«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 26-ին Իրանի ռազմական օբիեկտներին հասցւած Սիոնիստական ռեժիմի հարւածը չի վնասել հրթիռների արտադրութեան գործընթացին։ Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 31-ին, կառավարութեան նիստի շրջանակում, լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում յայտնել է պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէն։
«Ոչ մի խնդիր եւ խափանում յարձակողական զէնքի արտադրութեան գործընթացում, ներառեալ հրթիռները, չեն ծագել»,- ասել է նա՝ յստակեցնելով, որ Իրանի պաշտպանական եւ յարձակողական ներուժին վնաս հասցնելու սիոնիստական թշնամու փորձը յաջողութեամբ չի պսակւել։
Հերքելով իսրայէլական կործանիչների՝ երկրի օդային տարածք ներթափանցելու մասին լուրերը, գեներալ Նասիրզադէն ասել է. «ՄԱԿ-ի կանոնադրութեան համաձայն՝ ամէն անգամ, երբ խախտւում է որեւէ երկրի օդային տարածքը, այդ երկիրն իրաւունք ունի պատասխանել այդ խախտմանը եւ ագրեսիային»: