Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Սա ոչ թէ զիջման վտանգ է, այլ արդէն խոստումը տւել են, խօսքը միջանցքի մասին է»

Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տւել «5-րդ ալիք»-ին

«ԱԼԻՔ» – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ընդարձակ հարցազրոյց է տւել «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Հայլուր» լրատւականի մեկնաբան Լառա Առաքելեանին:

Հարցազրոյցի ընթացքում համապարփակ անդրադարձ է եղել ՀՀ անվտանգային հարցերին, արտաքին եւ ներքին խնդիրներին։

Հարցազրոյցի կարեւոր թեզիստները ներկայացնում ենք ստորեւ:

 

Ղարաբաղի կորուստը հիմնականում կապւած է հէնց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9–րդ կէտի կատարումը

Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային եւ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։

Նիկոլ Փաշինեանն ասուլիսում խոստովանեց, որ շատ կոնկրետ թեմա է Սիւնիքի ճանապարհի արտապատւիրակման հարցը, ինչ-որ ժամանակ արդէն քննարկման սեղանին է դրւած։

Այստեղ իհարկէ, ակնյայտ աբսուրդայնութիւն կայ, որ Սիւնիքի ճանապարհը կամ միջանցք կոչւածն ինչու է այսօր որպէս քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրայ։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կիլոմետրանոց, որի վրայ Ադրբեջանը ոչ մի վերահսկողութիւն չունէր եւ դրա ասիմետրիկ տարբերակը եղաւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկայ, Լաչինի  միջանցքը չկայ, բայց այդ թեման ինքն իրենով շարունակում է ապրել։

Ղարաբաղի կորուստը հիմնականում կապւած է հէնց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9–րդ կէտի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում։ Շատ բնական է, որ Ադրբեջանում ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չէ՞ք դնում։ Պատերազմը դուք էք պարտւել, այդ ամբողջ յայտարարութեան մէջ կայ մէկ կէտ, որը բխում է Ադրբեջանի շահերից ու դուք այդ կէտը մերժում էք։ Դրան հետեւեց Լաչինի միջանցքի փակումը եւ Ղարաբաղի կորուստը։

Այս ամէնը մի կողմ դնել, ու բանակցութիւնները հասցնել այնտեղ, որ «Զանգեզուրի միջանցք»-ն առանձին թեմա որպէս ապրում է, աբսուրդ է։ Սա ուղղակի դիւանագիտական ձախողման մի գլուխգործոց է:

Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում՝ այլ պետութիւններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թէ սեղանի շուրջն ես, այլ աշխարհաքաղաքական մենիւի մէջ։

Ի՞նչ օգուտներ կարող է այդ ճանապարհը բերել Հայաստանին։ Երկու օր առաջ յայտնի դաշնամուր նւագողը (նկատի ունի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանին–ԽՄԲ.) ասաց, որ Սիւնիքի դարպասները պէտք է բացենք։ Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահը յայտարարեց, որ 2 մլրդ 800 մլն դոլար է յատկացւում Կարս–Իգդիր–Նախիջեւան երկաթուղի կառուցելու համար։ Սա նշանակում է, որ ենթադրեալ այդ ժանապարհով ոչ թէ Երասխով գալու է Հայաստան եւ Հայաստանի տարածքով է մտնելու Թուիրքիա, այլ Նախիջեւանից մտնելու է Թուրքիա։ Եւ ճանապարհների բացման հետ այդ ճանապարհը որեւէ առնչութիւն չի ունենալու։ Սա լինելու է Թուրքիա–Ադրբեջան–Կենտրոնական Ասիայի երկրներ միջանցք։ Հայաստանի օգուտը այստեղ ո՞րն է։ Որ սա լինելու է միջանցք, ես չեմ կասկածում։

Եթէ խօսքը արտապատւիրակման մասին է, չի կարող պետութիւնն իր ֆունկցիան արտապատւիրակել մասնաւոր ընկերութեան։ Օրինակ, եթէ այդ ճանապարհին վթար լինի, ո՞ր երկրի ոստիկանութիւնն է դա հետաքննելու, միջադէպը ո՞ր դատարանում է լսւելու, ինչ քննչական մարմիններն են զբաղւելու դրանով:

 

Սա ոչ թէ զիջման վտանգ է, այլ արդէն խոստումը տւել են, խօսքը միջանցքի մասին է

Ոչ թէ զիջման վտանգ է, այլ արդէն խոստումը տւել են, ես դրանում կասկած չունեմ. խօսքը միջանցքի մասին է։

Այն, ինչ ասել է Ղարաբաղում Ալիեւը, համոզւած եմ՝ հէնց այն է, ինչ իրենք խօսել են Աբու Դաբիում։ Ալիեւը Նիկոլ Փաշինեանից ստացել է իր բոլոր ցանկութիւնների կատարումը։ Նիկոլ Փաշինեանը համաձայնւում է ամէն ինչի հետ։ Սկզբից մերժում է, յետոյ հետ է քաշւում։ Ալիեւը համոզւած է, որ այստեղ եւս Նիկոլ Փաշինեանը զիջելու է։ Ալիեւի ինչի՞ն է պէտք ամերիկացիների կողմից վերահսկւող ճանապարհ, Ալիեւին պէտք է ամբողջութեամբ իր կողմից վերահսկւող միջանցք:

 

Ինչու է խաղաղութեան օրակարգի դրօշը կրողը դարձել Նիկոլ Փաշինեանը

2018-ի յեղափոխութիւնը ի՞նչ կարգախօսներով էր։ Երեք հիմանական թեմա էր՝ սոցիալական արդարութիւն, կոռուպցիայի դէմ պայքար եւ ժողովրդավարութիւն։ Չի եղել խաղաղութեան օրակարգ։ Երբ Նիկոլ Փաշինեանը հրահրեց պատերազմ, նրա երկու տարւայ ելոյթները ոչմիթիզական, ազգայնական առաջնորդի ելոյթներ էին։ Պատերազմի պարտութիւնից վախեցած ժողովրդի համար օրակարգային դարձաւ խաղաղութեան թեման։ Ինքը բերեց այդ պարտութիւնը եւ այդ պարտութիւնից առաջացրած խաղաղութեան օրակարգի դրօշը վերցրեց։ Ինքը ձախողել է եւ սոցիալական արդարութիւնը, եւ կոռուպցիայի դէմ պայքարը, եւ ժողովրդավարութիւնը։ Ես համարում եմ, որ ինքը դաւաճանել է բոլոր այն գաղափարներին, ինչի ազդեցութեան տակ 2018 թւականին եղաւ իշխանափոխութիւն։

Ինքը բերեց պարտութիւն եւ ինքը այդ պարտութիւնը սարքեց իրեն հետագայ իշխանութեան մնալու դրօշակը:

 

Խաղաղութեան պայմանագրի նախաստորագրելը հերթական գլուխ հարդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկայ

Կարո՞ղ էք բացատրել, թէ ինչ է նշանակում նախաստորագրութիւն. ես 10 տարի նախագահ եմ եղել, ստորագրել եմ բազմաթիւ պայմանագրեր, երբեք չի եղել նախաստորագրելու տարբերակը։

Եթէ տարաձայնութիւնները շատ են, չկայ ստորագրելու պայմանագիր։ Եթէ խօսում են նախաստորագրման մասին, ապա ենթադրաբար մինչեւ ընտրութիւնները մի թուղթ են տալու, որը որեւէ իրաւական հետեւանք չի կարող ունենալ եւ որեւէ պարտաւորութիւն չի նշանակում։ Նախաստորագրելը հերթական գլուխ հարդուկելու տերմինոլոգիա է, որի տակ ոչինչ չկայ։ Իրեն յարգող մարդը չի կարող այդ տերմինաբանութիւնը լուրջ ընդունել:

 

Մի երկիր կայ, որ կարող է զսպել Ադրբեջանին եւ Թուրքիային, դա Ռուսաստանն է. մեզ հզօր երաշխաւոր է պէտք

Ադրբեջանի կողմից Ղարաբաղը ձեռք բերելուց յետոյ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում զգուշաւորութեան մոտիւները շեշտակի նւազել են եւ իրենք հիմա ուղղակի ցոյց են տալիս, որ Ռուսաստանի ազդեցութեան լծակները Ադրբեջանի վրայ շեշտակի նւազել են։

Սա ուղիղ հետեւանք է Ղարաբաղի հարցում այն իրադարձութիւնների, որոնք այսօր հողի վրայ կան։ Ադրբեջանը աւելի համարձակ է դարձել, Ադրբեջանը ինչ-որ չափով փոխարինում է Ռուսաստանին նաւթով, Եւրոպան գազով մատակարարելու գործում։ Սա իրենք փորձում են կապիտալիզացնել նաեւ աւելի համարձակ կեցւածքով։ Սա սպասելի բան էր:

Եկէք փորձենք հասկանալ այս տարածաշրջանում ո՞ր երկրներն են սպառնալիք Հայաստանի Հանրապետութեան համար։ Ո՞ր երկրներն են, որ աչք ունեն մեր տարածքների նկատմամբ: Ուղիղ սպառնալիք են Թուրքիան, Ադրբեջանը։ Ադրբեջանը ամենից բարձր մակարդակով յայտարարում է, որ Սեւանը իրենցն է, Երեւանը Էրիւան է, ադրբեջանական քաղաք է, Զանգեզուրը ադրբեջանական է։ Յաջորդ քայլով պէտք է հասկանանք, իսկ ո՞ր երկիրն է, որ ընդունակ է, այդ կարողութիւնը ունի եւ այդ շահերը ունի տարածաշրջանում, որը կարող է զսպել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Ո՞նց պտտւէք, այդպիսի մի երկիր կայ՝ Ռուսաստանը։ Հաստատ Ֆրանսիան չի, Ֆրանսիան այստեղ կենսական շահեր չունի, Ֆրանսիայի բանակը 200 հազար մարդ է, որից մարտական պատրաստւածութիւն հողի վրայ ունի ընդամէնը 50000 մարդ, այդքանն էլ չկայ այսօր։ Ադրբեջանին եւ Թուրքիային զսպելու միակ հնարաւորութիւնը Ռուսաստանն է եւ շահերն են Ռուսաստանի այստեղ։ Հիմա հմուտ ղեկավարը նման դէպքում փորձում է այնպիսի յարաբերութիւններ կառուցել այն երկրի հետ, որի հնարաւորութիւնները զսպելու սպառնալիքները կաշխատեն Հայաստանի Հանրապետութեան համար։

Հիմա ի՞նչ է արել Հայաստանի ղեկավարութիւնը, թշնամանում է Ռուսաստանի հետ եւ փորձում է բարեկամանալ այն երկրների հետ, որոնք ուղիղ սպառնալիք են Հայաստանի համար։ Հիմա սա ողջամտութեան հետ որեւէ առնչութիւն ունի՞, թէ՞ չունի։ Այսպէս միջազգային յարաբերութիւնները չեն աշխատում։

Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ զսպելու հնարաւորութիւնը Ռուսաստանն է։ Եթէ մէկը ասի՝ Միացեալ Նահանգներն է, թող լինեն Միացեալ Նահանգները, բայց ԱՄՆ-ն այդ հնարաւորութիւնը տարածաշրջանում չունի եւ ցանկութիւնը չունի։

Խաղաղութեան պայմանագիրը ոչ թէ թուղթ է լինելու զրոյական արժէքով, այլ խաղաղութեան պայմանագիր, թէ դու ունենաս նաեւ մի հսկայ հզօր երկիր, որը կերաշխաւորի պայմանաւորւածութիւնների կատարումը։ Միջազգային յարաբերութիւնները այսպէս են աշխատում։

Հիմա դու քո պլիւսները չէզոքացնում ես, աղբանոց ես գցում եւ գնում ես փնտրում ինչ-որ մի տեղ ինչ-որ դրական բաներ, որտեղ չկան։ Հարաւային Կովկասի նկատմամբ առնւազն 250 տարի մրցակցութիւն է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Այդ մրցակցութիւնը մի քանի անգամ վերացւել է պատերազմի, յետոյ խաղաղութեան, բայց եղել է այդպէս եւ բան չի փոխւել եւ չի փոխւելու։ Հիմա իմ ասածը հետեւեալն է. այս խաղաղութեան պայմանագիրը շատ աւելի մեծ յաջողութեամբ ու երաշխիքներով կը լինի այն ժամանակ, եթէ դու ունենաս քո թիկունքում զսպող հնարաւորութիւններ:

Եթէ մինչեւ այսօր Հայաստանի ղեկավարութիւնը դա չի հասկանում, ուղղակի աշխարհաքաղաքական տգիտութեան նշան է, իրենք ընդունել են, որ իրենք ուղղակի ինքնահռչակ տգէտներ են:

 

Եկեղեցու վրայ յարձակման թեմային փորձէք նայել Էրդողանի կամ Ալիեւի աչքերով․ անմիջապէս հասկանալի կը դառնայ, թէ ինչ է կատարւում

Եկեղեցու վրայ յարձակման թեմային փորձէք նայել Էրդողանի կամ Ալիեւի աչքերով, անմիջապէս հասկանալի կը դառնայ, թէ ինչ է կատարւում:

Եթէ Հայաստանի ղեկավարը լինէր Թուրքիայի գործակալ, կանէր նոյն քայլերը, ինչ անում է ՀՀ այսօրւայ իշխանութիւնը։ Փաշինեանն ասում է՝ ես հաւատացեալ եմ, տպաւորութիւն է ուզում ստեղծի, թէ ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է։ Նոյն այս մոդելով այս իշխանութիւնը քանդեց բանակը՝ հրամանատարների նկատմամբ ստեղծելով անվստահութիւն, որը բերեց մարտունակութեան անկման, բանակի քայքայման։ Հիմա ինքը ստեղծում է անվստահութիւն սրբազանների եւ Վեհափառի նկատմամբ՝ դրանով արդէն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Սա ուղիղ արշաւ է եկեղեցու, ոչ թէ սրբազանների դէմ, որը չեմ կարծում, որ կը յաջողի։ Ես համոզւած եմ, որ եկեղեցին ե՛ւ ժողովրդի աջակցութիւնը կը ստանայ, ե՛ւ քաղաքական ուժերի, այդ թւում՝ իրար չսատարող ուժերի:

 

Փաշինեանը չի յարձակւի վեհարանի վրայ. իրեն պէտք է եկեղեցուն վարկաբեկելու երկարատեւ պրոցես

Եկեղեցին ի՞նչ գործիքակազմ ունի պայքարելու համար, ունի, թէ՞ չունի։ Եկեղեցին բանակ չունի, ոստիկանութիւն չունի, պարզ է, որ պետութիւնը կարող է ինչ-որ չափով ճնշել։ Ի՞նչ կարող է անել եկեղեցին, առաջին հերթին եկեղեցուց օտարել այն մարդկանց, որոնք այդ արշաւը եկեղեցու դէմ սկսել են։

Յայտարարել, որ այդ մարդիկ չեն պատկանում Հայ Առաքելական Եկեղեցուն։ Վերջերս Ռուսաստանում մի քահանայ մի հետաքրքիր բան արեց, մերժեց ՔՊ–ականին կնքահայր կանգնելու դէպքում կնքել։ Եկեղեցու գործիքներից մէկը սա է, պէտք է այդ գործիքը կիրառի։ Ես համոզւած եմ, որ ե՛ւ ժողովրդի աջակցութիւնը կը ստանայ, ե՛ւ քաղաքական ուժերի, բայց եկեղեցին այս կոնֆլիկտից խուսափելու տարբերակ չունի։ Չի նշանակում որ վաղը Նիկոլ Փաշինեանը գնալու է՝ յարձակւի վեհարանի վրայ։ Իմ տպաւորութիւնը այնպիսին է, որ իրեն պէտք է երկարատեւ եկեղեցուն վարկաբեկելու պրոցես։ Նպատակը սա է։ Շատ հաւանական է, որ անոնսւած հանրահաւաքը տեղի չի ունենալու Էջմիածնի հրապարակում:

 

Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մէջ է, սա փաստ է

Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ի վարկանիշը խորը անկման թրենդի մէջ է, սա փաստ է եւ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցոյց են տալիս դա:

Ինքը փորձում է միշտ նոր ինչ-որ տարբերակներ գտնել, ժողովրդի հետ կապը վերահաստատելու համար՝ հեծանիւներ, հայհոյախառն ֆէյսբուքեան գրառումներ, ընտանեկան պոդքասթներ, «կրթութիւնը նորաձեւ է» ինչ-որ հանդիպումներ եւ այլն։ Սրանք բոլորը փորձեր են, նոր դիրքաւորւելու եւ ինչ-որ մի անկեան տակ փորձել վերանորոգել այն կորուստները, որը ինքը ունեցել է։ Բայց կորուստները ֆունդամենտալ են եւ կապւած են հէնց այն հանգամանքի հետ, որ յեղափոխութեան հիմնական կարգախօսները ձախողւած են։

Օրինակ, երբ նախագահ էի ես 98 թւականին աղքատութիւնը եղել է 56%։ 2008 թւականի սկզբին աղքատութեան տոկոսը եղել է մօտ 25 տոկոս, աւելի քան երկու անգամ նւազել է, իսկ ծայրայեղ աղքատութիւնը նւազել է 21%-ից մինչեւ 4%։ Հիմա մօտաւորապէս 24% աղքատութեան ցուցանիշ կայ, իսկ դա ամենից ամփոփիչ ցուցանիշն է սոցիալական արդարութեանը։ Ըստ էութեան, այս հարցում որեւէ առաջխաղացում Նիկոլ Փաշինեանը չի կարող արձանագրել։ Բեւեռացումն է խորացել, աղքատը աւելի աղքատ է դարձել։

Երկրորդ հանգամանքը կոռուպցիայի դէմ պայքարն է, իրենք կոռուպցիայի դէմ պայքարը շուռ են տւել կոռուպցիան գլխաւորելու նպատակին եւ յաջողութեան փայլուն ձեւով անում են։ Իրականում եթէ անցեալում կոռուպցիա էր, այն, ինչ կատարւում է այսօր, թալան է։ Օրինակ, ԱՆԻՖ-ի տարբերակը կամ 65 միլիոն դոլարի անհետացումը կամ համահայկական հիմնադրամից 100 միլիոն դոլար ուղղակի անհետացումը, այ սա թալան է, սա նոյնիսկ կոռուպցիա չի, սա կոռուպցիոն գլուխգործոց է։

Հիմա ինքը փորձում է նոր մոդուսներ գտնել իր յարաբերութիւնները վերանորոգելու համար ժողովրդի հետ, ու տարբեր ինչ-որ բաներ մտածելով կրէատիւ ինչ-որ բաներ է գտնում։ Մեղաւորներ պէտք է փնտրի, ինքը փայլուն է այդ առումով:

 

Այն ինչ կատարւեց Սամուէլ Կարապետեանի հետ, ֆանտաստիկ ապերախտութիւն է բարեգործի, գործարարի նկատմամբ

Այն, ինչ կատարւեց Սամուէլ Կարապետեանի հետ, ուղղակի ֆանտաստիկ ապերախտութիւն է բարեգործի, գործարարի նկատմամբ։

Եւ ընդհանրապէս սա հարւած է բարեգործութեանը որպէս հանրային ինստիտուտի նկատմամբ։ Մէկ վայրկեան այսպէս մտածեցի, որ լաւ, եթէ Քրքորեանը, 2007 թւականին դժգոհ լինելով իմ ինչ-որ քայլերից, ինչ-որ մի բան ասէր իմ դէմ: Ի՞նչ պիտի անէի, պիտի կալանաւորէի՞, եթէ գար Հայաստան։ Սա յիմարութեան ծայրայեղ աստիճանն է: Սամուէլ Կարապետեանը այն մարդն է, որը բարեգործութեան ծաւալներով  երեւի միայն Քրք Քրքորեանի հետ կարելի է համեմատել: Մի տարբերութեամբ, որ Քրքորեանը բիզնեսով չի մտել Հայաստան, իսկ Սամուէլ Կարապետեանը հսկայական ներդրումներ է արել եւ ստեղծել է հազարաւոր աշխատատեղեր։ Մարդիկ իրենց ընտանիքները պահում են հէնց Սամուէլ Կարապետեանի ներդրումների շնորհիւ, եւ այն պարագայում, երբ օտարերկրեայ ներդրումները կտրուկ նւազել են Հայաստանում, նման յարձակում ունենալ խոշոր ներդրողի նկատմամբ, ուղղակի յիմարութիւն է։ Աւելի մեծ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետութեանը, նոյնիսկ դժւար է պատկերացնել:

 

Այսօր քաղաքական դաշտում կայ 2 մեծ միաւոր՝ «Հայաստան» դաշինքը եւ Սամուէլ Կարապետեանի կողմից ստեղծւող ուժը

Այդ ծաւալի բիզնես զրոյից կառուցելը նշանակում է, որ մարդը այդ շնորհքը ունի՝ կառավարման հոտառութիւն, ճիշտ մարդկանց հետ յարաբերութիւններ ստեղծելը։

Քաղաքական գործունէութեան փորձ նա չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի։ Հիմա ես ենթադրում եմ, որ կը ստեղծեն քաղաքական թիմ, կը լրացնեն այն մարդկանցով, որոնք այս տեսանկիւնից որոշակի փորձ ունեն եւ միգուցէ ոնց որ իրենք են յայտարարում, որոշակի տեխնոկրատների թիմ կը ձեւաւորեն, ինչը նորութիւն կը լինի մեր քաղաքական դաշտում։

Եթէ նկատել էք, վերջին ամիսներին շատ էր խօսւում տարբեր փոքր կուսակցութիւնների միաւորման մասին, ընկալումն այսպիսին էր, որ կայ մէկ մեծ միաւոր՝ «Հայաստան» դաշինքն է։ Հարցումներով ակնյայտ է, որ ընտրողների մօտ 50%–ը կամ հիասթափւած է, կամ նոր դէմքի կարիք ունի տեսնելու քաղաքական դաշտում, կամ այդ հին ու նորի թեմաների մէջ մի քիչ խճճւել են, եւ քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից թիրախաւորւում էր այդ 50 տոկոսը։ Հիմա նաեւ որոշ անուններ էին շրջանառւում այդ փոքր միաւորների, որոնք կարող են տեղաւորւել հէնց այդ բաւական մեծ ընտրական զանգւածի մօտ։

Սամուէլ Կարապետեանը, մտնելով քաղաքականութեան մէջ, ըստ էութեան, այդ պահանջարկը փակում է զգալի մասով. նոր դէմք, կեանքում յաջողութեան հասած, մեծ ճանաչելիութիւն ունեցող, բարի համբաւ, դրական ընկալում։ Սրանք բազային շատ լաւ տւեալներ են այս նոր քաղաքական ուժ ձեւաւորելու համար։ Մնացածը արդէն կախւած է նրանից, թէ ինչպէս կաշխատեն:

Ըստ էութեան, այսօր արդէն քաղաքական դաշտում կայ երկու մեծ միաւոր, մէկը «Հայաստան» դաշինքն է, մէկը Սամուէլ Կարապետեանի ստեղծւող քաղաքական ուժն է, որի ծաւալները այսօր դժւար է կանխատեսել։ Պոտենցիալը մեծ է, կախւած է, թէ ինչ ձեւով իրենք կոնկրետ աշխատանքները կը կազմակերպեն: Սա ֆունդամենտալ փոփոխութիւն է քաղաքական դաշտում, որովհետեւ այն զանգւածը, որի վրայ տարբեր փոքր քաղաքական ուժեր փորձում էին միաւորւել եւ տեղաւորւել, այդ քաղաքական միաւորների համար դաշտը շեշտակի նեղացել է:

Related Articles

Back to top button