Պառաւքարից մինչեւ Մուրղուզ… Տաւուշեան լեգենդներն ու զրոյցները

Զ. ՇՈՒՇԵՑԻ
Յուլիս ամսին հայ հասարակութեան ուշադրութեան կենտրոնում Տաւուշն էր։ Շատերին այս մարզը յայտնի է իր գեղեցիկ բնութեամբ միայն, սակայն իրականում այն Հայոց աշխարհի այն իւրայատուկ մարզերից է, որտեղ ստեղծւել եւ մեզ են հասել մի շարք բացառիկ լեգենդներ։ Շնորհիւ մի շարք բանահաւաքների՝ այդ լեգենդները հասել են մեզ, յաւիտենական կնիք ստացել գրքերում եւ մինչ օրս շարունակում են պահպանել իրենց իւրայատկութիւնը։ Թերեւս, մեր ընթերցողին քիչ յայտնի կը լինեն այն աշխարհագրական տեղանքները, որոնց մասին ձօնւած լեգենդար զրոյցները մենք կը ներկայացնենք, սակայն Տաւուշի բնակիչներն առաւել լաւ կիմանան յօդւածում տեղ գտած աշխարհագրական վայրերը։ Տաւուշի զարդերից է Տաւուշ բերդը, որը տեղացիներն անւանում են Ցլիկ Ամրամի բերդ։ Բերդն առաջին անգամ յիշատակւում է 10-րդ դարում։ Բերդի եւ Աշոտ Երկաթի մասին լեգենդար զրոյցը պահպանւել եւ մեզ է հասել բանագետ Արամ Ղանալանեանի շնորհիւ։
«Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զօրքով ամրանում է Ղալի քար կոչւած ապառաժին շինւած բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառաւ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարւածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնութեամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը եւ կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնւող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա զօրքով դուրս է գալիս բերդից եւ տեղափոխւում Սեւանի կողմերը» (Արամ Ղանալանեան «Աւանդապատում», Երեւան, 1969):
Տաւուշի յաջորդ զարդերից մէկը գտնւում է Այգեձոր եւ Չինարի գիւղերի գրեթէ մէջտեղում։ Այն կոչւում է «Աղջիկ քար»։ Քարի մասին զանազան զրոյցներ մինչ օրս էլ պտտւում են։ Տարիների ընթացքում այդ զրոյցները կերպարանափոխւում են, ստանում նոր շունչ ու երանգ։ Արամ Ղանալանեանի վերոնշեալ գրքում ներկայացւած է քարի մասին լեգենդը, որտեղ դարձեալ խօսւում է Աշոտ Երկաթի մասին.
«Վեր (որ) Աշոտ Երկաթը թշնամու հետ կռիւ անելիս նեղն ա ընգնմ, սաղ (ամբողջ) ժողովուրդին հետ հւաքւըմ ա պերթը։ Մի ախչիկ տենըմ ա, վեր տեղերնուն շատ նեղ ա, ինքն էլ մեծ յուսեր ա ունենըմ, էն քարը տնըմ ա յուսերի ղաթըմը (մէջը), պտըտըմ ու պերթի կլխիցը քցըմ տհանց վրայ։ Թշնամիները, վեր տակիցը տենըմ են, փախչըմ են․ ասըմ են՝ էս վեր սրանց ախչիկը իրան յուսովը էսքան մեծ քար քցեց, բա տղամարթը իրան բլակներովը (բազուկ) ինչքան մեծ քար կը քցի, բըրախըմ են (թողնում), փախչըմ։ Հա տրա հմար (համար) էլ էն օրից ըսօր էտ քարի անըմը մնացել է Ըխչկա քար» (Արամ Ղանալանեան «Աւանդապատում», Երեւան, 1969)։
Հետաքրքիր զրոյց-լեգենդ կայ պահպանւած Տաւուշի Նորաշէն գիւղում գտնւող «Գիւնաշի հանդի» մասին։ Հետաքրքրական է, որ Տաւուշում լեգենդների զգալի մասում քաջութիւնն արտայայտւում է կնոջ կերպարով։ Գիւնաշն էլ այն յաղթանդամ կինն էր, ով գօտեմարտում ու յաղթում է շահի փահլեւաններին։
«Այստեղ ապրել է Գիւնաշ անունով մի յաղթանդամ ու քաջ կին։ Սա գօտեմարտել է շահի փահլեւանի հետ եւ յաղթել նրան։ Լսելով այդ մասին շահը առատօրէն պարգեւատրել է Գիւնաշին։ Այդ օրւանից հանդը, ուր գօտեմարտել է Գիւնաշը, կոչւել է Գիւնաշի հանդ» (Արամ Ղանալանեան «Աւանդապատում», Երեւան, 1969)։
Մարզի ամենաիւրայատուկ անւանումը կրող գիւղերից մէկը Պառաւքարն է։ Այն հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մօտ 2 կիլոմետր։ Գիւղի խորհրդանիշը մեծ ժայռաքարն է, որի անւանումից էլ առաջացել է գիւղի անունը։
«Ասում են, թէ մի պառաւ է լինում, չոր գլուխ մի պառաւ։ Հոգնում է աշխարհից էլ, կեանքից էլ։ Որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել, պրծնել։ Գնում է բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած։ Հագին լայն շորեր են լինում։ Քամուց փեշերը բացւում են, պառաւը կամաց իջնում է ցած։ Աչքերը բացում է, տեսնում ողջ, առողջ։
– Ա՛խ, Աստւած,- ասում է,- աչք չունե՞ս, թէ՞ ականջ։ Ով կեանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս։
Եւ գիւղի անունը մնացել է Պառավքար» (Արամ Ղանալանեան «Աւանդապատում», Երեւան, 1969)։
Տաւուշցիների համար բացարձակ արժէք ու խորհրդանիշ է Միափոր կամ Մուրղուզ լեռնագագաթը, որը Միափորի լեռների ամենաբարձր գագաթն է։ Խորհրդային տարիներին լեռան լանջերին մեծ թւով անասնապահական կենտրոններ ու ֆերմաներ են եղել, սակայն հիմա այդ երբեմնի ակտիւ կենտրոնից գրեթէ ոչինչ չի մնացել։ Տաւուշեան լեգենդներից ամենահետաքրքիրը կապւած է հէնց լեռան հետ։
«Հովիւն այս լեռան վրայ ոչխարներ արածեցնելիս ծարաւում է։ Տեսնելով, որ շրջապատում ջուր չկայ, դիմելով Մուրղուզի խաչին, նա ասում է․ «Ա՛յ Մուրղուզի խաչ, եթէ դու զօրութիւն ունես, մի ջուր բաց արա, քեզ համար սեւ ու սպիտակ ղոչեր մատաղ կանեմ»։ Իսկոյն մի հորդ աղբիւր է բացւում։ Հովիւն ու ոչխարները խմելով ջրից հագեցնում են իրենց ծարաւը։ Շատ չանցած հովիւը շորերից երկու ոջիլ է հանում, կոտրում եւ ասում. ա՛յ խաչ, էս էլ քո մատաղը։ Նոյն վայրկեանին հովիւը ոչխարների հետ քար է դառնում» (Արամ Ղանալանեան «Աւանդապատում», Երեւան, 1969)։
Պէտք է ընդգծել, որ բանահիւսական պատմութիւններով հարուստ մարզն ընդամէնը մի քանի օրում բոլորի ուշադրութեան կենտրոնում յայտնւեց։ Դա միայն ողջունելի է։ Սակայն ցաւալի է, որ սահմանային հանդարտութեան դէպքում նորից անտեսւելու է մարզը՝ իր խնդիրներով հանդերձ։ Իսկ պատմամշակութային կոթողները մնալու են բնութեան քմահաճոյքին։ Լաւ կը լինէր, որ ազգ-բանակ գաղափարախօսութիւնը գործեր նաեւ խաղաղ իրավիճակներում, հակառակ դէպքում Շահան Շահնուրի կոպիտ, բայց ճշմարիտ խօսքը կը շարունակի իր յաւիտենական ընթացքը․ «Դուն, հայ լակոտ, դու ամենէն շուտը կը փոխւիս անասունի, եթէ օր մը իսկ մնաս առանց վիշտի»:
168.am