ՄիջազգայինՔաղաքական

Ռուբէն Մալայեան. «Փաշինեանի համար հայն ինքն է, իր հայելային պատկերը, ոչ թէ սարի գլխին, զէնքը ձեռքին հայրենիքը պաշտպանող հայ տղաները»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր գեղագիր, Ամերիկեան համալսարանի դասախօս Ռուբէն Մալայեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Հայ ազգը, ի դէմս Մեսրոպ Մաշտոցի, ծնեց մի մտաւորական, որը կարողացաւ լեզւին տալ գրական պատկեր։ Բայց Մաշտոցը գեղագիր չէր։ Որպէս լեզւաբան՝ նրա առաջ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթեւ կաթողիկոսի կողմից առաջադրանք էր դրւել՝ ստեղծել հայոց տառերը։ Այդ ժամանակ արդէն իսկ հայերը, 100 տարի էր՝ ընդունել էին քրիստոնէութիւնը։ Մաշտոցի աշակերտ Կորիւնի «Վարք Մաշտոցի» գրքում նկարագրւում է տառերի ստեղծման ընթացքը։

– Այբուբենի գիւտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն առաջին անգամ բաժանւել էր երկու հարեւանների միջեւ՝ Բիւզանդական կայսրութեան ու Սասանեան Պարսկաստանի: Պատահական չէ, որ անմիջապէս հայոց այբուբենի ստեղծումից յետոյ սկսւում է հայ գրականութեան Ոսկէդարը։ Եթէ չունենայինք գրաւոր հարուստ ժառանգութիւն, չէր կարող դա լինել։ Մենք դեռեւս չունենք ապացոյց, բայց մենք նախամաշտոցեան գիր ենք ունեցել, ու Մաշտոցը դա իմացել է։ Նա ստեղծել է տառերը, ապա Յունաստանից հրաւիրել գեղագիր Հռոփանոսին՝ տառերին վերջնական տեսք տալու համար։

– Մաշտոցի եւ պատմական այդ ժամանակաշրջանում հայերի նամակագրութիւնը խիստ անհրաժեշտ էր։ Կարեւոր էր նաեւ, որ մենք կարողանայինք նամակ գրել հայերէնով, որպէսզի թշնամիները չհասկանային։ Երկաթագրով նամակ գրել հնարաւոր չէ։ Մաշտոցը հասկացաւ, որ այդ տառերը յարմար չեն գրելու համար, ու ստեղծեց հայոց այբուբենը։

– 2018 թ․ հասարակութիւնը փոփոխութիւն էր ուզում, ու այդ էմոցիոնալ դաշտը շատ լաւ օգտագործւեց այսօրւայ իշխանութիւնների կողմից։ Այդ պատասխանատւութիւնը ես էլ եմ կրում, քանի որ ես էլ հաւատացի։ 2018 թ․ ես նոյնիսկ գնացի, մշակեցի մեր արւեստին ու կրթութեանը նոր շունչ տալու ծրագիր ու այդ առաջարկը դրեցի ԿԳ նախարարի սեղանին․․․ Մտածեցի՝ իսկապէս ազնիւ նպատակներով են եկել իշխանութեան… Ո՞ւ․․․ Ոչի՛նչ։ Նա յետոյ անգամ զանգերիս չէր պատասխանում։ Ներկայացրածս տրամաբանական, մուլտիդիսցիպլինար ծրագիր էր, ու երբ դա նրանց ուշադրութեանը չարժանացաւ, ես սկսեցի մտածել։ Իմ ծրագրի մէջ ես ազգային ինքնութեան հարցեր էի բարձրացրել, ասել, որ արւեստի կրթութիւնը ստրատեգիկ նշանակութիւն ունի մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Երբ քո ինքնութեանն անդադար հարւածներ են հասցնում, այդ մառախուղի մէջ դու ո՞ւր պիտի նայես։ Քո յենարանը քո ազգային ինքնութիւնն ու մշակոյթն է։ Բայց դա այս իշխանութիւններին, փաստօրէն, պէտք չէր։ Մի տարի առաջ նոյն արդիականացւած ծրագրով գնացի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանի մօտ, էլի ոչինչ չեղաւ, ու վերջնականապէս պարզ էր, որ չէր էլ լինելու։

– Եթէ մենք ապրում ենք ուտելու համար, իսկ ըստ Փաշինեանի արտայայտութեան՝ կարեւորը դա է, ես այլեւս ասելիք չունեմ։

– Մարդիկ չեն խօսում, որովհետեւ ակնյայտ ռեպրեսիաների հնարաւորութիւն կայ։ Մարդիկ վախենում են։ Միւս կողմից՝ մտաւորականութեան թոյլ կողմերից մէկը սկզբունքային լինելն է։ Սկզբունքային լինել նշանակում է՝ ունենալ արժեհամակարգ, որը չի քննարկւում։ Այդ սկզբունքի համար պէտք է պատրաստ լինել վճարել ծանր գին։ Քիչ մարդիկ կան, ովքեր պատրաստ են ասել ճշմարտութիւնն առանց վախենալու։ Այդ կոնֆորմիզմը, յարմարւելու մշակոյթն էր, որ տապալեց ամէն ինչ։ Պետութիւնն էլ է սկզբունք։ Իսրայէլի համար մէկ է՝ իրենց մասին ինչ կասի աշխարհը, որովհետեւ վտանգւած է իրենց պետութիւնը։ Արդեօ՞ք մենք ունենք նման իշխանութիւն, որ կանի ամէն ինչ, որ մեր քաղաքացիներն իրենց անվտանգ զգան։

– Հիմա մենք ունենք հայեր, գերիներ, որոնք գուցէ սովամահ են լինում Բաքւի բանտում… ոչինչ չգիտենք նրանց իրական վիճակի մասին: Իսրայէլն էլ ունի գերիներ, բայց ի տարբերութիւն Հայաստանի՝ իրենց մօտ բոլորին ճանաչում են դէմքերով, անուններով, որովհետեւ նրանց մասին լրատւամիջոցները, հասարակութիւնն ամէն օր խօսում է։ Իսրայէլում ամբողջ հասարակութիւնն է կոնսոլիդացւել գերիներին վերադարձնելու օրակարգի շուրջ։ Իսկ ի՞նչ է անում գերիներին վերադարձնելու ուղղութեամբ մեր երկրի ղեկավարը։ Եթէ այդ մարդիկ օրէնք են խախտել, յանցանք են գործել, բերէ՛ք Հայաստան, քննէ՛ք, դատէ՛ք այստեղ, բայց ո՛չ Բաքւում։

– Մենք թոյլ չենք, մեզ համոզել են, իբր մենք թոյլ ենք։

– Պատմութեան ընթացքում դաւաճանութեան միջոցով են ընկել աշխարհի ամենախոշոր քաղաքները։ Հերիք էր մի դաւաճան ունենալ, եւ տարիներով չնւաճւող քաղաքներն ընկել են։

– Երբ դու չես կարողանում ոչինչ անել, կը գան ուրիշները ու կանեն քո փոխարէն։ Դա ձախողւած պետութեան մոդելն է. երբ սկսում ես հրաժարւել պետականութեան գաղափարից, քեզ կը ղեկավարի քեզանից հզօրը, քեզանից հզօր մի արտաքին ուժ։

– Փաշինեանը համոզւած է, որ հայը չի կռւելու։ Սուտ է. պարզապէս Փաշինեանն իր անհատականութիւնը, իր տեսակը պրոյեկտում է ողջ ժողովրդի վրայ։ Նրա համար հայն ինքն է։ Ինքը չի պատկերացնում, որ կան հայ տղաներ, որոնք հէնց հիմա սարի գլխին, զէնքը ձեռքին՝ պաշտպանում են մեր երեխաներին։ Իր համար հայը դա չէ։ Իր համար հայն իր հայելային պատկերն է։

– Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականութեամբ չենք զբաղւում: Կեանքում ամէն ինչն է քաղաքականութիւն, ու միշտ այդպէս է եղել։ Մշակոյթը, լրագրութիւնը, մեր կեանքն է քաղաքականութիւն։ Մենք բոլորս հիմա պոստտրաւմատիկ փուլում ենք։ Մեր հասարակութիւնը խորը ճգնաժամի մէջ է։ Ի՞նչ ենք անելու նորից ոտքի կանգնելու համար, որովհետեւ վերջին այս 6 տարին ուղղակի սարսափ է։

– Ես միշտ հաւատացել եմ, որ սիմւոլիկ քայլերը կարեւոր քայլեր են։ Եթէ յիշում էք, 2018 թ․ԱԺ-ի դարպասները մի պահ բացեցին։ Իրականում պէտք էր պարիսպը հանել՝ ցոյց տալու, որ դու քո ժողովրդի հետ ես, չես պաշտպանւում նրանից։ Մինչդեռ այն չհանեցին, աւելին, հիմա նոյնիսկ զոդել են։ Երբ դու քո մշակութային խորհրդանիշի՝ Ազգային պատկերասրահի, Օպերայի շէնքի տանիքին դնում ես 7 հատ անտենայ, ես չգիտեմ՝ դրան ինչ անուն տալ։ Եթէ Փարիզի Լուվրի գլխին դրանցից մէկը դնէին՝ յեղափոխութիւն կը լինէր, մարդիկ չէին հանդուժի: Յովհաննէս Թումանեանի թանգարանի գլխի անտենան շէնքի չափ է։ Դրանով դու արժէզրկում ես քո մշակութային արժէքները։

– Գիտէ՞ք՝ որքան ջանք է թափւել Օպերային թատրոնի շէնքը կառուցելու համար։ Յետպատերազմեան շրջանում մարդիկ պատրաստ էին սոված մնալ, բայց Օպերայի շէնքը կառուցել։ Իբր փարաջանովեան մոտիւներով Օպերայի շէնքի աղճատումն ինձ համար մանկապարտէզային գաղափար է։ Գրքերը գետնին լցնելը վերաբերմունք է գրքի նկատմամբ։ Գիրքը յատակին չեն դնում, ու հարցը գրքի բովանդակութիւնը չէ։ Փարաջանովը նոյնիսկ իր ֆիլմում գիրքը գորգի վրայ է դնում, ոչ թէ ասֆալտի… Որովհետեւ գիրքը գիտելիք է, հզօրութիւն։ Ինչի՞ համար է սա արւել, Ինստագրամում գեղեցիկ սթորի դնելո՞ւ համար… Յետոյ ի՞նչ էք անելու այդ գրքերը, մակուլատուրա էք յանձնելո՞ւ, վերամշակելո՞ւ էք։ Խալիներ բերէիք, գրքերը շարէիք վրան, բայց սե՞նց։ Փարաջանովին այդ պրիմիտիւութեանը հասցնելը՝ ուղղակի ինչ-որ պատկեր ստանալու համար, չգիտեմ՝ ինչ է։

– Քըրք Քըրքորեանի դեֆորմացւած, բոլգարկայով քանդակած այլանդակ արձանը դրել են, Փաշինեանն էլ գնում, ծաղիկ է դնում։ Սարսափելի վատ արձան է՝ լուցկու տուփի վրայ դրւած հսկայական տձեւ գլուխ։ Չեմ ասի՝ հեղինակն ով է, բայց ի՞նչ էք սովորեցնում երեխաներին (Թէպէտ Ռուբէն Մալայեանը անուն չտւեց, բայց Սաթիկ Սէյրանեանը կռահեց, որ արձանի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջեանն է)։

– Իմ տան կողքը մի այլանդակ ցուցանակ էին փակցրել։ Գրառում կատարեցի, որ ցուցանակը միայն մակերեսային մասն է, ու կան քաղաքի վիզուալիզացիայի բազմաթիւ տարրեր, որ դրանց մէջ ցուցանակը մի օղակ է։ Ինձ Երեւանի քաղաքապետարանից հրաւիրեցին հանդիպման։ Գնացի, 3 ժամ բացատրեցի դա։ Աւարտին ինձ հետ հանդիպող փոխքաղաքապետն ասաց՝ Ռուբէ՛ն ջան, փողի խնդիր չունենք, քեզ ինչքա՞ն փող ա պէտք, որ դու էդ հարցը լուծես։ Ապշել էի։ Այսինքն՝ իրենց սկզբունքն է՝ փող տանք, պրծնենք։

– Երեւանում տասնեակ տարիներ ով ինչ ուզել, արել է։ Վիզուալ աղբը շատ է։ Աշխարհում ռեգուլիացիան ընդունւած է։ Այստեղ էլ են փորձել իբր նոյնն անել։ Հիմա բիզնեսի առաջ գովազդի նոր պայմաններ դնելու գաղափարը լաւն է, բայց կատարումը՝ վատ։ Բիզնեսի տարբեր տեսակների համար գովազդային տառատեսակը նոյնը չպէտք է լինի։ Մարդը չպիտի քաղաքի ռեգուլիացիայի ծախսերն իր գրպանից վճարի։ Երբ դու լաւ բանն անգրագէտ ես անում, դա արժէզրկում է լաւ բան անելու ողջ գաղափարը։

– Համամիտ եմ, որ Մերգելեանի այգին շատ վատ վիճակում էր։ Նախագիծ մշակեցին, բոլորը ծափահարեցին, սկսեցին աշխատել։ Այգին մի տարի փակեցին, ոչինչ չէր երեւում, յետոյ պարիսպները հանեցին, ու տեսանք, որ այգու մի մուտքը մէջտեղից է, միւսը՝ յետեւից, միւսը՝ ընդհանրապէս չկայ։ Ու որպէսզի դու այգի մտնես, 50 մետր պիտի քայլես, նոր մտնես։ Պարզ է, որ մարդիկ ալարելու են քայլել ու այգի են մտնելու գազոնի վրայով։ Տոյա ծառեր են տնկել, որոնք, բնականաբար, չեն աճելու։ Միակ լաւ բանը, որ արեցին, «Դւին» հիւրանոցի կողքի անտէր մնացած արձանն այդտեղ տեղադրելն էր։ Մանկական զոնան առհասարակ այդ այգու կառուցապատման նախագծի պրիորիտետների մէջ չկար։ Երեխաները խաղալու տեղ չունեն։ Այնտեղ այգի չկայ, ես չգիտեմ՝ կա՞յ այնպիսի տերմին, որը կը բնութագրի՝ դա ինչ է։ Այգին այն զոնան է, ուր դու կարող ես քաղաքի սթրեսից, խոտի վրայ նստելով՝ հանգստանալ, ոչ թէ բետոն արած ինչ-որ բան։

– Երբ առաջին անգամ եղայ Շուշիում, այնպիսի զգացողութիւն ունէի, որ տուն եմ եկել… Ես գենետիկ կապւածութիւն ունեմ Արցախի հետ: Մեր ուղեղը չի կարող համակերպւել Արցախի կորստի հետ։ Տրաւման այն աստիճանի խորն ու ցաւոտ է, որ կորստի մասշտաբն ընկալող մարդիկ համ ուժասպառ են եղել, համ յուսահատւել։ Այլեւս այդ հողի վրայ հայերէն չի հնչում… Եւ դա սարսափելի է պատկերացնել: Բայց զաւթւած հայրենիքը չի դադարում հայրենիք լինել, իսկ այն մարդիկ, ում համար սա տարածք է, անհայրենիք են։ Ես միշտ խօսում եմ, պատմում եմ Արցախի մասին… Իմ երեխան չի եղել Արցախում, բայց Աստծոյ կամքով մի օր կը լինի։ Ինքը գիտի, որ իր հայրիկի մեծ տատիկը Շուշիից է։

– Երբ ադրբեջանցիները ձեռք են տալիս Արցախի գերեզմաններին, դա խօսում է նրանց ատելութեան աստիճանի մասին։ Դու այն ժամանակ ես գերեզման քանդում, երբ որեւէ կամուրջ չունես կապող, երբ կայ տոտալ ատելութիւն։ Սա է Ադրբեջանի քաղաքականութիւնը։

– Երբ կորցրեցինք Արցախը, գլխիս մէջ այն հարցն էր՝ յաջորդը ո՞րն է լինելու, ե՞րբ են ադրբեջանցիները հասնելու Սեւան ու Սիւնիք… Վտանգը շատ մեծ է: Յոյսս այն է, որ կան հայ տղաներ ու աղջիկներ, ովքեր սիրում են այս հողը, ու նրանք չեն յանձնւելու։ Պատերազմից վատ բան չկայ աշխարհում, բայց, Աստւած չանի, եթէ գայ այդ օրը, ես էլ եմ գնալու։ Հայրենիքն ու արժանապատւութիւնը չեն վաճառւում։

– Ո՞նց կարելի է «նացիոնալիզմ» հասկացութիւնից վատ բան սարքել։ Եթէ մարդը չի ուզում ամեոբա լինել, ասում է՝ ունի պատմութիւն, լեզու, մշակոյթ, եւ ազգայինը դա է։ Եթէ այս ԿԳՄՍ նախարարն ասում է՝ հրաժարւենք դրանից, նա այդպիսով մարդկանց կոչ է անում ամեոբա լինել։ Ամէն անգամ ես նորից ու նորից համոզւում եմ, որ պետութեան գլխին կանգնած են անհայրենասէր ու անհայրենիք մարդիկ։

Յիշեցնենք, որ Փաշինեանի թիմակից, ՔՊ-ական ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանը 2012 թւականին յայտարարել էր. «Այդ նժդեհեան գաղափարախօսութիւնը, ըստ էութեան, ֆաշիստական գաղափարախօսութիւն է… իրականում շատ վտանգաւոր մեզ համար՝ որպէս հասարակութիւն, 21-րդ դարում, որովհետեւ հիմնւած է աշխարհի հանդէպ ագրեսիւ կոնցեպցիայի, աշխարհից փակւելու եւ սեփական գերազանցութիւնը միւս հասարակութիւնների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթէ հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգաւոր է»։

2018 թւականի յեղափոխութիւնից օրեր անց՝ ապրիլի 29-ին, սահմռկեցուցիչ դէպք տեղի ունեցաւ. ուսապարկով մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրայ, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարէն երկաթեայ վարդ տեղադրելու նպատակով:

– Ես ալերգիա ունեմ այդ մարդուց։ Ես ո՛չ Նիկոլի ձայնը կարող եմ լսել, ո՛չ պատկերը տեսնել։ Դա նեւրոզի բոյն է։ Երբ քո երկրի ղեկավարն այս աստիճանի անսկզբունքային մարդ է, չունի ողնաշար, ես ամաչում եմ, ու ես միակը չեմ։ Գնա՛, էլի, Նիկո՛լ, լաւով գնա՛։

– Երբ դու արմատական կերպով քանդում ես բոլոր ազգային, պետական ինստիտուտները, ու ամէն ինչ կախւած է անձերից, քեզանից յետոյ եկողը ոչինչ չի կարողանալու անել։

– Նաւը ծակ է, քիչ է, էլի են վրան ծակեր անում, որ աւելի արագ ու վերջնական խորտակւի… Ես երբեւիցէ չէի մտածի, որ կը գայ մի օր, որ կը մտածեմ այստեղից գնալու մասին։ Բայց, միեւնոյն է, այդ մտքի հետ ես չեմ կարող համակերպւել։ Պէտք է ամէն ինչ անել դա կանխելու համար։ Ես այստեղ եմ ու մնալու եմ, ինչքան որ կարողանամ մնալ։ Բայց եթէ եկաւ մի պահ, որ իմ 3 տարեկան անմեղ երեխայի կեանքը վտանգւած լինի, գուցէ կնոջս ասեմ՝ վերցրու երեխային ու գնայ։

– Նիկոլի շայկան մի օր կը գնայ։ Պէտք է կրթել սերունդը։ Ես հիմա դա եմ անում։

– Ճշմարտութիւնը միակ զէնքն է ստի դէմ։ Սուտը մեզ տապալեց։ Ես ինքս գնացել, Շուշիում եկեղեցու պատին գրել եմ՝ յաղթելու ենք։ Երկու օր յետոյ Շուշին յանձնւեց։

– Մենք պարտւել ենք մի ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Պատերազմը չի աւարտւել։ Արցախի կորուստը ճակատամարտ էր, որում մենք պարտւեցինք դաւաճանութեան պատճառով։

Related Articles

Back to top button