոն համակարգը եւ ներթափանցել տախտակամած։ ԱԳՆ-ն յայտարարում է, որ գործողութիւնը հակասում է միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան հիմնարար սկզբունքներին, ինչպէս նաեւ խախտում է ապրիլի 19-ի հրադադարի պայմանաւորւածութիւնները։

Իրանը հարցը բարձրացրել է ՄԱԿ-ում և Միջազգային ծովային կազմակերպութիւնում՝ պահանջելով միջազգային կառոյցների «վճռական ու միանշանակ արձագանք»։ Թեհրանը պահանջում է նաեւ նաւի, նաւաստիների եւ նրանց ընտանիքների անյապաղ ազատ արձակումը՝ նախազգուշացնելով «վտանգաւոր հետեւանքների» մասին։

Իրանի զինւած ուժերի «Խաթամ ալ-Անբիա» շտաբի խօսնակն աւելի վաղ յայտարարել էր, որ իրանական կողմը «կը պատասխանի» այս գործողութեանը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ «Թուսքա» նաւը գտնւել է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ «անցեալում անօրինական գործունէութեան» մեղադրանքով, եւ յայտնել է, որ ԱՄՆ-ն «լիարժէք վերահսկողութիւն է հաստատել» նաւի վրայ եւ ուսումնասիրում է փոխադրւող բեռը։

Related Articles

Back to top button