Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ բացւել է Խորէն Ա կենտրոնը
Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ բացւել է Խորէն Ա կենտրոնը։ Այս մասին յայտնում են կաթողիկոսութեան մամուլի ծառայութիւնից․
«Գարակէօզեան եւ Սուրէն Խանամիրեան նախկին ազգային վարժարանների կառոյցը, Ֆանարի Լէյլաւան ժողովրդային տուներին կից, երիտասարդական ու մշակութային կենտրոնի պատշաճեցման համար վերանորոգութեան ենթարկելուց յետոյ, հանրութեանը կը տրամադրւի որպէս «ԽՈՐԷՆ Ա ԿԵՆՏՐՈՆ»։ Այս առիթով, ներկայութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովների, թեմակալ առաջնորդների, թեմերի ազգային վարչութեանց ատենապետների, հայ համայնքների ու քաղաքական կուսակցութեանց ներկայացուցիչների, միաբան հայրերի եւ դպրեվանքի մի խումբ աշակերտների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կատարեց կենտրոնի պաշտօնական բացումը։
Վեհափառ Հայրապետը իր խօսքում դիտել տւեց, որ Խորէն Ա կենտրոն» անունը արժանի կերպով սոյն կենտրոնի ճակատի վրայ ենք տեսնում, որովհետեւ երջանկայիշատակ Խորէն Ա կաթողիկոսը ի՛նքը հաստատել ու կառուցել է այս կենտրոնն ու դրան կից գտնւող հասարակական տները։ Արամ Ա կաթողիկոսը յիշեցրեց, որ այս կառոյցը վեր է գոյացել որպէս վարժարան, իսկ այսօր, լինելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան համազգային առաքելութեան մի կարեւոր բաժին, իր մէջ ընդգրկում է կաթողիկոսարանի Հայագիտական եւ «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կենտրոնները, Հայ եկեղեցւոյ համալսարանական ուսանողների միութիւնը (Հ.Ե.Հ.Ու.Մ.), «Շնորհալի» ու «Նարեկացի» երգչախմբերը, ինչպէս նաեւ մեր Ս. Աթոռի առաքելութեան հետ աղերս ունեցող զանազան կենտրոններ, ինչպիսին են «Կիլիկիա» մատենադարանը եւ լսարանների ու համագումարների յատուկ սրահներ։
Վեհափառ Հայրապետի օրհնութեան ողջոյնի խօսքից յետոյ, նրա գլխաւորութեամբ եւ կենտրոնի տնօրէն հայր սուրբի առաջնորդութեամբ, ներկաները ծանօթացան կենտրոնի շէնքին ու զանազան բաժանմունքներին։
Հանդիսութեան գեղարւեստական կոկիկ յայտագրով ելոյթ ունեցաւ դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը»։