Արամ Մանուկեան. «Փաշինեանը հասարակութեանը շեղում է Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող մարտահրաւէրներից»
«ԱԼԻՔ» – «Վերջին հրաժարականները Հայաստանի առջեւ ծառացած լուրջ մարտահրաւէրների հետ կապ չունեն»: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցութեան փոխնախագահ Արամ Մանուկեանը։
«Այդ մարտահրաւէրները սպառնում են Հայաստանի ինքնիշխանութեանը։ Արտաքին քաղաքականութիւնը տանելով դէպի փլուզում՝ Փաշինեանը փորձում է հասարակութեան մէջ այլընտրանքային թեմաներ առաջ քաշել՝ լուրջ խնդիրների վրայ ստւէր գցելով։
Նա հանրութեանը զբաղեցնում է էժանագին պոպուլիստական թեմաներով, եւ հասարակութիւնն կուլ է տալիս նրա այդ հնարքը։ Հրաժարականներն ինքնին չունեն լուրջ քաղաքական հիմք, ոչ ոք նման գործընթացների լուրջ պատճառներ չի նշել»,- նշել է Մանուկեանը։
ՀԱԿ փոխնախագահի գնահատականով՝ Հայաստանն արտաքին քաղաքականութեան մէջ բարեկամներ չունի:
«Դաւաճանական գործընթացի արդիւնքում մեզ ոչ Արեւմուտքն օգնեց, մեր ռազմավարական գործընկերն՝ ի դէմս Ռուսաստանի եւս մեզ չաջակցեց, ինչը յանգեցրեց Ղարաբաղի կորստին»,- յաւելել է Արամ Մանուկեանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանն իրեն դիրքաւորում է որպէս արեւմտամէտ երկիր, բայց Արեւմուտքից ոչինչ չի ստանում, ընդորում Երեւանը իր հակառուսական դիրքորոշման արդիւնքում նոյնպէս ոչինչ չի ստանում։
«Փաշինեանի քաղաքականութիւնը զիջումների գնալն է՝ անկախ դրանց վտանգից, քանի որ դա համարում է իշխանութիւնը պահպանելու միակ ճանապարհը։ Հայաստանի իշխանութիւնները զիջումների են գնում Հայաստանի ինքնիշխանութիւնը խախտող Բաքւի եւ Անկարայի պահանջներին։
Գործիչը, որը միայն զիջում է, ոչ ոք լուրջ չի վերաբերւի։ Հայաստանը խաղացող չէ, թէեւ նախկինում մեր ձեռքում խաղաքարտէր կային՝ Ղարաբաղի, ժողովրդավարութեան, հաւասարակշռւած արտաքին քաղաքականութեան տեսքով»,-եզրափակել է քաղաքական գործիչը։