Ադրբեջանի իրական նպատակը ոչ թէ խաղաղութիւնն է, այլ Հայաստանի նւաճումն ու օկուպացիան

«ԱԼԻՔ» – Հայաստանի «քաղհասարակութեան» որոշ ներկայացուցիչներ, որոնք նախորդ շաբաթ մեկնել էին Բաքու, որեւէ տեսակցութիւն չեն ունեցել Բաքւում պահւող հայ գերիների ու պատանդների հետ։
«Ադրբեջանական կողմի հետ ուղիղ խօսելը նոր վիճակ էր մեզ համար, յատկապէս պարոն Հաջիեւի առջեւ նստած: Մենք փորձեցինք մեր խօսքը ձեւակերպել դիւանագիտօրէն եւ հիմնաւորել նրբանկատօրէն, որպէսզի կողմերի միջեւ առաջանայ վստահութիւն։ Ցաւով պէտք է ասեմ, որ յստակ ու կոնկրետ պատասխան չենք ստացել թւի ու մարդկանց անունների հետ կապւած, բայց այստեղ Հայաստանի իշխանութիւններն են մեզ հաւաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիեւն էլ իր հերթին հաւաստիացրեց, որ շատ ակտիւ բանակցային գործընթացն ընթանում է»,- նոյեմբերի 24-ին հրաւիրւած ասուլիսի ժամանակ նշեց իրաւապաշտպան Նայիրա Սուլթանեանը՝ կիսւելով Բաքու կատարած իրենց այցից ստացած տպաւորութիւնների մասին։
Ի դէպ, արդէն մէկ շաբաթից աւելի է՝ Բաքւի բանտում գտնւող եւ 20 տարւայ ազատազրկման դատապարտւած Վիգէն Էուլջեքջեանը գտնւում է ծանր վիճակում, ունի առողջական խնդիրներ եւ, ըստ նրա ընտանիքի՝ չի կարողանում այլեւս քայլել։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանի խօսքով՝ եթէ Ադրբեջանն իր նպատակների մէջ անկեղծ լինէր, ապա կը կազմակերպէր, որպէսզի Բաքու մեկնած հայերը հանդիպէին այնտեղ պահւող հայ պատանդների ու գերիների հետ։
«Ադրբեջանի հետ խաղաղութեան մասին խօսելը կամ էլ նրանց հետ յարաբերութիւններ հաստատելու փորձերն իլիւզիա են։ Ադրբեջանին պէտք է լաւ ճանաչես, որպէսզի ամբողջ իրականութիւնը տեսնես։
Փորձէք հետեւել ադրբեջանական լրատւութեանը, յստակ պարզ կը դառնան ադրբեջանական ծրագրերը՝ կապւած Հայաստանի ու հայ ազգի հետ։ Պատահական չէ, որ Ադրբեջանը հայկական բոլոր տեղանուններն ադրբեջանական անուններով է կոչում, սա եւս ցոյց է տալիս նրանց հեռահար նպատակները։
Այսօր էլ տեսայ, որ Ադրբեջանում արդէն խօսում են այն մասին, որ պէտք է յանձնաժողովներ ստեղծեն, որպէսզի պայքարեն «ադրբեջանական տեղանունները հայկական դարձնելու դէմ», ասում են՝ ինչ-որ գրքեր պէտք է հրապարակեն, եւ այլն։ Ադրբեջանն ամէն ինչ երեսնիվար շրջւած է ներկայացնում աշխարհին»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Վահրամ Բալայեանը։
Ըստ Վահրամ Բալայեանի, խաղաղութիւնը լաւ բան է, պէտք է իսկապէս ձգտել խաղաղութեան, սակայն, ինչպէս ասում են՝ «միակողմանի ամուսնութիւն չի լինում»։ Այսինքն՝ երբ Ադրբեջանը խօսում է Հայաստանը գրաւելու մասին, խաղաղութիւն չի կարող լինել։
«Ադրբեջանի նպատակը սկզբում այն էր, որ զաւթեր Արցախի Հանրապետութեան տարածքը, հիմա օկուպացրել է ամբողջովին, մի բան էլ Հայաստանի տարածքից է «խուզել», այս ամէնից յետոյ հարց է առաջանում՝ Ադրբեջանը հիմա ի՞նչ է ուզում։ Եթէ ցանկանում է խաղաղութիւն, պէտք է նախ գերիներին ու պատանդներին վերադարձնի։ Բայց մեր հայրենակիցներին պահել է, որ ցոյց տայ, թէ Հայաստանն ու հայ ազգն ագրեսոր են։ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թէ խաղաղութիւնն է, այլ Հայաստանի նւաճումն ու օկուպացիան»,- ընդգծեց Վահրամ Բալայեանը։
Յիշեցնենք, որ Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետութեան նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին, պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանին, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին։ Նրանք բոլորն էլ ադրբեջանական գերութեան մէջ են յայտնւել 2023 թւականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը յարձակւեց Արցախի վրայ, արցախահայերին ենթարկեց բռնի տեղահանութեան, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն էլ գերեվարեց։
Նշենք նաեւ, որ վերջերս Բաքւի ռազմական դատարանում մեղադրող դատախազը դատարանից պահանջել էր ցմահ ազատազարկման դատապարտել Արցախի նախկին 3 նախագահներին, իսկ միւս անձանց՝ 16-19 տարւայ ազատազրկման։



