Կարէն Իգիթեան. «Թուրքիայի ու Ադրբեջանի համար իրականում կայ մէկ հարց՝ Երեւանի հարցը»
Վերջին շրջանում Ադրբեջանը մշտապէս յայտարարում է, որ դէմ չէ, եթէ հայ-ադրբեջանական բանակցութիւններում ներգրաււի երրորդ՝ անկողմնակալ երկիր։ Թէպէտ սկզբնական շրջանում «անկողմնակալ» երկրի անունը չէին նշում, օրերս Ադրբեջանի արտգործնախարարն ասաց, որ դէմ չեն լինի, եթէ Թուրքիան ներգրաււի հայ-ադրբեջանական երկկողմ բանակցութիւններում։
Ադրբեջանի արտաքին գերատեսչութեան ղեկավարի յայտարարութիւնից յետոյ, ԱՄՆ Պետքարտուղարութեան խօսնակ Մաթիւ Միլլերը լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել էր, որ Միացեալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդիւնաւէտ դերն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործում։
«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդիւնաւէտ դերն այս հակամարտութեան կարգաւորման հարցում: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խօսքերի հետ, որ խաղաղութիւնը հնարաւոր է: Միացեալ Նահանգները սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցութիւններին՝ խաղաղութեան հասնելու համար»,- ասել էր Միլլերը:
168.am-ի հետ զրոյցում Տարածաշրջանային հարցերով փորձագէտ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարէն Իգիթեանն ասաց՝ ակնյայտ է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանին թողնել միայնակ իր ու Թուրքիայի հետ, եւ այս փորձերը մշտապէս եղել են։
«Թուրքիան տարիներ շարունակ ձգտում էր լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, նա Մինսկի խմբի անդամ երկիր էր, բայց ոչ համանախագահող երկիր։ Այս խնդիրը գալիս է այնտեղից, որ Փաշինեանը յայտարարեց, թէ բանակցութիւնները սկսում է զրոյական կէտից, եւ ամբողջ բանակցային ֆորմատը սկսեց փոփոխել մինչեւ պատերազմը։ Իսկ պատերազմից յետոյ լրիւ այլ փուլ սկսւեց, խօսքն այն մասին է, որ Ռուսաստանը միջամտեց ու կանգնեցրեց պատերազմը, եւ բանակցութիւններն ընթանում էին Ռուսաստանի կուրացիայի տակ։ Դրանից յետոյ, երբ ՌԴ-ն սկսեց Ուկրաինայում օպերացիան, ռազմաքաղաքական ռեսուրս չունէր, որպէսզի կարգաւորէր այստեղի խնդիրները։ Այս ամենի արդիւնքում Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են այստեղ տեղ զբաղեցնել»,- նշեց Կարէն Իգիթեանը։
Փորձագէտի մեկնաբանութեամբ՝ այս համատեքստում պէտք է հասկանալ, որ այդ երկու երկրներն էլ ինքնուրոյն չեն գործում, այլ գործում են Միացեալ Նահանգների կողմից։ Այսինքն՝ Միացեալ Նահանգները նպատակ ունի տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է ապագայում հիմք ընդունելով խաղաղութեան պայմանագրում ներառւած կէտերը՝ վերցնել այն, ինչ նախապէս ծրագրել են։ Այստեղ այդ երկրների շահերը համընկնում են, քանի որ Թուրքիան Արեւմտեան բլոկի մաս է եւ փորձում է իրենց գիծն առաջ տանել։
Ինչ վերաբերում է իշխանամերձ շրջանակների յայտարարութիւններին, որ Էրդողանը ստորագրել է հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերեալ փաստաթուղթը, եւ այն դարակում դրւած է, Կարէն Իգիթեանն ընդգծեց՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ միֆոլոգիզացւած է այն առումով, որ կայ կարծրատիպ, որ սահմանի բացումը Հայաստանին շատ ձեռնտու է։
«Իրականում 22 տարի առաջ ընդամէնը մէկ հետազօտութիւն է տեղի ունեցել, որտեղ նման եզրակացութիւն է եղել, որը շատ թոյլ հետազօտութիւն է, եւ դրանից յետոյ 22 տարի է անցել։
Հիմա որեւէ մէկը չի նստել ու հաշւել, թէ ինչ առաւելութիւններ կարող է Հայաստանը ստանալ տնտեսական առումով եւ ինչ կորուստներ կարող է ունենալ այդ ոլորտում։ Եթէ քաղաքական առումով դիտարկենք, ապա, եթէ սահմանը բացւեց եւ, օրինակ, անցաւ 1-2 տարի, Հայաստանի տնտեսութեան մի մասը թուրքական կոմունիկացիաներն օգտագործելով՝ գնայ Եւրոպա, մի օր Թուրքիան ասելու է՝ սա մի արէք, միւսը մի արէք, թէ չէ մենք մեր սահմանը նորից կը փակենք։ Այսինքն՝ ամբողջ բիզնեսը, որն անցնելու է Թուրքիայի ճանապարհով, ուզած թէ չուզած, դառնալու է Թուրքիայի քաղաքականութեան լաբբիստ, իսկ գործարարները մի օր գալու են ու Կառավարութեանն ասեն՝ մի արէք, քանի որ մեր բիզնեսը տուժելու է։ Այնպէս չէ, որ Թուրքիայի համար սա վատ բան է, իսկ մեզ համար՝ լաւ։ Նոյնը՝ Ադրբեջանի դէպքում, եթէ մենք բացում ենք մեր ճանապարհն Ադրբեջանի ու Թուրքիայի համար, իրենք անվտանգ օգտւելու են, քանի որ նպատակ ունեն իւրաքանչիւր կոնֆլիկտային իրավիճակ օգտագործել ռազմական ներխուժման համար։ Իսկ մենք կը կարողանա՞նք Ադրբեջանի ճանապարհներից անվտանգ օգտւել՝ փորձը ցոյց է տալիս, որ չենք կարող»,- շեշտեց Կարէն Իգիթեանը։
Ինչ վերաբերում է Արցախի ու արցախահայութեան խնդրին, եւ, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման համատեքստում չի խօսւում Արցախի հարցի մասին, արդեօք ՀՀ իշխանութիւնն այն մէկընդմիշտ փակե՞լ է, Կարէն Իգիթեանը պատասխանեց, որ ՀՀ գործող իշխանութիւնը փորձում է այդ հարցը փակել ու փակ պահել, այնպէս, ինչպէս փորձում է Ադրբեջանը։ Այս հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի օրւայ իշխանութիւնները դաշնակիցներ են, ինչպէս նաեւ՝ Թուրքիան։
«Ադրբեջանը յայտարարում է, որ նման հարց չկայ այլեւս, գրեթէ նոյն կերպ արձագանգում է ՀՀ իշխանութիւնը։ Այլ հարց է՝ այս հարցը կա՞յ, թէ՞ չկայ։ Արցախի հարցը միանշանակ կայ, որովհետեւ կայ անցեալ, կայ մեծ ռազմաքաղաքական անցեալ Արցախի մօտ, կայ բանակցային անցեալ, որը ֆիքսւած է, կան արցախահայերը։ Եւ ամենակարեւորը, որը պէտք է ֆիքսենք, այն է, որ Արցախի հարցն առանձին հարց չէր։ Գուցէ սա ամենամեծ սխալն էր, որ մենք փորձում ենք այն առանձին դիտարկել, որովհետեւ մենք չենք ունեցել Նախիջեւանի առանձին հարց, Կարսի հակամարտութիւն եւ այլն։ Թուրքիայի կամ Ադրբեջանի համար այսպէս հեշտ է։ Հիմա կայ Սիւնիքի հարց, իսկ եթէ աւելի խորքից նայենք, մենք ունենք ընդամէնը մէկ հարց՝ Թուրքիան ու Ադրբեջանը կը կանգնեն այն ժամանակ, երբ այս հողն ամբողջութեամբ իրենցով անեն։ Իրական հարցը Երեւանի հարցն է»,- եզրափակեց Կարէն Իգիթեանը։