Այդ ամառ

ԱՐՄԻՆԷ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Չորրորդ դասարանի աւարտին իմ կեանքում ամէն բան այնքան էլ հարթ չէր։ Գիշերները դեռ թրջում էի տակս։ Ընթերցանութեան եւ թւաբանութեան քննութիւններին պարզւեց, որ մեր դասարանի ամենահետնապահ աշակերտն եմ. կարդում եմ տառ-տառ, իսկ բազմապատկման աղիւսակը ընդհանրապէս չգիտեմ։ Երեւի նոյն վիճակում էին ինձնից մեծ երկու քոյրերս, իսկ փոքրը դեռ դպրոց չէր գնում։ Մայրիկը սպասում էր նոր երեխայի լոյս աշխարհ գալուն, հայրիկը… դէ, իրականում, ոչ ոք չգիտէր, թէ որտեղ է լինում հայրիկը ցերեկները, երբեմն էլ տուն էր գալիս կէսգիշերին։
– Էդքան էրեխայ շարելու փոխարէն մէրդ թող քեզ գումարում-հանում սովորեցնի,- ասաց մեր դասարանի Անիի մայրիկը, երբ գնացել էի, որ նրան խաղալու կանչեմ։
– Կամ էլ տան գոզահոտը վերացնի,- աւելացրեց Անիի հօրաքոյրը։
Իրաւունք ունէին. Անին հինգին գումարածներով էր փակել քառորդը, իսկ նրանց տնից միշտ գալիս էր ժաւելի ու լւացքի փոշու հոտ։
Մայիսի վերջն էր։ Ծառերի ծաղիկները թափւել էին։ Արդէն պտուղներ էին երեւում ճիւղերին։ Ցոգոլի ժամանակը սիրում եմ. շատ սոված ժամանակ հնարաւոր է լինում դրանով փակել ախորժակս։ Իսկ ես անընդհատ ուտել էի ուզում։ Տանն էլ միայն հաց էր ու մածուն։ Կամ հաց ու տոմատ։
Անին չեկաւ խաղալու։ Եկայ տուն։ Մայրիկը հեռախօսով ինչ-որ մէկի հետ էր խօսում.
– Գոնէ մենակ Մարիային… Ամառային արձակուրդին։ Հա։ Հա։ Լաւ։ Սամոյին կասեմ՝ կը բերի։ Գործի կը դնես։ Կօգնի քեզ։ Մի քիչ շատ է ուտում, բայց կասեմ՝ զսպի իրեն։ Լաւ, Մերի ջան։
Յաջորդ օրը ինձ նստեցրին հայրիկի աւտոմեքենան։ Պատուհանից նայում էի երկնքին, հոսանքի լարերին, երբեմն ծառերի ճիւղեր էին երեւում։
Ճանապարհին մի կին նստեց պապայի կողքին։ Ես հետեւի նստարանից տեսնում էի միայն նրա կարմիր զանգուլակ ականջօղերը։ Թարս-թարս նայեց իմ կողմն ու ասաց.
– Է՞ս որերորդն ա։
– Աստծու տւած ա,- ասաց հայրիկը, որովհետեւ չգիտեր՝ ուրիշ ինչ ասէր։
– Ճիշտ են ասում էլի, որ հարուստի խելքն ա աշխատում, աղքատի՝ բանը։
– Վերջինը տղա ա։
– Ի՞նչ գիտես։ Կամ ինչ տարբերութիւն։ Ուտող բերան չի՞։
Հայրիկը չպատասխանեց։
– Բա չես վախենո՞ւմ,- հայելու միջից ինձ ցոյց տւեց կարմիր զանգուլակներով կինը։
– Արխային. սա մարդու բան ասող չի։ Բերանը լեզու չկայ։
– Քեզ ա թւում։ Մարմանդ գետերն աւելի վտանգաւոր են,- ասաց հայրիկի հետի կինը։
-Ճանապարհին ինչ-որ տեղ հայրիկը իջեցրեց նրան։
– Շատ չուշանա՛ս,- ասաց կարմիր զանգուլակներով կինը ու դուռը այնպէս ուժգին փակեց, որ հայրիկի «06»-ը թափ եկաւ։
Ես պատուհանից նայում էի երկնքին, հոսանքալարերին եւ մէջ-մէջ երեւացող ճիւղերին։
Հայրիկը երեւի մտածում էր կարմիր զանգուլակներով կնոջ մասին։
Երբ աւտոմեքենան կանգնեց մի մաքուր բակի դիմաց, մի կին բացեց մեքենայի դուռը։
– Վայ, ինչքա՜ն անուշիկ ես դու, ինչքա՜ն նիհար,- ասաց ու ինձ իր կողմը քաշեց։
Մօրաքոյր Մերին ինքն էր։
Նա մայրիկին մի քիչ էր նման։ Մայրիկից աւելի բոյով էր, մազերն աւելի փայլուն էին, ատամները՝ աւելի սպիտակ։ Եւ միշտ ժպտում էր։ Մայրիկն աւելի թուխ էր, նեղ դեմքով, յօնքերը՝ մօտիկ-մօտիկ։
Նա մեզ տարաւ տուն։ Սեղանին ծաղկամանով մեխակներ կային։ Հայրիկի հետի կնոջ զանգուլակների նման՝ կարմիր-կարմիր։ Նա ծաղկամանը վերցրեց, սպիտակ-փրփուր սփռոց փռեց սեղանին ու շարեց լոլիկ, վարունգ, պանիր, հաց ու տապակած հաւ։ Հաւը միանգամից կուլ կը տայի, բայց յիշեցի, որ մայրիկը հեռախօսով խոստացել էր, որ զուսպ եմ լինելու։
Հայրիկը ծխում էր ու մոխիրը լցնում հենց ափսէի մէջ։ Ես ամաչեցի։ Մօրաքոյրը նրան մոխրաման տւեց։
– Ինչ կայ-չկայ,- հարցրեց մօրաքոյրը ու հաւի բուդը դրեց ափսէիս մէջ։
– Բան չէ,- ասաց հայրիկը՝ առանց նրա կողմը նայելու։
– Էրեխէքը, քոյրս լաւ ե՞ն։
– Նրանց ինչ ա եղել, որ …,- բերանը ճպպացրեց հայրիկը ու ծխախոտի մոխիրը նորից թափ տւեց ափսէի մէջ։
Հայրիկը վեր կացաւ։
– Քեզ խելօք կը պահես,- իմ կողմը նայելով՝ ասաց նա։
– Մի կտոր բան ուտէիր,- ասաց մօրաքոյրը։
– Չէ, վռազ եմ. մարդ պիտի տենամ։
Ես ուզում էի, որ հայրիկը շուտ գնար։ Որ մնայի մենակ, ու իմը լինէին սեղանի ճոխ ուտելիքները, Մերի մօրաքոյրը, հոտաւէտ մեխակները…
Երբ աւտոմեքենան հեռացաւ մեր տեսադաշտից, ես բռնեցի մօրաքրոջ ձեռքը ու ասացի.
– Մերի մօրաքոյր. ես ուզում եմ քեզ մի գաղտնիք ասել։
Ու պատմեցի կարմիր զանգուլակներով կնոջ մասին։ մօրաքոյր Մերին գրկեց գլուխս ու տխուր ասաց՝ ծը՛, ծը՛, ծը՛…
Յետոյ ասաց.
– Վա՜յ, իրերդ մնացին մեքենայի մէջ։ Լաւ, ոչինչ, նորերը կը գնենք։
Գնացինք մօտակայ խանութ։ Մօրաքոյրն առաւ մանկական օճառ, ատամի խոզանակ, լողանալու սպունգ, սպիտակ ներքնաշորեր։
Լոգարանը լիքը տաք ջուր լցրեց, փրփրացրեց, լողացրեց ինձ՝ մի տասն անգամ լւանալով-պարզաջրելով մազերս։
Յետոյ մաքուր սրբիչով փաթաթեց, նստեցրեց իր կողքին։ Կարի մեքենան բացեց ու իր փոքրացած ամառային դերիաների1) մի կոյտ լցրեց կողքը։ Ես նայում էի, թէ ինչպէս են մօրաքրոջ կախարդական ոտնակի ու անիւի համաչափ չխկչխկոցից ինձ համար սիրուն շորիկներ դուրս գալիս՝ կարմիր պուտպուտիկներով, դեղին արեւածաղիկներով… Աւելացրած կտորտանքներից կարեց գլխազարդեր, մազակալներ։
Ո՜նց կարող էին մայրիկն ու մօրաքոյր Մերին հարազատ եղբայրների աղջիկներ լինել։
Եկաւ մօրաքրոջ ամուսինը։ Նա ուղղակի ձեռքը քսեց գլխիս։
Հաց կերան, խօսեցին։ Երկու բաժակ թէյ լցրեց մօրաքոյր Մերին։
– Քեզ թէ՞յ, թէ՞ տաք կաթ։
– Քնից առաջ մայրիկն արգելել է ինձ ինչ-որ բան խմել։
– Լաւ,- ասաց մօրաքոյրը։ Մայրիկին պէտք է լսել։
Ինձ տարաւ սենեակ։ Սպիտակ-փրփուր անկողին էր սպասում, այնպիսի գիշերանոց, որ հեռուստացոյցի աղջիկներն էին հագնում։
Մօրաքոյր Մերին ինձ պառկեցրեց, լոյսն անջատեց ու գնաց։
Ես ինձ փերի էի զգում։
Առաւօտեան նորից ամաչելու առիթ ունէի։ Մօրաքոյրը գլուխը տարուբերեց միայն։ Յետոյ միասին լւացինք ու կախեցինք սպիտակեղէնը, մինչեւ երեկոյ հասցրեց չորանալ։ Երեկոյեան, երբ ամուսնուն թէյ տարաւ, եկաւ իմ սենեակը՝ մի մեծ կլոր ամանով։
– Երէկ դու ինձ մի գաղտնիք վստահեցիր,- ասաց իմ սիրուն մօրաքոյրը ժպտալով,- այսօր էլ ես քեզ մի գաղտնիք կասեմ։ Տեսնում ե՞ս՝ ինչքան սպիտակ ու փափուկ մաշկ ունեմ. դա նրանից է, որ քո տարիքում ամէն գիշեր սրանից եմ կերել։
Ու մի գդալ դրեց բերանս։ Ընկոյզով մեղր էր։ Երեւի աշխարհում դրանից աւելի համեղ բան չկայ։
Երկու շաբաթ անց արթնացայ չոր անկողնում։ Մօրաքոյրը գոհ էր, ես՝ երջանիկ։
Էդ օրւանից էլ մեղրով ընկոյզ չտւեց։
Ամուսինը ուշ էր գալիս տուն։ Ինչ-որ տեղ էր աշխատում։ Ուրախ էի, որ մօրաքրոջ հետ ամբողջ օրը տանն էի։ Նա ինձ սովորեցնում էր կարել պոկւած կոճակը, կարտոֆիլ մաքրել, ճաշի համար կտրատել բանջարեղէնը եւ կանաչիները, աւլել բակը, ջրել ծաղիկները, պեչենիներ թխել, գիծը գծին համաչափ ծալել սպիտակեղէնը, իսկ ներքնաշորերը արդուկել ներսից եւ դրսից։ Եւ ամէն անգամ գովում էր, որ արագ եմ սովորում։ Իսկ երբ խանութ կամ զբօսանքի էինք գնում, ամբողջ ճանապարհին հարցնում էր՝ եօթ անգամ ութ, վեց անգամ ինը, քսանեօթը բաժանած իննի։
Եւ ամէն օր աւելի շատ էին ճիշտ պատասխաններս։
Յետոյ ինձ տարաւ գրադարան։ Գրադարանի կինը սիրուն մատներ ունէր։ Քառակուսի փոքրիկ գրքոյկի վրայ լրացրեց անուն-ազգանունս եւ ձեռքս տւեց նկարազարդ մի գիրք։ Մի կերպ կարդացի. Մարկ Տւէն. աղքատը եւ արքայազնը։ Ես այնքան էլ գոհ չէի, քանի որ տառ առ տառ հազիւ էի կարդում, բայց մօրաքոյր Մերին ասաց՝ չվախենաս. միասին կը կարդանք։
Եւ ամէն օր մի քանի էջ կարդում էինք։ Երկուսս էլ աշխատում էինք շուտ վերջացնել գործերը, որ տեսնէինք՝ ուր է հասնում աղքատ տղայի ու թագաւորի որդու պատմութիւնը։
Սկզբում դժւար էր առաջ գնում։ Մօրաքոյրը յանձնարարեց բարձրաձայն կարդալ։ Վանկերով։ Ասաց՝ վանկը մտքում աչքերով կարդա՛, բարձրաձայն ասա՛։ Ցուցամատդ՝ բառի վրայ։ Մի քանի էջ կարդալուց յետոյ արդէն ցուցամատի կարիք չեղաւ։
Մի շաբաթ յետոյ գիրքը յանձնեցինք գրադարանին եւ նորը գրւեցինք։
Շաբաթ-կիրակի օրերը չէի սիրում։ Մօրաքրոջ ամուսինը տանն էր։ Կամ իրենք էին հիւր գնում, կամ հիւր էին ընդունում։ Այդ օրերին ո՛չ գիրք էինք կարդում, ո՛չ աղիւսակը կրկնում, ո՛չ էլ միասին զբօսնում։
Մէկ ամիսն էնքան արագ ու թեթեւ անցաւ։ Ես ոչ մի անգամ մեր տունը, իմ մայրիկին ու քոյրերիս չմտաբերեցի։ Կարծես էս տանը ծնւած լինէի։
Ինչքա՜ն կուզէի մօրաքրոջը «մամա» ասել։
Մի առաւօտ մտայ բաղնիք, տեսնեմ՝ մօրաքոյրը իր սպիակեղէնն է լւանում ու լաց լինում։ Ամուսինը տխուր ծխում էր ու մոխիրը լցնում մոխրամանի մէջ։
Յետոյ լսեցի, որ մօրաքոյր Մերին իր մայրիկի հետ հեռախօսով խօսում է.
– Էս անգամ էլ չստացւեց։ Ախր բժիշկն ասել էր՝ ուրիշ երեխայ պահիր՝ կը յղիանաս։ Ամբողջ սէրս ու ուշադրութիւնս տւել էի էդ էրեխուն… Էնքան էլ անուշիկ է…
Ամիս-ամիսուկէս անց ես լրիւ ուրիշ աղջիկ էի։ Թշիկներս լցւել էին, մազերս փայլուն ու մաքուր էին, տակս էլ չէի թացացնում, արդէն սահուն կարդում էի ու գիտէի բազմապատկման աղիւսակը։ Սիրուն շորիկներ ունէի, անձնական սրբիչ, լի՜քը մազակալներ։
Միակ վատն այն էր, որ շուտով աւարտւելու էին ամառային արձակուրդները, ու ես պիտի տուն վերադառնայի։
Մի օր էլ մօրաքոյր Մերին արթնացաւ շատ թոյլ։ Անընդհատ յետ էր տալիս ու ասում էր՝ գլխապտոյտ ունի։ Ամուսինը՝ պարոն Վանիկը, ուրախ էր երեւում։ Էդ օրը առաջին անգամ նա ինձ տարաւ զբօսայգի։ Պաղպաղակ առաւ, քաղցր բամբակ, ո՛ր կարուսելը ուզեցի՝ նստեցրեց։
Յետոյ տօնավաճառ գնացինք։ Կօշիկ առաւ, դպոցական շորեր, ժապաւէններ, պայուսակ, տետրեր, գրիչներ։
Վաճառողուհին մատը խփեց քթիս ու ասաց.
– Ինչքա՜ն լաւ պապա ունես։ Բախտդ բերել է։
Երբ եկանք տուն, մօրաքոյր Մերին մի քիչ լաւ էր։
– Դու մի՛ արի, մնայ տանը, հանգստացիր։ Ես էրեխուն կը տանեմ։
Ինձ մեր տուն պիտի տանէին։ մօրաքոյր Մերին մէկ լացում էր, մէկ ծիծաղում, ինձ էր պաչպչում, չէր ուզում բաժանւել։
Իրերս տեղաւորեց մի մեծ արկղում։ Ահագին ունեցւածք ունէի։ Կարուսելներից առեւտրից, երկար ճանապարհից յոգնած՝ քնեցի յետեւի նստարանին։ Քոյրերս բացեցին մեքենայի դուռը եւ յետ քաշւեցին։
Ես առաջին անգամ նկատեցի, թէ ինչքան անփայլ ու խամրած էին նրանց մազերը, ինչքան վատ հոտ էր գալիս մեր տնից, ինչքան յոգնած ու նեարդային էր մայրիկս ու ինչքան բարի աչքեր ուներ պարոն Վանիկը, երբ ինձ էր նայում էդ խառնաշփոթի մէջ։
————-
1- Դերիա-կանացի փէշ («Ա.»)։