ԻրանՔաղաքական

Իրանցի փորձագէտներին թիրախաւորելու նպատակով՝ Հայաստանում ԻԻՀ դեսպանի անունից կեղծ օգտահաշիւ է բացւել «X»-ում

«ԱԼԻՔ» – Երէկ պարզ դարձաւ, որ Հայաստանում Իրանի դեսպանի անունով «X»-ում ստեղծւել է երկու կեղծ օգտահաշիւ, որն, ինչպէս պարզւեց, նպատակադրւած աշխատում է Բաքւի քայլերը լուսաբանող փորձագիտական կենտրոններին, կամ աշխատակցող անձանց դէմ: «Tweet»-ներով ու հրապարակումներով այդ կեղծ օգտահաշիւը իրեն մերկապարանոց յայտարարութիւններ է թոյլ տւել, յատկապէս՝ հայանպաստ դիրքորոշումներով փորձագէտների դէմ, նրանց համարելով Իրանի Իսլամական Հանրապետութեան դիւանագիտութեան ու մօտեցումների հետ առնչութիւն չունեցող երեւոյթներ:

Նոյն կապակցութեամբ Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Մովահեդեանը գրառում հրապարակելով տեղեկացրել է, որ անյայտ անձինք նպատակ են ունեցել ցոյց տալ, որ մեր տեսակէտները հակասում են համակարգի պաշտօնական տեսակէտներին, իհարկէ ծաւալած գործունէութիւնը չէզոքացնելու նպատակով:

Փորձագէտը յաւելել է, որ ակնյայտ է, որ այդ օգտահաշիւը կառավարւում է ինչ որ պանթուրքիստի միջոցով, որին աջակցում, կամ առաջնորդում են սիոնիստները, Անգլիան, Թուրքիան եւ, բնականաբար, Բաքուն: «Նա պարբերաբար ստեր ու ապատեղեկատւութիւն է սերմանում, թէ Իսլամական Հանրապետութիւնը ցանկանում է բացայայտել իր մեծ գաղտնիքը (ատոմային ռումբը), այն վերագրելով Իրանի դեսպանին»,- նշել է Մովահեդեանը:

Սա տեղեկատւական դաշտում վանդալիզմի ու անվստահութիւն սերմանելու վառ օրինակ է, որին պէտք է մատների արանքից չնայել: «Պէտք է օրակարգ մտցնել նմանների յայտնաբերումն ու գտնել կուլիսներում կանգնած գործակալներին, որոնք հաւանաբար աշխատում են Բաքւի իսրայէլական կիբերպատերազմի կենտրոնում եւ, իհարկէ, նրանց պանթուրքիստ խամաճիկներին՝ երկրի ներսում, ովքեր զբաղւած են խարդախ գործողութիւններով»,- եզրակացրել է փորձագէտը։

Related Articles

Back to top button