Արմէն Աշոտեանի խափանման միջոցը փոխարինւել է վարչական վերահսկողութեամբ

«ԱԼԻՔ» – ՀՀԿ նախագահի տեղակալ, քաղբանտարկեալ Արմէն Աշոտեանի խափանման միջոցը փոխւել է, եւ նա շուտով կը լինի ազատութեան մէջ։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիէլեանը:
Փաստաբան Տիգրան Աթանէսեանն էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին յայտնել է, որ Արմէն Աշոտեանի նկատմամբ կիրառւած տնային կալանք խափանման միջոցը փոխարինւել է վարչական վերահսկողութեամբ։
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բաւարարւել են իմ եւ պաշտպան Հ. Մարտիրոսեանի վերաքննիչ բողոքները, եւ վերացւել է Արմէն Աշոտեանի տնային կալանքը: Կիրառւել է վարչական հսկողութիւն, որի պայմանները դեռեւս յայտնի չեն: Որոշումը հասանելի կը լինի մեզ երկուշաբթի:
Քաղաքական բանտարկութիւնը կարծես աւարտւում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրէական գործի շրջանակներում շարունակւում է»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: