«Խաղալով» ընկերութիւնը գնորդներից Արցախի պատկերով փազլները յետ է ուզել՝ նշելով, որ նորն են թողարկելու առանց Արցախի

«ԱԼԻՔ» – Մանկական զարգացման կենտրոնի տնօրէն Անուշ Աթաջանեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Խաղալով» ընկերութիւնը գնորդներից Արցախի պատկերով փազլները յետ է ուզել՝ նշելով, որ նորն են թողարկելու առանց Արցախի:
«Լաւ, որ ղեկավարութիւնը թուրք են՝ դա արդէն հասկացան գրեթէ բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողները ի՞նչ են…
Այսօր (փետրւարի 14-ԽՄԲ.) զանգահարում են ինձ XAXALOVE (Խաղալով)-ից, թէ բա` յիշում է՞ք, դուք դեկտեմբերին մեզանից մեծ քանակի խաղալիքների պատւէր էք արել, որոնց մէջ Հայաստանի փազլ քարտէզներ կար՝ Արցախով։ Կարո՞ղ է դեռ ձեզ մօտ են էդ քարտէզները, յետ ենք հաւաքում, որպէսզի նոր պարտիա թողարկենք։
հարցնում եմ.
– Այսինքն, առանց Արցախի՞:
– Դէ մեզ այդպէս են հրահանգել։
Ջղայնացա, ասացի.
– Դուք գիտէք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բան էք ինձ ասու՞մ։ Յաջորդ քարտէզը կը պահանջեն առանց Սիւնիքի կամ Երեւանի թողարկել, անելու՞ էք։ Խիզախութիւն չունէ՞ք հրաժարւել։ Դուք, որ ձերից այդքան հեշտ հրաժարւում էք, բա էլ թուրքին ի՞նչի էք մեղադրում։
Ջղայնացած անջատեցի հեռախօսը։
Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թոյլատրում… նման բաներ…
Ասացի.
– Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մօտից պատւէր չեմ անի։
P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտէզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մօտ 30 քարտէզ գնել էի, ու ամանորեայ նւէր տւել երեխաներիս։
Հիմա, հերիք չէ էլ Արցախով չեն թողարկելու, մի հատ երկու ամիս առաջ վաճառածը ուզում են յետ հաւաքեն: Թէ բա` չեն թոյլատրում…
Յ.Գ. Յիշեցնեմ, տւեալ կազմակերպութիւնը արտադրում է զարգացնող եւ ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։
Այսինքն թուրքը չէ, հայկական արտադրողը մեր իսկ ազգային արժէքներից հրաժարւում է։
Հիմա ես չեմ, դուք էք… ի՞նչ ասես նման կազմակերպութեանը, նման հակահայկական մօտեցմանը։
Յետոյ էլ կասեն ՝ «դուք մեզ չէք սիրում»…»,- գրել է նա: