Քաղաքական

Փաշինեանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թէ հոգեւորականների կուսակրօնութիւնը

Այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջեւ, կարելի էր ակնկալել, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւոր առաջնահերթութիւնը կը լինէր երկրի շահերի պաշտպանութիւնը։ Սակայն, ցաւօք, նա զբաղւած է հոգեւորականների կուսակրօնութեամբ՝ մի հարց, որը չի մտնում կառավարութեան իրաւասութեան մէջ եւ խախտում է Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը, որտեղ ամրագրւած է եկեղեցու եւ պետութեան տարանջատումը։

Ես կարծում եմ, որ Փաշինեանը հոգեւորականների կուսակրօնութեան հարցը բարձրացնում է սեփական շահերից ելնելով.

Նախ, նրա իրական նպատակը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին փոխարինելն է աւելի հնազանդ հոգեւորականով։ Կաթողիկոսը պահանջել էր վարչապետի հրաժարականը՝ 2020 թւականի Ադրբեջանի հետ պատերազմի կործանարար վատ կառավարումից յետոյ։

Երկրորդ, նա փորձում է շեղել հանրութեան ուշադրութիւնն իր կառավարութեան բազմաթիւ թերութիւններից։

Երրորդ, եթէ նա իսկապէս հետաքրքրւած լինէր հոգեւորականների կուսակրօնութեամբ, ապա չպէտք է այն բարձրաձայներ որպէս վարչապետ կառավարութեան նիստի ժամանակ, այլ որպէս եկեղեցու անդամի անձնական կարծիք։

Վերջապէս, նրա էական սխալն այն է, որ առանց որեւէ ապացոյցի մեղադրում է Կաթողիկոսին երեխայ ունենալու մէջ՝ զրպարտութեան ակնյայտ դէպք, որը Կաթողիկոսին իրաւունք է տալիս դատի տալ չարախօսութեան համար: Փաշինեանի խօսքերի կապակցութեամբ արդէն իսկ սկսւել է էթիկական հետաքննութիւն:

Ի պատասխան՝ Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը հանդէս եկաւ խիստ յայտարարութեամբ՝ դատապարտելով վարչապետի արշաւը Հայոց Եկեղեցու դէմ՝ այն անւանելով «հայհոյախառն, անվայել խօսոյթներով եւ զուրկ բարեկրթութեան տարրական նորմերից»։

Այնուամենայնիւ, Փաշինեանը շարունակեց իր սկանդալային հռետորաբանութիւնը հոգեւորականների դէմ՝ ամէն օր մի քանի հաղորդագրութիւն հրապարակելով իր ֆէյսբուքեան էջում, այդ թւում՝

«Փաստօրէն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պէտք է լուծել»։

«Եթէ պարզւի, որ իրօք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրօնութեան ուխտը եւ զաւակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց կաթողիկոս …. »։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պէտք է յստակ պարզաբանի, արդեօ՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրօնութեան ուխտը եւ զաւակ ունի։ Այս հարցը պէտք է պարզաբանւի անհետաձգելիօրէն»։

«Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը անքննելի հեղինակութիւն է, արդարութեան անսասան պաշտպան, ճշմարտութեան անառարկելի աղբիւր։ Չեմ կարող հաւատալ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտութիւն կոծկողի դերում լինել, չեմ կարող հաւատալ, թէ Ամենայն Հայոց կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտութիւնը։ Գարեգին Բ-ն ինքն անձամբ թող պարզաբանի. արդեօ՞ք խախտել է կուսակրօնութեան ուխտը եւ արդեօ՞ք զաւակ ունի։ Մենք՝ իր հօտը, իրաւունք ունենք իրենից լսելու ճշմարտութիւնը»։

«Ինչի՞ մասին է խօսում Գարեգին Բ-ի լռութիւնը։ Մենք՝ իր հօտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրօնութեան ուխտի խախտման եւ զաւակ ունենալու վերաբերըալ։ Լռել, նշանակում է համաձայնւել եւ իւր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտութիւնը, նոյնպէս նշանակում է իւր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նոյնպէս նշանակում է իւր անձը դուրս դնել Վեհարանից»։

«Պետութիւնը (իշխանութիւնը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետութիւնը (իշխանութիւնը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նոյնպէս պիտի վերադարձնենք ժողովրդին»։

Լրագրող Նորայր Մարտիրոսեանն էլ աւելի խառնեց իրավիճակը՝ յօդւած գրելով «Հրապարակ» թերթում՝ «Փաշինեանը դաւաճանո՞ւմ է արդեօք կնոջը» վերնագրով։ Նա նշեց. «Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտւում, որ Փաշինեանը ժամերով աշխատասենեակում փակւում է սեփական խօսնակի հետ եւ ներսից տարօրինակ ձայներ են լսւում»: Նա պնդեց, որ ինքը նոյն կերպ է պատասխանում Փաշինեանի՝ Կաթողիկոսի դէմ ուղղւած մեղադրանքներին՝ յաւելելով, որ «եթէ վարչապետը կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտւում, թող Կաթողիկոսը հերքի», ապա Փաշինեանին կարող ենք նոյն հարցադրումն անել։ Մարտիրոսեանը նոյնիսկ յայտարարեց, որ Փաշինեանի կինը բացայայտել է նրա սիրային կապը եւ փորձել է աշխատանքից ազատել մամուլի խօսնակին։ Լրագրողը եզրափակեց. «Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հաւատարմութեան խախտման վերաբերեալ։ Լռել կամ ստել, նշանակում է իւր անձին դուրս դնել բարոյական նորմերից»։

Լուրերի վրայ հիմնւած իր հաղորդագրութիւնից զատ, Մարտիրոսեանը սխալւել է՝ Աննա Յակոբեանին անւանելով վարչապետի «կին»։ Փաշինեանը պարզաբանել է իր ամուսնական կարգավիճակը 2024 թւականի դեկտեմբերի 18-ին ֆէյսբուքեան ուղիղ եթերի ժամանակ, Աննայի կողքին նստած. «Մենք դէ իւրէ կարգավիճակով ամուսնացած չենք։ Դէ իւրէ ոչ զագսով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք։ Պաշտօնական թուղթ չկայ»։ Այնուամենայնիւ, վարչապետի պաշտօնական կայքը սխալմամբ յայտարարում է, որ նա «ամուսնացած է»։

Վարչապետը չզւարճացաւ, երբ Մարտիրոսեանն իր հետ նոյն կերպ վարւեց, ինչպէս նա էր վարւել։ Փաշինեանը սպառնաց իր ֆէյսբուքեան էջում՝ «Հրապարակ թերթին անպայման դատի կը տամ, որ ապացուցւի, որ ընտանեկան եւ հոգեւոր կեանքը ինձ համար արժէք ու սկզբունք են եւ ոչ թէ մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրօնութեան ուխտը եւ զաւակ ունի։ Թող Գարեգին Բ-ն էլ ինձ դատի տայ յայտարարւած արժէքներին եւ կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիութիւնը ապացուցելու համար։ Յ.Գ.- Հայ Առաքելական եկեղեցին մեր սրբութիւնն է, մեր ինքնութիւնը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբութիւնը պղծողներին»։

Վերջապէս, Փաշինեանը զայրացաւ՝ իմանալով, որ նախկին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը յունիսի 7-ին այցելել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Եկեղեցին հաղորդեց այդ հանդիպման մասին՝ «նախագահն իր լիակատար աջակցութիւնն է յայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիւ դատապարտելով Հայոց 1700-ամեայ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների հակասահմանադրական ոտնձգութիւնները»։

Փաշինեանը զայրացած պատասխանեց՝ օգտագործելով բացարձակապէս անտեղի մեղադրանքներ՝ նշելով, որ «Լեւոն Տէր-Պետրոսեանը Հայաստանի Հանրապետութիւնում ընտրութիւնների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկէ պիտի կանգնի իր նման ժողովրդատեաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։ Հարկ է նշել, որ Փաշինեանը ժամանակին եղել է Տէր-Պետրոսեանի աջ ձեռքը եւ հաւատարիմ կողմնակիցը:

Վարչապետը դժւար թէ կարողանայ դասախօսութիւն կարդալ բարոյականութեան մասին, յատկապէս, երբ նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի ընթերցումը բացայայտում է պոռնոգրաֆիկ բովանդակութեամբ եւ կոպիտ, անպարկեշտ բառերով յեղեղւած մի աշխատանք։

Անկասկած, բոլոր հոգեւորականները, անկախ աստիճանից, պէտք է պահպանեն եկեղեցու բարձրագոյն բարոյական չափանիշները, այդ թւում՝ կուսակրօնութեան երդումը: Այնուամենայնիւ, նոյնքան կարեւոր է, որ Հայաստանի վարչապետը յարգի ՀՀ Սահմանադրութիւնը եւ խուսափի իր իրաւասութիւնից դուրս գտնւող հարցերին միջամտելուց, յատկապէս հաշւի առնելով իր ամուսնական կարգավիճակը եւ պետութեան գործերը կառավարելու անկարողութիւնը:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button