
«ԱԼԻՔ» – Արտգործնախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, Al Jazeera-ին տւած ծաւալուն հարցազրոյցում ներկայացրել է Իրանի պաշտօնական դիրքորոշումն ու իր անձնական գնահատականները վերջին զարգացումների վերաբերեալ՝ ընդգրկելով 12-օրեայ պատերազմի դասերը, ուրանի հարստացման հարցը, միջուկային բանակցութիւնները, տարածաշրջանային քաղաքականութիւնը եւ յարաբերութիւնները համաշխարհային ուժերի ու հարեւան երկրների հետ։ Նա նշել է, որ աշխարհը վերջին պատերազմում ականատես եղաւ Իրանի իրական ուժին ու ինքնապաշտպանական կարողութիւններին, իսկ պատերազմը, թէեւ ծանր, բայց դարձաւ նաեւ դիւանագիտական ու ռազմավարական փորձի կարեւոր հանգրւան։
Արաղչին ընդգծել է, որ Իսրայէլի անակնկալ յարձակմանը Իրանը կարողացաւ արագ ու համարժէք արձագանքել՝ ապացուցելով, որ նոյնիսկ ուժեղագոյն ռազմական ճնշման պայմաններում էլ երկիրը պատրաստ է պաշտպանել իր անկախութիւնն ու արժանապատւութիւնը։ Նրա խօսքով՝ եթէ հակառակորդը կրկին փորձի կրկնել իր «12-օրեայ ձախողւած փորձը», կը կանգնի աւելի ծանր հետեւանքների առջեւ, քանի որ Թեհրանը այսօր էլ առաւել պատրաստ է թէ՛ տեխնիկապէս, թէ՛ կազմակերպչօրէն եւ թէ՛ հոգեբանական առումով։ Նա նշել է, որ Իսրայէլի հակաօդային պաշտպանական համակարգը լիովին անթափանց չէ, իսկ իրանական հրթիռները ցոյց են տւել իրենց արդիւնաւէտութիւնը՝ յաղթահարելով մի քանի շերտից բաղկացած պաշտպանութիւնը։ Այդ պատերազմը, ըստ նրա՝ առաջին դէպքն էր, երբ Իրանի հրթիռային ուժերը փորձարկւեցին իրական մարտական դաշտում ե քննութիւնը յանձնեց պատւով։
Արտգործնախարարը վստահեցրել է, որ Իրանի ռազմական պատրաստւածութիւնը խաղաղութեան երաշխիք է. «Երբ մի երկիր լիարժէք պատրաստ է պաշտպանւելու, դա ինքնին զսպող գործօն է պատերազմ սկսելու ցանկութիւն ունեցողների համար»,- ասել է նա՝ յաւելելով, որ Թեհրանը պատերազմ չի ուզում, բայց գործ ունի «պատերազմասէր եւ առաւելապաշտ ռեժիմի» հետ, որի նպատակն է տարածաշրջանի պառակտումն ու վերահսկումը։ Նրա համոզմամբ՝ Իրանը ոչ միայն ռազմական, այլեւ դիւանագիտական առումով աւելի պատրաստ է պաշտպանելու իր շահերը։
Արաղչին լայն անդրադարձ է կատարել նաեւ Իրանի տարածաշրջանային քաղաքականութեանը՝ նշելով, որ Թեհրանը որդեգրել է բարիդրացիական յարաբերութիւնների քաղաքականութիւն, որը վերջին մէկ տարւայ ընթացքում արագ ընդլայնւել է յատկապէս Պարսից ծոցի երկրների հետ։ Նա շեշտել է, որ Մերձաւոր Արեւելքում աստիճանաբար ձեւաւորւում է նոր իրողութիւն. տարածաշրջանի երկրները գիտակցում են, որ Իրանը չի հանդիսանում սպառնալիք, իսկ իրական վտանգը գալիս է Իսրայէլի կողմից։ «Նեթանիահուն գուցէ պատերազմական յանցագործ է, բայց անուղղակիօրէն մի լաւ բան արեց՝ ապացուցեց բոլորին, որ տարածաշրջանի իրական թշնամին հէնց Իսրայէլն է, ոչ թէ Իրանը»,- ասել է Արաղչին։
Խօսելով միջուկային բանակցութիւնների եւ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների մասին՝ նա կրկին յիշեցրել է, որ Իրանը լիարժէք կատարել է 2015 թւականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնները, մինչդեռ ԱՄՆ-ն առանց հիմնաւորման խախտել է պայմանաւորւածութիւնը եւ դուրս եկել գործարքից։ Նոյն իրավիճակը, ըստ Արաղչիի՝ կրկնւել է նաեւ հետագայ պայմանաւորւածութիւնների ժամանակ, երբ Թեհրանը կատարել է իր խոստումները, իսկ Վաշինգտոնը խուսափել է իր պարտաւորութիւններից։
Նրա խօսքով՝ Իրանը պատրաստ է վերսկսել բանակցութիւնները, բայց միայն հաւասար հիմքերի վրայ, փոխադարձ յարգանքի ու շահերի հաշւառմամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «զրոյական հարստացում» պահանջը երբեք չի կարող ընդունւել: Ուրանի հարստացումը, ըստ նրա՝ իրանցի գիտնականների գիտական ու ազգային նւաճումն է, որի համար երկիրը վճարել է բարձր գին՝ տասնեակ գիտնականների նահատակութիւնով ու անգամ պատերազմով. «Այն, ինչ նրանք չկարողացան ստանալ պատերազմի միջոցով, չեն ստանայ նաեւ բանակցութիւններով»,- յստակեցրել է նա։
Արաղչին բացառել է նաեւ հրթիռային ծրագրի շուրջ որեւէ բանակցութիւն՝ այն որակելով որպէս երկրի պաշտպանական կարողութիւնների անքակտելի մաս։ Նրա կարծիքով՝ ոչ մի խելամիտ պետութիւն չի կարող ինքնակամ զրկւել իր պաշտպանական զէնքից, յատկապէս այն բանից յետոյ, երբ վերջին պատերազմը ցոյց տւեց հրթիռների վճռորոշ դերը Իրանի ինքնապաշտպանութեան գործում։
Արտգործնախարարը մանրամասն անդրադարձել է նաեւ Իրանի յարաբերութիւններին տարածաշրջանի խոշոր դերակատարների հետ: Նա նշել է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները պահպանւում են կառուցողական մակարդակում, թէեւ Սիրիայի հարցում դեռ կան որոշ տարաձայնութիւններ։ Սիրիայի դէպքում Թեհրանը շարունակում է պաշտպանել այդ երկրի ամբողջականութիւնն ու անկախութիւնը, սակայն ներկայումս Դամասկոսի նոր իշխանութիւնները չեն ցուցաբերում հետաքրքրութիւն յարաբերութիւնների վերականգնման հարցում։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի շտապում եւ պարզապէս հետեւում է զարգացումներին՝ յոյս յայտնելով, որ Սիրիան կը վերադառնայ կայունութեան։
Արաբական թերակղզու քաղաքականութեան համատեքստում Արաղչին բարձր է գնահատել Իրանի եւ Սաուդեան Արաբիայի յարաբերութիւնների ներկայ մակարդակը՝ նշելով, որ երկու երկրներն այսօր աւելի քան երբեւէ ունեն ընդհանուր պատկերացում տարածաշրջանի վտանգների վերաբերեալ։ Նրա խօսքով՝ Թեհրանը երբեք չի դիտել Ռիադին որպէս թշնամի, եւ եղած տարաձայնութիւնները հիմնականում եղել են արտաքին միջամտութիւնների հետեւանք։
Արաղչին շեշտել է, որ Իրանի արտաքին քաղաքականութեան հիմքում դիւանագիտութիւնն է եւ փոխշահաւէտ գործակցութիւնը։ «Մենք պատրաստ ենք շփման եւ բանակցութեան թէ՛ Արեւմուտքի, թէ՛ հարեւանների հետ, սակայն ոչ այնպիսի բանակցութիւնների, որտեղ մեզ փորձում են թելադրել։ Դիւանագիտութիւնը փոխըմբռնման, ոչ թէ պարտադրանքի գործիք է»,- ասել է նա։



