Շինծու գործերով ձերբակալւած ՀՅԴ երիտասարդների փաստաբանների մամուլի ասուլիսը

Յուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացւող բռնաճնշումների մասին փաստաբանների մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ժամանակ փաստաբանները յայտարարեցին, որ ՀՅԴ կուսակցութեան անդամները ազատ են արձակւել, քանի որ նրանց ձերբակալութիւնն իրականացւել է առանց որեւէ իրաւական հիմքի։ Նրանք ընդգծեցին, որ ձերբակալւածները եղել են անմեղ, եւ նրանց ազատ արձակումը վկայում է հէնց այդ փաստի մասին։
Փաստաբան Սերգէյ Յարութիւնեանը, անդրադառնալով վերջին ամիսների զարգացումներին, նշեց, որ տեղի ունեցող գործընթացները պատահական չէին․ «Այն, ինչ տեղի է ունենում վերջին մէկ ամսում, կարելի է դիտարկել որպէս մէկ միասնական կոմբինացիա։ Բոլոր ձերբակալութիւնները իրականում մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ՝ հանրութեանը տպաւորութիւն է տրւում, թէ իբր բացայայտւել են ահաբեկչական խմբաւորումներ։ Երկրորդ՝ ձերբակալելով որոշ մարդկանց՝ նրանք փորձում են կանխել եկեղեցու հետ կապւած հնարաւոր դժգոհութիւնները եւ դիմադրութիւնները։ Իսկ Սամուէլ Կարապետեանի ձերբակալութեամբ ցանկացել են ահաբեկել գործարարներին, որպէսզի նրանք չհամարձակւեն ազատ արտայայտել իրենց դիրքորոշումները»։
Փաստաբանը նաեւ յիշեց մի դէպք, որն անւանեց զաւեշտալի։ Նրա խօսքով՝ ՀՅԴ անդամների թւում ձերբակալւել է մի անձ, որն ընդհանրապէս կապ չի ունեցել կուսակցութեան հետ․ «Այդ մարդը պարզապէս սանտեխնիկ է եղել, եւ ամենայն հաւանականութեամբ անունների համընկնում է եղել։ Նրան էլ են բերման ենթարկել եւ պահել 72 ժամ՝ առանց որեւէ հիմքի»։
«Գնում է թիրախային պայքար՝ ընդդէմ որոշակի գաղափարախօսութեան. դա կարող ենք ասել եկեղեցու շուրջ, ազգային մտքի շուրջ, Արցախի շուրջ գաղափարախօսութիւնն է։ Այն, ինչ համարում ենք ազգային արժէք, կամ որոշակի քաղաքացիների խումբ համարում են ազգային արժէք, դրա շուրջ կամ այդ գաղափարների շուրջ ով համախմբւում է, այդ անձանց դէմ սկսւում է որոշակի պայքար՝ գործարար, փաստաբան, հասարակ քաղաքացի, որեւէ կուսակցութեան անդամ»,- յայտարարեց փաստաբան Մանուշ Եսայեանը՝ անդրադառնալով ձերբակալութիւններին եւ ազատ արձակումներին։
Ըստ փաստաբանի՝ կատարւողը նաեւ նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել․ «Երկրորդը՝ վախի մթնոլորտ սերմանելն է։ Ես եւս բազմաթիւ անգամ ասել եմ՝ մենք բացի ստատուս գրելուց եւ կոչեր անելուց ինչ-որ գործողութիւններ չենք անում։ Բայց պէտք է կարեւոր մի բան հասկանալ՝ փաստաբաններն իրենց հերթին աշխատանք են կատարում․ մասնաւորապէս ես ու իմ գործընկերների մեծ մասը դա անում է անվճար հիմունքներով։ Մենք մեր վարքով, պատրաստակամութեամբ ցոյց ենք տալիս, որ պատրաստ ենք կանգնել բոլոր քաղաքական կուսակցութիւնների կողքին, որոնք որոշակի գաղափարական պայքար են մղում եւ ուզում, որ պետութիւնում փոփոխութիւններ լինեն։
Հասարակութիւնն ինչո՞ւ է այս վախի մթնոլորտը կուլ տալիս եւ չի ցանկանում դուրս գալ ու իր պայքարը մղել, դա ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ այլ սուբիեկտիւ խնդիրներ։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ պայքարը, բոլոր գործերն ունեն մէկ միտում ու նպատակ՝ լռեցնել եւ թոյլ չտալ, որպէսզի այն բոլոր մարդիկ, անձանց խմբերը, որոնք արտայայտւում են իրենց պատկերացումներով պետութեան օգտին, ազգային գաղափարների շուրջ, օրինական եւ ժողովրդավար պետութեան օգտին, այդ անձանց խմբին որոշակի ձեւով լռեցնեն, որ այլեւս չխօսեն։ Այդ բոլոր գործերն իրար հետ փոխկապակցւած են։ Մասնագէտ պէտք չէ լինել, դա հասկանալու համար»։
Փաստաբան Մկրտիչ Դաւթեանի գնահատմամբ՝ այս ամէնի նպատակը հայրենասիրական ուժերից ազատւելն է, այն ուժերի, որոնք ապագայում կարող են դէմ գնալ իշխանութիւնների գործողութիւններին։ Նա յաւելել է, որ ազգային ուժերի ճնշումը նաեւ թոյլ կը տայ իշխանութիւններին վերընտրւել 2026 թւականին։
Դաւթեանը նշել է, որ իշխանութիւններին մնացել է իրենց ճանապարհից լուծարել Հայ եկեղեցին եւ ՀՅԴ «Դաշնակցութիւնը», մնացած բոլոր ինստիտուտները նրանք յաջողութեամբ քանդել կամ շարունակում են քանդել։
Նա կարծում է, որ Հայաստանում օրէնքները կիրառւում են ընտրովի։ «Մասնաւորապէս, օրէնքը սահմանում է, որ ձերբակալման պահից անձը պէտք է ապահովւած լինի փաստաբանով, այն դէպքում, երբ ՀՅԴ «Դաշնակցութեան» 7 անդամների ձերբակալման ժամանակ՝ փաստաբաններին շատ երկար չի թոյլատրւել շփւել իրենց պաշտպանեալների մօտ։
Arfd.am