Ռուբիօ. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութեան իրական վտանգ կայ, որը մենք փորձում ենք կանխել»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութեան իրական վտանգ կայ, որը մենք փորձում ենք կանխել»: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում յայտարարել է պետքարտուղար Մարկօ Ռուբիոն՝ պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսում Թոմ Լանթոսի յանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի հարցին։
Մասնաւորապէս, Սմիթը շեշտել է, որ Ադրբեջանը ցեղասպանութիւն է իրականացրել հայերի նկատմամբ։ Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանում կան բազմաթիւ քաղբանտարկեալներ եւ ԱՄՆ պետքարտուղարին կոչ արել ամէն ինչ անել նրանց ազատ արձակելու համար։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր գլխաւոր նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութիւն հաստատելն է։ Կայ հակամարտութեան իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերն ակտիւօրէն աշխատում են այդ ուղղութեամբ, մենք փորձում ենք ինչ-որ բան անել եւ կանխել զինւած միջամտութիւնը»,-նշել է Մարկօ Ռուբիօն։
Ինչ վերաբերում է բանտարկեալների եւ մարդու իրաւունքների վիճակի հարցին, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, այդ հարցը եւս կարեւորագոյն նշանակութիւն ունի, որի լուծման համար ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել իր դեսպանատունը։
«Մենք կարող ենք չհամաձայնել կառավարման այս կամ այն համակարգի հետ, կարող ենք ցանկանալ, որ այն տարբեր լինի։ Սակայն հարցի էութիւնն այն է, որ շատ դէպքերում ստիպւած ենք գործ ունենալ իդէալական մոդելներ չունեցող երկրների հետ, սակայն մեր ազգային շահերից ելնելով պէտք է գործ ունենանք նրանց հետ։ Մեզ անհրաժեշտ է հաւասարակշռութիւն մտցնել այս բոլորի միջեւ՝ մեր ազգային շահերի եւ դիւանագիտութեան միջեւ՝ առանց կապիտուլիացիայի ենթարկւելու եւ այլ շահեր, ինչպիսին են մարդու իրաւունքները, իրականացնելու հնարաւորութիւններ փնտրելու։ Եւ Ադրբեջանը մեզ հնարաւորութիւն է տալիս դա անել այն խաղաղութեան համատեքստում, որը մենք փորձում ենք հաստատել»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։