Կարօ (Տէրտէրեան Կարապետ)
(Karo Derderian) – (کارو- کاراپت دردریان)
(1927թ., Համադան, Իրան – 2007, Լոս Անջելես, ԱՄՆ)
Բանաստեղծ, գրող, գրագէտ։ Իրանում ճանաչւած իրանահայ երգիչ Վիգէնի եղբայրը: Նա կլանւած կարդացել էր իրանական պոէզիան, բայց նոր պոէզիայի հետեւորդ էր եւ ստեղծագործում էր այդ ոճով։ Կարօ Տէրտէրեանը ժամանակին Իրանում ամենաշատ ընթերցւող բանաստեղծներից էր։ 1980-ականներին հաստատւում է Լոս Անջելէս, ԱՄՆ։ Գրել է պարսկերէն։
Հրատարակած գործերն են «Լռութեան խզումը», «Թափառական նամակներ», «Մի մարդու մոլորութեան սիմֆոնիան», «Մտքի թռիչքներ», «Քառատողեր», «Աւազներ եւ դիւցազներգութիւններ», «Խաւարի ստւերը», «Կոտրւած խաչը», «Գերեզման փորողի յուշերը», «Անէծքի դաւթար»/ «Անէծք-նամէ»/ եւ «Եղբայրս Վիգէնը»։
Մելիք-Յովսէփեան Ժոզէֆ
(ژوزف ملیک هوسپیان)
(1938, Նոր Ջուղա, Սպահան, Իրան – 2018, Լոս Անջելէս, ԱՄՆ)
Գրող, բանաստեղծ, պատմաբան, բժիշկ։ Նրա նախնիները Արցախի Խամսայի մելիքներից էին։ Պարսկաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջին պայմանագիրը՝ «Գիւլիստանի պայմանագիրը», 1813 թւականին ստորագրւել է Արցախի Գիւլիստանում՝ Մելիք-Յովսէփեանների տանը։ Նրանք հետագային հաստատւում են Իրանում։
Նրա ընտանիքը Իրանում ճանաչւած էր։ Հայրը եւ մեծ հայրը բժիշկներ էին Սպահանում։ Ժոզէֆ Մելիք-Յովսէփեանը բժշկութիւն ուսանել է Իրանի Շիրազ համալսարանում եւ ԱՄՆ-ում։ Նա իրանական պոէզիայի, յատկապէս Հաֆէզի եւ Ֆերդոսիի սիրահար էր ու Իրանի պատմութեան լաւատեղեակ։ Բազմաթիւ ուսումնասիրական յօդւածների, գրական եւ պատմական վերլուծութիւնների հեղինակ է, որոնք լոյս են տեսել իրանական մամուլում։ Ունի բանաստեղծութիւններ եւ արձակ գործեր, որոնք որպէս առանձին հատոր չեն հրատարակւել։ Գրել է պարսկերէն։
Հրատարակած գործերն են «Իրանն ու Հայաստանը պատմութեան քառուղիներում/ ընթացքում», «ایران و ارمنستان در گذرگاه تاریخ», «Քրիստոնէութեան խոր արմատներն Իրանում եւ արաբների մօտ»/ «ریشه های عمیق مسیحیت در ایران و میان اعراب», «Երեք բժիշկների յուշերը»/ «خاطرات پراکنده سه پزشک»: Վերջին հատորով Ժոզէֆ Մելիք-Յովսէփեանը կարեւոր տեղեկութիւններ է փոխանցում, որոնք ունեն պատմական նշանակութիւն:
Տէրունեան Աւետիս Պօղոս
(Arthur Derounian, born Avedis Boghos Derounian)
(1909 թ., Ադրիանապոլիս, ներկայիս Յունաստան – 1991թ., Նիւ Եօրք, ԱՄՆ)
Գրող եւ լրագրող, ամերիկեան քաղաքական գործիչ։ Աւարտել է Նիւ Եօրքի համալսարանի լրագրութիւն ճիւղը։ Բազմաթիւ գրական անուններ է ունեցել։ Ամենայայտնի գրական անունն է John Roy Carlson: Աշխատակցել է ամերիկեան հեղինակաւոր թերթերի։ Յուշագրութեան կողքին իրաւագիտական ու քաղաքական հարցերով բազմաթիւ յօդւածներ եւ հրատարակութիւններ ունի։ Գրել է անգլերէն։
Հեղինակած գործերն են «Under Cover», «The Plotters», «Cairo to Damascus»:
Աւետիս Տէրունեանի կրտսեր եղբայրը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցութեան անդամ Սթիւէն Տէրունեանը, 6 շրջան Նիւ Եօրքից ներկայացուցիչ է եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում/ Կոնգրեսում։ Աւելի ուշ՝ Նիւ Եօրք նահանգի Գերագոյն Դատարանի դատաւոր։
Ֆրենսիս (Գազանճեան) Առլէն
(Arlene Francis)
(1907 թ., Բոստոն, ԱՄՆ – 2001 թ., Սան Ֆրանցիսկօ, ԱՄՆ)
Գրող, խմբագիր, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, հեռուստաաստղ։ Աւելի ճանաչւած է որպէս դերասանուհի։ Սովորել է Նիւ Եօրքի Գիլդ (Guild) դրամատիկական դպրոցում։ Աշխատել է ամերիկեան ռադիոյում՝ ստեղծելով 11 անուն հաղորդումներ։ Հեռուստատեսութիւնում ստեղծել է 10-ից աւել հաղորդումներ։ Գլխաւոր դերեր է ստանձնել թատրոնում ու նկարահանւել տարբեր ֆիլմերում։ Խմբագրել է NBC լրատւական ընկերութեան HOME հեռուստահանդէսը։ 1973-ին արժանացել է «Տարւայ Կին» տիտղոսին։ Կապւած է եղել հայկական շրջանակներին։ Գրել է անգլերէն։
Հրատարակած հատորներից են «Այդ որոշակի անորոշութիւնը» եւ «Հմայքի կախարդանքը», որ մեծ յաջողութիւն են ունեցել։
Օշական Վահէ
(1922 թ., Պլովդիւ, Բուլղարիա – 2000 թ., Ֆիլադելֆիա, ԱՄՆ)
Բանաստեղծ, գրող, գրականագէտ, խմբագիր։ Յայտնի գրագէտ եւ վիպասան Յակոբ Օշականի որդին է։ Աւարտել է Երուսաղէմի անգլիական կոլէջը եւ Փարիզի «Սորբոն» համալսարանի Արւեստների բաժինը։ Երկար տարիներ ապրել է Բէյրութում եւ դասաւանդել Ամերիկեան համալսարանում եւ «Հայկազեան» կոլէջում։ 1976 թ.-ին տեղափոխւել է Ֆիլադելֆիա, ԱՄՆ։ Գրականութեան դասախօս է եղել ամերիկեան մի քանի համալսարաններում։ 1987-2000 թթ․ հիմնել ու խմբագրել է RAFT հայ բանաստեղծութեան եւ գրաքննադատական անգլերէն տարեգիրքը։ Խմբագրել է «Քրիստափոր Միքայէլեան․ Ամբողջական երկեր» հատորը եւ Յակոբ Օշականի «Երեք թատերախաղեր»-ը։ Աշխատակցել է հայ մամուլին։
Հրատարակած բանաստեղծութիւնների հատորներն են «Պատուհան», «Քաղաքը», «Քառուղի», «Ահազանգ», «Խուճապ», «Արւարձաններ», «Համբոյրը», «Ինքնութիւն», «Ճամբորդը»։ Հրատարակած վէպերն են «Փախստականը», «Թակարդին մէջ», «Սերունդներ», «Հատընտիր»։
Չամրաս (Աղախանեան) Արփիկ
(1925 թ., Թաւրիզ, Իրան – 2021, Լոս Անջելէս, ԱՄՆ)
Բանաստեղծուհի, մանկավարժ, երգչուհի, դերասանուհի, հասարակական գործիչ։ Փոքր տարիքում ընտանիքը Թաւրիզից տեղափոխւում է Թեհրան։ Աւարտում է Թեհրանի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացները։ Թեհրանում եղել է իրանական «Ռուդաքի» օպերային երգչախմբի եւ հայկական երգչախմբերի անդամ։ Դերեր է ստանձնել իրանահայ թատրոնում։ 1976 թ.-ին հաստատւում է ԱՄՆ․ նախ՝ Նիւ Եօրք, ապա՝ Օկլահոմա, ու վերջնականապէս հաստատւում է Լոս Անջելէսում։ Ուր որ եղել է, ազգային-միութենական կեանք է ունեցել եւ զբաղւել մանկավարժութեամբ։
Հրատարակած գործերից են «Հայրենիք տանող ճամբայ», «Միշտ Ձեզ հետ», «Տուն դարձիր, որդի՛ս»։