«Թրամփի ուղու» լոյսն ու ստւերը
TRIPP-ի մասին կամ լաւը, կամ՝ ոչինչ

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ
Այնինչ այդ երթուղին, որն աւելի շատ միջանցքի տրամաբանութեան մէջ է, որքան էլ իշխանութեան քարոզիչներն այլ կերպ են փորձում մատուցել, կարող է ապահովել՝ ինչպէս հնարաւոր տնտեսական օգուտներ, այնպէս էլ՝ լրջագոյն վնասներ հասցնել Հայաստանի տնտեսութեանը։
Ընդ որում, վնասները կարող են անհամեմատ աւելին լինել, քան ակնկալւող օգուտները։
Տնտեսական օգուտները, որոնք կապւում են առաջին հերթին բեռների տարանցումից ստացւող գումարների հետ, կարող են լինել առաւելագոյնը մի քանի տասնեակ միլիոն դոլարի կարգի։ Առաւել եւս, որ այդ ոլորտից ստացւած եկամուտները բոլորովին էլ միայն Հայաստանինը չեն, բաժանւելու են մի քանի տեղով՝ Միացեալ Նահանգների, Հայաստանի ու երթուղին սպասարկող ընկերութեան միջեւ։ Ընդ որում, ըստ հրապարակում եղած տեղեկատւութեան, կառավարիչ ընկերութեան մասնաբաժինն աւելին է լինելու, քան միւսներինը։
Հայաստանը հաւանաբար նաեւ որոշ օգուտներ կարող է քաղել երթուղին սպասարկող ընկերութեան կողմից վճարւելիք հարկերի տեսքով, բայց դրանք էլ մեծ չեն լինելու։
Ներդրումները, որոնց մասին այդքան խօսում են այս երթուղու գործարկման պարագայում՝ միֆ է։ Ի՞նչը պիտի շահագրգռի ներդրողներին, որ գան Հայաստան ու ներդրումային ծրագրեր իրականացնեն։ Այդ ո՞ր ոլորտներում են մինչեւ հիմա ուզեցել ներդրումներ անել, որ չեն կարողացել, ու հիմա Թրամփի երթուղու բացումը նպաստելու է դրան։ Նման բան չկայ ու հեռանկարում էլ չի երեւում։
Լաւագոյն դէպքում ներդրումները լինելու են բացւող ենթակառուցւածքների՝ ճանապարհի, նաեւ երկաթգծի կառուցման վրայ, բայց դրանք ներդրումներ են, որոնց տնտեսական էֆեկտը Հայաստանի համար խիստ անորոշ է։ Բեռնափոխադրումները գուցէ որոշ չափով շահաւէտ լինեն՝ երկաթուղուց օգտւելու պարագայում, բայց դա էլ այս պահին բազմաթիւ հարցեր է պարունակում։ Ընդհուպ այն, թէ որքանով իրականանալի կը լինի։
«Թրամփի ուղու» օգուտների մասին հեքիաթներ պատմելուց առաջ պէտք է յիշել, որ այստեղ բազմաթիւ երկրների շահեր են բախւում, ու բացի այն, որ դեռ պարզ չէ, թէ այդ երկրներն ինչպէս կարձագանքեն ընդհանրապէս այդ երթուղու գործարկմանը, այլեւ Հայաստանի հետ տնտեսական հետագայ յարաբերութիւնների կառուցմանը։ Խնդիրներն առարկայական են յատկապէս ԵԱՏՄ շրջանակներում, որը, ինչպէս նախկինում, այնպէս էլ՝ այսօր հանդիսանում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։
Այդ երթուղու գործարկմանն առայժմ շատ զգուշաւոր է արձագանքում Ռուսաստանը, որն ունի պատմական հետաքրքրութիւններ մեր տարածաշրջանում ու հազիւ թէ կարելի է կարծել, որ այդպէս հեշտ ու հանգիստ զիջելու է իր տեղը։ Ի վերջոյ՝ գործ ունենք Հայաստանի ռազմավարական մօտեցումների շրջադարձի հետ, ինչն իր հետ կարող է բերել կտրուկ շրջադարձերի նաեւ այլ երկրների, այդ թւում՝ Ռուսաստանի մօտ։ Իսկ թէ դրա արդիւնքում ինչ կարող է լինել, եթէ յանկարծ Հայաստանը յայտնւի ԵԱՏՄ-ի, առաւել եւս՝ Ռուսաստանի տնտեսական գօտուց դուրս, պատկերացնելն անգամ սարսափելի է։
Այդ պարագայում՝ անկախ նրանից, Հայաստանն ուզո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թէ՞ չի ուզում, ոչ մէկի պէտքը չի լինելու։ Իսկ դա միայն բաւական է, որպէսզի եղած չնչին տնտեսական կարողութիւններն էլ փլւեն։
Այսօր Հայաստանի տնտեսութիւնը հազարաւոր թելերով կապւած է Ռուսաստանի տնտեսութեան հետ։ Ռուսական շուկայի մատակարարումների հաշւին է գոյատեւում տնտեսութեան հիմնական մասը ու յատկապէս արտահանելի հատւածը։ Հայկական ապրանքների, առաւելապէս վերամշակւող ապրանքների մեծ մասը մատակարարւում են գերազանցապէս ռուսական շուկայ։ Ոչ թէ այն պատճառով, որ ռուսական շուկան լաւ շուկայ է, այլ որովհետեւ այդ ապրանքներն այլ շուկաներում մրցունակ չեն։ Ու եթէ յանկարծ Հայաստանը յայտնւի ռուսական շուկաներից դուրս, բազմաթիւ արտադրողներ, այդ թւում՝ գիւղատնտեսական ապրանքներ արտադրողները կը յայտնւեն անելանելի վիճակում։
Մէկ-երկու ապրանքների մատակարարումների նկատմամբ անգամ մասնակի ու ժամանակաւոր սահմանափակումները տեսնում ենք, թէ ինչ իրարանցում է առաջացնում ներքին տնտեսութեան մէջ։ Պատկերացրէք՝ ինչ կարող է լինել, եթէ տնտեսական ամբողջ շղթան յայտնւի այդպիսի կարգավիճակում։
Դեռ չենք խօսում տարբեր կենսական ու ռազմավարական ապրանքների մատակարարումների մասին։ Ռուսաստանից է ստացւում Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, նաեւ պարէնային ապրանքների գերակշիռ մասը։
Եթէ այնպէս ստացւի, որ Սիւնիքով անցնող «Թրամփի ուղին» հակասի երբեմնի ռազմավարական գործընկերներից մէկի շահերին, ստիպւած կը լինենք հաշւել ոչ թէ այդ երթուղու տնտեսական օգուտները, այլ վնասներն ու վտանգները։
Դեռ այնքան էլ միանշանակ չէ նաեւ Իրանի վերաբերմունքն այս նախաձեռնութեանը։ Շատ բան առայժմ անորոշ է, եւ միայն հաւանական գործարկումից յետոյ հնարաւոր կը լինի առարկայական հետեւութիւններ անել։
Այն, ինչ ներկայացնում են Հայաստանի իշխանութիւնները Սիւնիքի անցման վերահսկողութեան, անվտանգութեան ապահովման մեխանիզմների ու տարանցման պայմանների վերաբերեալ, դժւար է վերջնական համարել ու ընդունել այնպէս, ինչպէս ներկայացւում է։ Բազմիցս են տարբեր երեւոյթների հետ կապւած յայտարարութիւններ արւել, որոնք յետոյ տրամագծօրէն հակառակ տեսք են ստացել գետնի վրայ։ Ոչ մի հիմք չկայ այսօր պնդելու, որ նոյնը չի կրկնւի նաեւ այս պարագայում։
Անկախ այդ ամենից, ակնյայտ է, որ «Թրամփի ուղին» նւազեցնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցութիւնը մեր տարածաշրջանում, քանի որ դրանով մատակարարման ճանապարհները շրջանցում են նրանց ուղիները։ Եթէ ոչ այս պահին, հետագայում դա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հակազդեցութեան պատճառ կարող է դառնալ այս երկրների կողմից՝ իր տեսանելի ու անտեսանելի հետեւանքներով հանդերձ։ Դեռ չենք խօսում Չինաստանի մասին, որի հետաքրքրութիւնները կապւած են Մետաքսի ճանապարհի նախագծի հետ։
168.am