ՄիջազգայինՔաղաքական

Լուկաս Ֆուրլաս. «Բաքւում COP29-ի անցկացումը Ալիեւի ռեժիմի եւ նրա յանցագործութիւնների օրինականացումն է»

«ԱԼԻՔ» – «Ի սկզբանէ Բաքւում COP29-ի անցկացման որոշումը միանգամայն սխալ էր։ Կարծես մենք օրինականացնենք Ադրբեջանի յանցագործութիւնները սեփական ժողովրդի, հայերի դէմ»: Alpha News-ի հետ զրոյցում ասել է Կիպրոսից Եւրախորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հետ բարեկամութեան խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը։

Ըստ նրա՝ COP29-ը Բաքւում անցկացնելու որոշումը սխալ է։

«Դա անելու եւ ռեժիմն օրինականացնելու փոխարէն աւելի լաւ կը լինէր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայերի եւ սեփական ժողովրդի դէմ կատարւած յանցագործութիւնների, լրագրողների եւ Ալիեւի հասցէին քննադատութիւն արտայայտող մարդկանց համար։

Մենք խօսում ենք բռնապետի մասին, մենք խօսում ենք ռեժիմի մասին, որին լիովին աջակցում են Թուրքիան եւ Էրդողանը, եւ Բաքւում մեր ներկայութեամբ միայն արդարացնում ենք այդ ռեժիմի լեգիտիմութիւնը, ինչն ինձ համար շատ սխալ է։ Մենք չենք կարող առաջնահերթութիւն տալ բնական գազին՝ մարդկային կեանքերի, եւրոպական արժէքների եւ սկզբունքների դիմաց:

Եւրախորհրդարանում «Իրավիճակը Ադրբեջանում, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումներ, յարաբերութիւններ Հայաստանի հետ» թեմայով բանավէճն ու բանաձեւը իւրաքանչիւր քաղաքական կուսակցութեան ուժեղ ուղերձն է ադրբեջանական ռեժիմին։ Ես վստահ չեմ, որ Ալիեւը լսել է այն, ինչ մենք ասել ենք, բայց մենք պէտք է ինչ-որ բան անենք դրա հետ կապւած, եւ ես կը կրկնեմ՝ պէտք է պատժամիջոցներ սահմանենք, այլ ոչ թէ օգտագործենք COP29-ի պատրւակն ու գնանք այնտեղ լեգիտիմացնելու ռեժիմը»,- ասել է Ֆուրլասը:

Related Articles

Back to top button