Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀԺՄ-ն խստօրէն դատապարտում է Ալէն Սիմոնեանի վարքագիծը, ՔՊ վարչութեանը յորդորում է քննութեան առարկայ դարձնել նրա պահւածքը

5188

 

«ԱԼԻՔ» – Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի վարքագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցութեան վարչութեանը յորդորում է քննութեան առարկայ դարձնել Ալէն Սիմոնեանի պահւածքը, սանձել վերջինիս: Հայաստանի Ժուռնալիստների միութիւնն այս մասին հաղորդագրութիւն է տարածել.

«Հոկտեմբերի 31-ին հերթական միջադէպն է գրանցւել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալէն Սիմոնեանի եւ Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջեւ: Այս անգամ Ալէն Սիմոնեանի անզուսպ վարքագծի թիրախում  Mediahub.am լրատւական կայքի լրագրող Վահէ Մակարեանն էր, ում խօսքով՝ ինքը 10 տարուց աւելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, եւ երբեւէ որեւէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որեւէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:

Լրագրողի խօսքով՝ ԱԺ նախագահն իրենց շփման սկզբից թիրախաւորել է թէ՛ իրեն, թէ՛ այն լրատւամիջոցին, ուր ինքն աշխատում է, ապա վիճաբանութիւնը թէժացել է այնքան, որ լրագրողը մտավախութիւն է ունեցել, որ Ալէն Սիմոնեանը բռնութիւն կը կիրառի իր նկատմամբ, յատկապէս, որ վերջինիս թիկնապահները բռնել են իր ձեռքերը: Սակայն լրագրողի խօսքով՝ հէնց վերջիններս էլ հանգուցալուծել են իրավիճակը:

Ալէն Սիմոնեանը, բնականաբար, տեղի ունեցածի իր տարբերակն է ներկայացրել, սակայն, բարեբախտաբար, տեխնիկայի զարգացման այս դարում ցանկութեան դէպքում հնարաւոր է պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել:

ԱԺ միջանցքներում  տեսախցիկներ կան տեղադրւած, այն հատւածում, ուր տեղի է ունեցել միջադէպը, նոյնպէս պէտք է, որ տեսախցիկներ լինեն։ Հետեւաբար, եթէ ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանութեան ծառայութիւնն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, իրավիճակն աւելի հասկանալի կը լինի: ԱԺ նախագահն ինքը պէտք է շահագրգռւած լինի, որ տեսախցիկների արձանագրւածն առանց մոնտաժւելու տրամադրւի շահագրգիռ բոլոր կողմերին:

Ալէն Սիմոնեանն Ազգային ժողովում աշխատող լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու ու նրանց իր հրահանգով թեւերից քարշ տալով ԱԺ շէնքից դուրս հանելու հարուստ փորձ ունի ու բոլոր այդ դէպքերում իր վարքի համար երբեւէ պատասխանատւութեան չի ենթարկւել իր թիմակիցների ու կուսակցութեան կողմից:

Ալէն Սիմոնեանը պատասխանատւութեան չենթարկւեց նաեւ այն ժամանակ, երբ թքեց քաղաքացու վրայ:

Յիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանը 2023 թւականի ապրիլին Կասկադի տարածքում թքել էր քաղաքացու դէմքին։ Ալէն Սիմոնեանի եւ քաղաքացի Կարէն Մկրտչեանի միջեւ միջադէպը ծագել էր այն բանից յետոյ, երբ անվտանգութեան աշխատակիցներով զբօսնող Ալէն Սիմոնեանին տեսնելուց յետոյ քաղաքացին վանկարկել էր՝ «Դա-ւա-ճա՛ն, դա-ւա-ճա՛ն»։ Ալէն Սիմոնեանը թիկնապահներին յանձնարարել էր բռնել քաղաքացու ձեռքերից ու մօտենալով՝ թքել էր քաղաքացու դէմքին:

Ալէն Սիմոնեանը պատասխանատւութեան չենթարկւեց նաեւ 2022 թ. սեպտեմբերին, երբ Ազգային ժողովի նախասրահում պետական պահպանութեան ծառայողներին հրահանգեց շէնքից հեռացնել լրագրողներ Անի Գէորգեանին եւ Սիւզի Բադոյեանին:

Ալէն Սիմոնեանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցներն Անի Գէորգեանին քարշ տալով հեռացրեցին շէնքից, եւ այդ խայտառակ վարքի համար նա որեւէ պատասխանատւութեան չենթարկւեց:

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի վարքագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցութեան վարչութեանը յորդորում է քննութեան առարկայ դարձնել Ալէն Սիմոնեանի պահւածքը, սանձել վերջինիս:

 Տեղի ունեցածի կապակցութեամբ հրաւիրում ենք իրաւապահ մարմինների, ՀՀ-ում հաւատարմագրւած դիւանագիտական ծառայութիւնների եւ միջազգային լրագրողական կազմակերպութիւնների ուշադրութիւնը:

Համապատասխան մարմիններից պահանջում ենք հրապարակել Ալէն Սիմոնեանի եւ լրագրող Վահէ Մակարեանի միջեւ տեղի ունեցած միջադէպի չմոնտաժւած տեսանիւթը:

 Քանի դեռ տեսանիւթը չի հրապարակւել, միջադէպի մասին լրագրողի կողմից ներկայացւած տարբերակին չվստահելու հիմքեր չունենք:

Միեւնոյն ժամանակ Խորհրդարանում եւ այլ պետական մարմիններում աշխատող լրագրողներին կոչ ենք անում խստիւ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չտրւել սադրանքներին, որքան էլ դա երբեմն շատ դժւար լինի:»

Հայաստանի Ժուռնալիստների միութիւն

Related Articles

Back to top button