Տեղի ունեցաւ Սիրակ Մելքոնեանի կտաւների ցուցադրում եւ վերլուծում «Նիաւարան»-ի «Ջահան-նամա» պատկերասրահում
«ԱԼԻՔ» – Փետրւարի 1-ից «Նիաւարան»-ի թանգարանային համալիրի «Ջահան-նամա» պատկերասրահում ցուցադրութեան է հանւել 80-ականներին նկարւած, իրանահայ անւանի գեղանկարիչ Սիրակ Մելքոնեանի կտաւներից երկուսը:
«Սիրակ Մելքոնեան՝ սահմաններ չունեցող հորիզոնների յայտնագործողը» խորագրով ցուցահանդէսը պատկերասրահի ժամանակացոյցի համաձայն՝ պէտք է շարունակւէր մինչեւ փետրւարի 12-ը, որի մասին թանգարանի գլխաւոր տնօրէնը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ կայ համաձայնութիւն կտաւների ցուցադրութեան ժամկէտը մի քանի ամսով երկարաձգելու առումով: «Իսկ թանգարանը պատրաստ է իր հաւաքածոն համալրել վարպետի կտաւներից մէկով նաեւ»,-տեղեկացրեց պատկերասրահի վարիչը:
Ցուցադրութեան կողքին, երեքշաբթի՝ փետրւարի 6-ին, պատկերասրահում արւեստաբանների եւ արւեստի գործիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Սիրակ Մելքոնեանի կտրած արւեստի ճամբան թեմայով նկարչի գործերի վերլուծում-քննարկում հանդիպումը: Նիստին բանախօսեցին գրող-հետազօտող, «Իրանական ժամանակակից արւեստը» գրքի հեղինակ Թուքա Մալեքին եւ ղաջարական, ինչպէս նաեւ ժամանակակից Իրանի արւեստի ու ճարտարապետութեան հետազօտող, գրող եւ թարգմանիչ Քիանուշ Մոթաղեդին:
Բանախօսների ընդգծմամբ՝ Սիրակ Մելքոնեանն առաջին սերնդի նկարիչներից էր, որոնք փաստացիօրէն ժամանակակից արւեստի ռահվիրաներն են: Նրանց խօսքով՝ Սիրակ Մելքոնեանը իրանական ժամանակակից արւեստի ձեւաւորման ազդեցիկ դէմքերից մէկն է, ում չցուցադրւած կտաւներից երկուսի շնորհանդէսն ու հանրութեանը ներկայացնելու միջոցառման մասնակիցը լինելու բախտն է վիճակւել ներկաներին:
Քիանուշ Մոթաղեդին ներկաներին ներկայացնելով «Պայման» հանդէսը նշեց, որ գիտահետազօտական այս ամսագրի համարներից մէկով ամբողջական անդրադարձ կայ նւիրւած Սիրակ Մելքոնեանի արւեստին ու ստեղծագործութիւններին:
«Նիաւարան» մշակութային-պատմական թանգարանային համալիրի Հասարակայնութեան հետ կապերի գրասենեակի համաձայն՝ ցուցահանդէսը տեղի է ունենում «Ֆաջրի տասնօրեակ»-ի շրջանակում:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ