Հայաստան - Արցախ

Մհեր Յակոբեան. «Ադրբեջանը Արաքսից արեւելք տարածքները յայտարարում է աղւանական ու ադրբեջանական»

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Յակոբեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.

«Արդէն երկրորդ օրն է, որ համացանցի հայկական օգտատէրերը ԶԱՅՐԱՆՈՒՄ եւ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ այն բանի կապակցութեամբ, թէ ինչպէս են ադրբեջանցիները ինչ-որ կեղծ միջնորդ ֆիրմայի միջոցով ֆիլմ նկարահանել այսպէս կոչւած «Ուրարտու»-ի մասին, դրոնների միջոցով Երեւանում արել են օդային նկարահանումներ, հարցազրոյցներ են վերցրել մեր մասնագէտներից եւ վերջում էլ, բնականաբար, ամէն ինչ ներկայացրել են իրենց ձեռնտու, ԿԵՂԾՒԱԾ, իրենց համար սովորական ՊԱՏՄԱԿԵՂԾԱՐԱՐԱԿԱՆ ոճի մէջ:

Չեմ զարմանում, իրօք:

Ինձ ճանաչողները գիտեն, թէ սեփական համեստ հնարաւորութիւններիս սահմաններում ինչ լարւած գործունէութիւն եմ ծաւալում հայ ժողովրդի պատմութիւնն ԸՍՏ ԱՐԺԱՆԱՒՈՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, բայց ինձ ճանաչողները նաեւ լաւ գիտեն, որ ամէն յարմար առիթով ասում եմ – ՍԱ ՊԷՏՔ Է ՊԵՏՈՒԹԻՒՆՆ ԱՆԻ: Մեր պետութիւնը, սակայն, այդ ոլորտում նոյնիսկ այն նւազագոյնը չի անում, ինչն արւում էր նախորդ երեք նախագահների օրօք: Ներկայումս մեր պետական քաղաքականութեան մէջ Հայոց պատմութիւնը ներկայացւած է մակերեսային եւ վուլգար, «ՏՈՒՐԻՍՏԻ ՎՐԱՅ ԲԱՑԻԿ ԾԱԽԵՄ» պարզունակ սկզբունքով, ոչ աւել: Սրան հակառակ՝ մեր թշնամիներն այս ոլորտում աշխատում են ամենալարւած, նպատակամղւած ու համակարգւած ձեւով՝ դրւում են փողեր, արւում են ուսումնասիրութիւններ, կաշառւում են մասնագէտներ, մղւում է ամենալայն մի ագիտացիա եւ ԳՈՐԾԻ ԵՆ ԴՐՒՈՒՄ ՇԱՏ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ:

2053 թւականին Էրդողանի Թուրքիան նպատակ ունի նշել Կոստանդնուպոլսի գրաւման 600-ամեակը, իսկ 2071 թւականին էլ՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամեակը: Իր հերթին Ալիեւի Ադրբեջանն ամենալայն մի գործունէութիւն է ծաւալել, որի վերջնարդիւնքում Արաքսից արեւելք ձգւող տարածքները ՎՍՏԱՀՕՐԷՆ ՅԱՅՏԱՐԱՐՒՈՒՄ ԵՆ ԱՂՒԱՆԱԿԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ոչինչ՝ բառիս բուն իմաստով՝ ՈՉԻՆՉ: Կրթութեան ոլորտի մեր պատասխանատուն ԱՆԹԱՔՈՅՑ ՀԵԳՆԱՆՔՈՎ է մօտենում Հայոց պատմութեանը, գործադիրի ղեկավարն այնքան վատ գիտի Հայոց պատմութիւնը, որ, ըստ նրա, Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, իսկ Էրատօն էլ եղել է Տիգրան Մեծի թոռնուհին, ընդորում հսկայական ազդեցութիւն ունեցող վարչապետի կինն էլ վստահ է, որ նոյն Էրատօն ապրել է. «Ն.Ք. 5-8 րդ դարերում» – մէջբերումը եւ ոճը պահպանւած են:

Մեր Հայոց պատմութիւնը կարծես ՄԻ ՄԵԾ, ԼՈՒՍԱՒՈՐ, ԳԵՂԵՑԻԿ, ՈՒԺԵՂ, ԲԱՅՑ… ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄՆԱՑԱԾ ԾԱՌ Է, որը անվերջ կրծում են Ալիեւի եւ Էրդողանի որդերը: Այո, այն այնքան մեծ է ու գեղեցիկ, որ այդ որդերը չեն կարողանում այն տապալել, բայց… վնաս են տալիս եւ անվերջ թուլացնում են, սակայն ինչո՞ւ Հայոց պատմութիւնը ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԵԱՆ ու ՀՈԳԱՏԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՉՊԷՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱՅ, ինչո՞ւ այն ներկայացնելու ու պաշտպանելու գործը պէտք է մնայ ինձ նման թէկուզ եւ գործին անվերջ նւիրւած, բայց այնուհանդերձ անհատների վրայ, սա է հարցերի հարցը…

Ազգի պատմութիւնը իմաստնութեան ակունք է, բայց այն իր մէջ նաեւ բազում հարցերի պատասխաններ է պարունակում, որոնք օգնում են ՀԱՍԿԱՆԱԼ ՆԵՐԿԱՆ եւ փորձ կատարել ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԱՊԱԳԱՆ»:

Related Articles

Back to top button