Կարէն Վրթանէսեան. «Մի քանի շաբաթ է՝ թւացեալ անդորր է լրահոսում, կարծես պաուզայի վրայ դրւած լինի երկիրը»
«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան էջում ահազնգել է Հայաստանի հասարակութեան «արձակուրդային» վիճակի մասին.
«Մի քանի շաբաթ է՝ թւացեալ անդորր է լրահոսում, կարծես պաուզայի վրայ դրւած լինի երկիրը։
Իրականում յոռի երեւոյթները, իրադարձութիւնները թափով շարունակւում են, բայց գրեթէ աննկատ են անցնում Օլիմպիադայով տարւած հանրութեան կողքով։
Մի քանի լուր, որոնց մասին ամենայն հաւանականութեամբ չէք լսել…
Երէկ պարեկները մօտ 10 հոգով ծեծել են արցախցի փաստաբան Ռոման Երիցեանի եղբօրը, այնուհետեւ տարել հետները։ Երկու ժամից աւել չեն թողել, որ փաստաբանները մտնեն մօտը։
Խօսակցութիւններ կան, որ Սիսիանում սկսւել է հայկական դիրքերից զօրքի դուրսբերումը։ Ասում են՝ ՊՆ-ից հերքել են, բայց դէ անպաշտպանութեան նախարարութեան հերքումների գինն ինձնից լաւ գիտէք…
Տաւուշի մարզի Բերքաբեր գիւղի մօտ նախկինում ադրբեջանցիների զբաղեցրած 3 դիրքում պէտք է ՀՀ սահմանապահներ տեղակայւէին, ադրբեջանցիները մի պահ նահանջել են, յետոյ վերադարձել ու, ըստ լրագրող Դաւիթ Գալստեանի տեղեկութիւնների, «հայ սահմանապահներին հանել դիրքերից»։ Յետոյ այնուամենայնիւ էլի հեռացել են, բայց միայն մէկ դիրքից։ Յիշեցնեմ, որ սահմանապահ զօրքերը վաղուց հրամանատար չունեն, տարուց աւելի է՝ չի նշանակւում… (ԹԱՐՄԱՑՈՒՄ. պարզւեց յուլիսի 29-ին վերջապէս նշանակւել է): Այնպէս չէ, որ Նիկոլի նշանակած հրամանատար ունեցած ժամանակ իրենցից եսիմ ինչ էին ներկայացնում, բայց հիմա է՛լ աւելի քաոսային է վիճակն այդ դուքեանում։
Գիւմրեցի իրաւապաշտպան Կարապետ Պօղոսեանի վրայ «օնլայն խուլիգանութեան» գործ են կարում։ Կարապետն ամսից աւել է՝ տնային կալանքի տակ է։
«Հանրային հեռարձակողի խորհուրդ» կոչւած դուքեանը հպարտ-հպարտ փաստաթուղթ է հրապարակել, որով ըստ էութեան խոստովանում է, որ 2021 թւականի սեպտեմբեր–դեկտեմբեր շրջանում գրաքննել է Հանրային ռադիոն, ստիպել է, որ սահմանամերձ հողերի ադրբեջանական օկուպացիան չլուսաբանեն, նոյնիսկ պահանջել է աշխատանքից հեռացնել այն լրագրողներին, որոնք այդ մասին շատ են խօսում։ Հրապարակել են. «Հա, եանմ ի՞նչ վատ բան ենք արել որ» ոճով։
Պարզւում է, որ դեռ 1 ամիս առաջ մասնաւոր բիզնեսներին ՆԳՆ-ի համար տեսախցիկներ տեղադրելու պարտադրանքով օրէնքն ԱԺ-ում արդէն առաջին ընթերցումն անցել է։ Առանց աղմուկ սղցրել են։ Բարի գալուստ Օրուէլի «1984»…
Առանձին վերցրած այս թեմաներից ամէն մէկը մինչեւ 2018-ի յեղաշրջումը օրերի ու շաբաթների թէժ քննարկումների եւ սուր քննադատութեան առարկայ կը լինէր, բայց հիմա դրանց մեծ մասն ուղղակի չի նկատւում»,- գրել է նա: