Դեսպան Սոբհանի. «Իրանն աջակցութիւն է յայտնում Հայաստանի տարածքային ամբողջականութեանը եւ ազգային ինքնիշխանութեանը»
«ԱԼԻՔ» – Իրանն աջակցութիւն է յայտնում Հայաստանի տարածքային ամբողջականութեանը եւ ազգային ինքնիշխանութեանը։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին փետրւարի 6-ին լրագրողների եւ փորձագէտների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա նշել է, որ տարածաշրջանում խաղաղութեան բացակայութիւնը պայմանաւորւած է ռազմական հաւասարակշռութեան բացակայութիւնով: «Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթէ ուժեղ լինէք, կարո՞ղ են արդեօք ձեզ սպառնալ։ Եթէ ուժեղ լինէք, ոչ ոք չի համարձակւի ձեզ սպառնալ։ Խաղաղութեան բացակայութեան պատճառը ռազմական հաւասարակշռութեան բացակայութիւնն է։ Հէնց այս շրջանակներում ենք մենք Հայաստանի հետ յարաբերութիւնները համարում ռազմավարական։ Իրանի եւ Հայաստանի կառավարութիւնների միջեւ կայ փոխըմբռնում, եւ մենք գնում ենք այս ճանապարհով»,- ընդգծել է ՀՀ-ում մեր երկրի աւագ դիւանագէտը։
Դեսպան Սոբհանին անընդունելի է համարել տարածաշրջանում սահմանների փոփոխութեանն ուղղւած ցանկացած փորձ, յստակ նշելով, որ Իրանը դէմ է սահմանների փոփոխութեանը եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւններին: «Մեր պահւածքով, քաղաքական ու ռազմական քայլերով ցոյց ենք տւել, որ չենք հանդուրժելու նման փոփոխութիւններ»,- յստակեցրել է նա:
Խօսելով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մասին, դեսպանն ասել է, որ այս խնդրի վերաբերեալ Իրանի դիրքորոշումը միշտ էլ յստակ է եղել՝ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը պէտք է տեղի ունենայ երկրների ինքնիշխանութեան շրջանակներում։
Նրա խօսքով՝ աշխարհում ընդունւած է, որ եթէ խօսում են միջանցքի մասին, դա ընկալւում է որպէս շփման հնարաւորութիւն, իսկ այս տարածաշրջանում դա բոլորովին այլ կերպ է ընկալւում։
Պատասխանելով Հայաստանի տարածքով միջանցք բացելու Ադրբեջանի փորձի դէպքում Իրանի գործողութիւնների մասին հարցին՝ դեսպանը նշել է, որ ինչ վերաբերում է հաւանականութեանը, թէ ինչ կարող է լինել եւ ինչ չի կարող լինել, Թեհրանը չի կարող գնահատականներ տալ. «Ինչ վերաբերում է նրան, թէ ինչպէս կը վարւենք Հայաստանում, դա կախւած է Հայաստանի կառավարութեան դիրքորոշումից»,- պարզաբանել է նա։
Մեհդի Սոբհանին յաւելել է, որ եթէ ՀՀ վարչապետ Փաշինեանի առաջարկած «Խաղաղութեան խաչմերուկ»-ը կեանքի կոչւի, ապա երկաթուղային հաղորդակցութիւնը նոյնպէս կապահովւի։ «Այս դէպքում՝ Նախիջեւանից Ջուղայով Երասխի հետ հնարաւոր կը լինի երկաթուղային կապ հաստատել։ Սա հնարաւոր է եւ իրագործելի»,- ասել է նա։
Պատասխանելով Իրանի տարածքով դէպի Հայաստան հնդկական զէնքի տարանցման մասին հարցին` դեսպանը նշել է, որ Իրանը կողմ է Հայաստանի հզօրացմանն ու ուժեղացմանը։
«Ցանկացած օգնութիւն, որն անհրաժեշտ կը լինի Հայաստանին, եւ որը կը նպաստի տարածաշրջանի խաղաղութեանն ու կայունութեանը, մենք պատրաստ ենք ցուցաբերել»,- ընդգծել է նա։