Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ աւելի ուժեղ է Արեւմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը
Սխալ է կարծել, թէ СОР29 գագաթնաժողովին մասնակցել պատրաստւող յատկապէս արեւմտեան գերտէրութիւններն ու նրանց ներկայացուցիչները չգիտեն կամ այնքան էլ լաւ չգիտեն, թէ ուր են մեկնում եւ ինչ ռեժիմ է իրենց հիւրընկալելու Բաքւում: Իրականում Արեւմուտքը հրաշալի գիտի, առաւել քան մանրամասն տեղեակ է, թէ ով է Ալիեւը, ինչ յանցանքներ է գործել ինչպէս մարդկութեան դէմ, այնպէս էլ՝ իր կառավարման ներքոյ գտնւողների նկատմամբ, ինչ աստիճանի է կոռումպացւած եւ այլն: Արեւմուտքում հրաշալի տեղեակ են, որ Ադրբեջանում ժողովրդավարութեան նշոյլ անգամ չկայ, ու որ դա դասականից էլ վատթար բռնատիրական, դինաստիական կառավարման տակ դրւած պետութիւն է: Այն, որ առնւազն արեւմտեան տէրութիւններում այդ ամենին շատ լաւ տեղեակ են, կարելի է հիմնաւորել բազմաթիւ դրսեւորումներով:
Բայց այս դէպքում խօսքը հետաքննող լրագրողների OCCRP միաւորման պատրաստած հրապարակում-բացայայտումների մասին է: Մարդիկ մանրակրկիտ հետաքննութիւն են արել ու պարզել, որ կոնկրետ СОР 29-ի մասնակիցներին սպասարկող, СОР 29-ի պաշտօնական գործընկերոջ կարգավիճակ ստացած գրեթէ բոլոր ընկերութիւններն ու ձեռնարկութիւնները անմիջականօրէն կամ թեթեւակի անուղղակիօրէն կապակցւած են Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների հետ: Այնպէս որ՝ գիտեն: Չնայած հետաքննողների անդրադարձում ոչ մի խօսք չկայ Իլհամ Ալիեւի ու նրա գլխաւորած ռեժիմի կողմից Արցախի հայութեան դէմ ցեղասպանական ոճիր գործելու՝ էթնիկ զտման ենթարկելու մասին, բայց կարող էք չկասկածել, որ արեւմտեան բոլոր գլխաւոր մայրաքաղաքներում նստող ղեկավարները, որոնք նման գագաթնաժողովների են գնում, մանրամասն տեղեակ են նաեւ այդ յանցագործութիւններից:
Ու այդ ամէնի հետ կապւած՝ անխուսափելի հարց է ծագում, թէ այդ ամէնն իմանալով, աւելին, նման հրապարակումներ ու բացայայտումներ, այսպէս ասենք՝ տակից խրախուսելով, այդ ինչպէ՞ս է, որ, միեւնոյնն է, մեկնում են Բաքու՝ հիւրընկալւելու Ալիեւին, նրա հետ գրկախառնւելու եւ… ոչ միայն: Դրա հնարաւոր պատասխանն էլ պարզ է. Արեւմուտքի համար ադրբեջանական նաւթի ու գազի «հոտը» շատ աւելի կարեւոր է, քան ինքնորոշման կամ սեփական հողի վրայ ապրելու իրաւունքները, քան ինչ-որ «դեմոկրատական արժէքներ», ինչ-որ համամարդկային արժէքներ: Արեւմուտքի համար միշտ էլ եղել է, կայ ու կը լինի միայն մէկ արժէք՝ փող, շահ: Վերջ: Մնացած «զրիցները»՝ մարդու իրաւունքների, կոռուպցիայի դէմ պայքարի, դեմոկրատական արժէքների մասին, կը ներէք, ընդամէնը միամիտ-դիւրահաւատներին «ֆռռացնելու» եւ «քցելու» գործիքներ են:
Աւելին, Արեւմուտքում գիտեն, որ Ադրբեջանն այդքան գազ չունի ու իրենց իրականում վերավաճառում է Ռուսաստանի գազը, որից իրենք, իբր, հրաժարւել են: Բայց այնպէս են ձեւացնում, թէ չգիտեն դրա մասին: Այնպէս որ, գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ աւելի ուժեղ է Արեւմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը: Ուղղակի անգերազանցելի ցինիզմը:
«Փաստ»