Չինաստանի ԱԳՆ. «Գազայի վերաբերեալ ԱՄՆ բանաձեւի նախագիծը բաւարար չափով հաշւի չի առնում պաղեստինցիների իրաւունքները»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Գազայի հատւածի վերաբերեալ ԱՄՆ-ի կողմից ներկայացւած բանաձեւի նախագիծը բաւարար չափով չի արտացոլում «երկու պետութիւն երկու ժողովուրդների համար» ծրագիրը։ Ինչպէս նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Մաօ Նինգը, Վաշինգտոնի նախաձեռնութիւնը լիովին հաշւի չի առնում պաղեստինցիների ինքնորոշման իրաւունքը, հաղորդում է Tert.am-ը:
«Միացեալ Նահանգների ներկայացրած բանաձեւի նախագիծը բաւարար չափով չի արտացոլում կարեւոր սկզբունքները, ինչպիսիք են [կարգաւորումը հիմնւած] «երկու պետութիւն երկու ժողովուրդների համար» ծրագիրը, որի համաձայն պաղեստինցիները կառավարում են Պաղեստինը», – յայտնել է նա ճեպազրոյցի ժամանակ։ «Սա հակասում է Չինաստանի անփոփոխ դիրքորոշմանը, ուստի մենք ձեռնպահ մնացինք եւ կողմ չքւէարկեցինք»։
Ինչպէս յստակեցրել է չինացի դիւանագէտը, ԱՄՆ բանաձեւի նախագիծը «անորոշ է մնում» Գազայի ճակատագրի վերաբերեալ առանցքային հարցերում՝ զինւած հակամարտութեան աւարտից յետոյ։ Նրա խօսքով, Պեկինն այդ խնդրի շուրջ կը զբաղեցնի կառուցողական եւ պատասխանատու դիրքորոշում, «կաջակցի պաղեստինեան ժողովրդի արդար գործին՝ իր օրինական իրաւունքների վերականգնման համար» եւ կը ձեռնարկի բոլոր հնարաւոր ջանքերը՝ «համապարփակ, արդար եւ կայուն կարգաւորման» հասնելու համար։
«Ես կը ցանկանայի ընդգծել. Չինաստանը աջակցում է Անվտանգութեան խորհրդին երկարաժամկէտ հրադադարի խթանման, մարդասիրական աղէտի մեղմացման եւ [Գազայի] յետպատերազմեան վերակառուցումը սկսելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում», – յաւելել է Մաօ Նինգը։



