ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Շիրազ Խաչատրեանը՝ Իրանից հնչող մեսիջների մասին. «Արցախի հայաթափումն Իրանին փաստի առաջ է կանգնեցրել»

«ԱԼԻՔ» – Իրանի արտգործնախարարի պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին CNN Türk-ին տւած հարցազրոյցում, անդրադառնալով, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ հարցին, նշել է.

«Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնութեան, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, բայց չենք ընդունում որեւէ նախաձեռնութիւն, որը կը փոխի տարածաշրջանի ժողովրդագրութիւնը եւ տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի պաշտօնակատարը։

Տարածաշրջանի սահմանների փոփոխութեան մասին Իրանը բազմիցս արտայայտւել է, 168.am-ը ոչ մէկ անգամ «Յենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանի հետ հարցազրոյցներում անդրադարձել է այն պատճառներին, թէ ինչու Իրանի շահերից չի բխում «Զանգեզուրի միջանցք»-ը, սահմանային փոփոխութիւններ, օրինակ, Սիւնիքի կարգավիճակի փոփոխութիւնը կարող է խնդրայարոյց լինել յատկապէս Իրանի համար, քանի որ այդ դէպքում Իրանը կորցնում է Հայաստանով Սեւ ծով դուրս գալու հնարաւորութիւնը եւ ընկնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցութեան տակ, իսկ «Զանգեզուրի միջանցք»-ի ռուսական վերահսկողութեան պայմաններում՝ կախւածութեան մէջ յայտնւում հէնց ՌԴ-ից։

Հիմա Իրանը շեշտադրում է նաեւ տարածաշրջանում ժողովրդագրութեան փոփոխութեան անթոյլատրելիութիւնը:

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանի հետ զրոյցում 168.am-ը փորձել է հասկանալ՝ ի՞նչ մեսիջ է յղում Իրանն այս անգամ:

«Ասելիքը կարելի է դիտարկել երկու ուղղութիւնով: Առաջին, Իրանը բազմիցս շատ յստակ յայտարարութիւններով, խիստ զգուշացումներով է հանդէս եկել այս կարեւոր հարցերի առնչութեամբ: Այո, Իրանը յայտարարել է Երեւանի եւ Բաքւի միջեւ, այսպէս ասած, խաղաղ բանակցութիւններին աջակցելու մասին, բայց նաեւ նշել է Թեհրանի համար կարմիր գծերը, այն է՝ «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրման բացառում, նաեւ օտար ուժերի ներկայութեան համատեքստում, եւ տարածաշրջանի թուրքացման դէմ շարունակական պայքար:

Եւ հետաքրքրական է, որ այդ մասին հէնց CNN Turk-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին, կրկին վերահաստատելով Թեհրանի այն դիրքորոշումը, որ չնայած իրանական ռազմաքաղաքական վերնախաւի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարին, իրենց արտաքին քաղաքական կուրսը Հարաւային Կովկասում մնում է անփոփոխ:

ԱԳՆ պաշտօնակատարի երկրորդ մեսիջը տարածաշրջանի ժողովրդագրութեան փոփոխութեան առումով այն է, որ ամէն դէպքում արցախահայութեան տեղահանութիւնն իրենց հայրենիքից կարող է շատ թանկ գին ունենալ նաեւ Իրանի համար: Մասնաւորապէս, այստեղ Իսրայէլն է ամրանում, եւ հաշւի առնելով տարածաշրջանում, յատկապէս Գազայի իրավիճակի առնչութեամբ հակաիսրայէլական թուրք-իրանական կոնսենսուսը, յարմար առիթ է ստեղծւում իրանական կողմի համար այսպիսի նուրբ թեմայի շրջանակներում իր յստակ դիրքորոշումն արտայայտել, որն իր կողմից կարող է դառնալ շարունակական, ժամանակի ընթացքում յայտարարութիւնների ֆորմատից վերածելով յստակ պատասխան այլ գործընթացների»,- մանրամասնել է Շիրազ Խաչատրեանը՝ յաւելելով, որ հետաքրքիր է՝ տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի փոփոխութեան առումով՝ թեմայի մէջ, բացի ՌԴ-ից, Արեւմուտքից, մտնում է նաեւ Իրանը:

«Թեհրանը յստակ գիտակցում է՝ որքան էլ իրենք խօսեն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին, հայաթափումը կոնկրետ վնաս է իր համար, եւ օկուպացւած Արցախը հիմա վերածւել է իսրայէլական ֆորպոստի աւելի շատ, քան թէ ադրբեջանական տարածքի, իսկ հայերի այնտեղ առկայութեան դէպքում շատ բան կարելի էր փոխել: Այսինքն, որքան էլ իրանական կողմը դիւանագիտօրէն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ընդունելի լինելու մասին խօսի, իրենց համար 44-օրեայ պատերազմի ընթացքում, դրանից յետոյ խիստ անհանգստացնող է այդ հարցը, եւ Արցախի հայաթափումից յետոյ Իրանը փաստի առաջ է կանգնել: Եւ դրա համար էլ Գազայի մասով հակաիսրայէլական թուրք-իրանական կոնսենսուսի պայմաններում հէնց վերը նշւած հարցազրոյցում նուրբ ակնարկով մտնում է մի թեմայի մէջ, որը, ինչպէս նշեցի, կարող են զարգացնել»,- եզրափակել է փորձագետը:

Յաւելենք, որ դեռ 2021 թւականին, երբ դեռ Արցախն ամբողջութեամբ օկուպացւած չէր, 168.am-ն անդրադարձել էր Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան 7-րդ կէտի ռիսկերին, որը սահմանում է՝ «ներքին տեղահանւած անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ յարակից շրջաններ»:

2023 թւականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողութիւններից եւ Արցախի կորստից յետոյ, այսօր արդէն արցախցիների վերադարձի խնդիր կայ իրենց հայրենիք՝ միջազգային անվտանգային երաշխիքների եւ այլ կարեւոր հանգամանքների առկայութեան դէպքում:

Ի դէպ, Ադրբեջանի կողմից Հայաստանի առաջ 300.000 ադրբեջանցու Հայաստան վերադարձի պահանջ կայ նաեւ, եւ դեռ ժամանակի ընթացքում կը հասկանանք՝ որքանով է սա Իրանին ձեռնտու:

Related Articles

Back to top button