ՄիջազգայինՔաղաքական

Զախարովա. «Հարաւային Կովկասում հաղորդակցութիւնների ապաշրջափակումը հնարաւոր է միայն ՌԴ մասնակցութեամբ»

«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հարաւային Կովկասում տրանսպորտային հաղորդակցութիւնների բացման հարցը։

Նա, մասնաւորապէս, պատասխանել է ռուս լրագրողի հետեւեալ հարցին. «Հայաստանի փոխվարչապետ Գրիգորեանն ասել է, որ Մոսկւայի, Բաքւի եւ Երեւանի տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման եռակողմ յանձնաժողովը ընդհատել է իր հանդիպումները, քանի որ որոշ հարցերի շուրջ կոնսենսուս չկայ։

Այնտեղ հիմնական խնդիրը մնում է Հայաստանի Սիւնիքի մարզով Ադրբեջանի հիմնական հատւածի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի ստեղծումը։

Ասացէք, խնդրում եմ, Մոսկւան դեռ չի՞ կորցրել այս տարածաշրջանում հաղորդակցութիւնների բացմանը հասնելու յոյսը»։

«Դէ, կարծում եմ, այստեղ խօսքը ոչ թէ յոյսի կամ դրա բացակայութեան մասին է, այլ փոխադարձ ընդունելի արդիւնքների գտնելու կամ փոխընդունելի արդիւնքի հասնելու, փոխընդունելի լուծում գտնելու, որը կը գոհացնի թէ Բաքւին, թէ Երեւանին։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահութեամբ, այս ամբողջ ընթացքում մենք ակտիւօրէն աշխատել ենք այս ուղղութեամբ։ Ըստ էութեան, մենք այսուհետ նոյնպէս պատրաստ ենք մեր գործընկերներին համակողմանի օգնութիւն ցուցաբերել։ Ինչպէս արդէն ասացինք, տրանսպորտային հաղորդակցութիւնների ապաշրջափակումից կը շահի ողջ տարածաշրջանը։ Ուշադրութիւն ենք հրաւիրում նաեւ Ռուսաստանի Դաշնութեան փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսէյ Օվերչուկի վերջին մեկնաբանութեանը այս հարցի վերաբերեալ։ Նա ընդգծել է, որ ահա ուղիղ մէջբերում. «Հարաւային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարաւոր է միայն Ռուսաստանի մասնակցութեամբ»։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք այս ուղղութեամբ»,- ասել է Զախարովան։

Related Articles

Back to top button