ՄիջազգայինՔաղաքական

Զառանցանք. Ալիեւի հեքիաթները «Արեւմտեան Ադրբեջանի» մասին

«ԱԼԻՔ» – Անկարայում՝ այդ նպատակի համար «ամենայարմար» վայրում, ընթանում է «Վերադարձ Արեւմտեան Ադրբեջան՝ որպէս մարդու իրաւունքների գերակայութեան կարեւոր պայման» թեմայով միջազգային համաժողովը։ Համաժողովը միջազգային է համարւում պարզապէս այն պատճառով, որ դրան մասնակցում են թուրքեր եւ ադրբեջանցիներ։

Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ ադրբեջանական AZERTAC-ին յղումով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձ է յղել դրա մասնակիցներին։ Ծաւալուն ուղերձում պնդում է արւում, որ «Արեւմտեան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 եւ 1987-1991 թւականներին իրականացւել է համակարգւած եւ տոտալ էթնիկ զտում։ Այդպիսով, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը դարձել է հումանիտար մեծ ողբերգութիւն։ Միեւնոյն ժամանակ, այն ծառայել է այնպիսի նենգ աշխարհաքաղաքական նպատակի, ինչպիսին է Ադրբեջանի հիմնական մասի եւ նրա անբաժանելի մասի՝ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի խզումը՝ 1920 թւականին Արեւմտեան Զանգեզուրն Ադրբեջանից խլելով եւ այն Հայաստանին յանձնելով»։

«Արեւմտեան Ադրբեջանի հարցն արդէն ընդգրկւած է միջազգային օրակարգում»,- կարծում է Ալիեւը, իսկ «համայնքի» խաղաղ նախաձեռնութիւնները իբր «արժանի են հաւանութեան եւ աջակցւում են համաշխարհային հանրութեան կողմից»։

Այնուհետեւ Ալիեւը թւարկում է, թէ իր կարծիքով ինչ «պէտք է» անի Հայաստանը.

«Հայաստանը պէտք է վերջ դնի հարեւան պետութիւնների նկատմամբ իր տարածքային պահանջներին, քայլեր ձեռնարկի ադրբեջանցիների մշակութային ժառանգութեան վերականգնման եւ պաշտպանութեան ուղղութեամբ, այդ նպատակով թոյլտւութիւն տայ ԻՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգային առաքելութեանը եւ վերադարձի հարցով երկխօսութիւն սկսի համայնքի հետ։ Հայաստանը պէտք է յստակ դիրքորոշում յայտնի այն հարցի շուրջ, թէ երբ եւ ինչ պայմաններով արեւմտեան ադրբեջանցիները կը կարողանան վերադառնալ իրենց պապենական հողեր։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարութիւնը այս հարցի կապակցութեամբ կընդունի Համայնքի ներկայացուցիչներին»։

Ընդ որում, Ալիեւն ընդգծում է, որ «արեւմտեան ադրբեջանցիների վերադառնալու ցանկութիւնը չի նշանակում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների ներկայացում»։ Սակայն «այս հարցը չի հանւի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել։ Բնականաբար, հայրենի եզերք վերադարձող արեւմտեան ադրբեջանցիներին պէտք է նաեւ անվտանգութեան երաշխիքներ տրամադրւեն»։

Related Articles

Back to top button