Հայկական «Ռուհնաման»
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
2001 թւականին լոյս է տեսել «Ռուհնամա» գիրքը (թարգմանաբար` «Հոգու գիրքը»), որի հեղինակն է համարւում Թուրքմենստանի այն ժամանակւայ նախագահ Սափարմուրադ Նիեազովը: «Թուրքմենբաշին» այն կոչում էր «թուրքմենների բարոյական սահմանադրութիւն»: Գիրքը պարտադիր էր դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում ուսումնասիրելու համար: Երկրի բոլոր հաստատութիւններում պաշտօնների յաւակնորդները պարտաւոր էին «Ռուհնամա»-ից քննութիւն յանձնել: Դա ոչ այնքան սահմանադրութիւն էր, որքան իւրայատուկ Աստւածաշունչ կամ Ղուրան: (Յայտնի է, ի դէպ, որ Թուրքմենբաշին վերապահ վերաբերմունք ունէր աւանդական կրօնի հանդէպ՝ նաեւ այն պատճառով, որ յաւակնում էր սեփական կրօնական ուսմունքը ստեղծել):
Հայաստանը, բնականաբար, Թուրքմենստան չէ, չի եղել եւ չի լինելու: Բայց յաւակնութիւնների, սեփական անձն աստւածացնելու առումով զուգահեռները, կարծում եմ, տեղին են:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր վերջին ոտանաւորը բարձրացրել է գրեթէ պետական խորհրդանիշի մակարդակի՝ ներմուծելով այն Անկախութեան հռչակագրի տարեդարձի կապակցութեամբ պաշտօնական ուղերձի մէջ:
Սեփական «էգօ»-ն, անձնական ամբիցիաներն այս հարցում գուրգուրելը ոչ այլ ինչ է, քան պետութեան (այո, բառերի մակարդակով փառաբանւող պետութեան) հանդէպ անյարգալից վերաբերմունք: Վարչապետի ուղերձը սեփական «բանաստեղծական տաղանդը» եւ պետականութեան սուբիեկտիւ ընկալումները դրսեւորելու տեղը չէ:
…Իհարկէ, ամէն ինչ անցողիկ է: Թուրքմենբաշու մահւանից յետոյ նրա «գլուխգործոցը» կամաց-կամաց դուրս եկաւ պետական շրջանառութիւնից: Բնականաբար, կը մոռացւի նաեւ Փաշինեանի ոտանաւորը: Բայց մինչ այդ բացառւած չէ, որ մենք ժամանակաւորապէս կունենանք «հպարտ քաղաքացու» պատկերացրած ՀՀ պետական զինանշանը: Օրինակ, խաշլամայի ամանը՝ դրւած հեծանիւի վրայ: