Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ի՞նչ էր իրականացւում մէկ դար առաջ եկեղեցու դէմ

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր

 

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատւելուց յետոյ՝ 1920-ական թթ., ելնելով մարքիստական հակակրօնական տեսութիւնից, խորհրդային իշխանութիւնները Հայ Առաքելական եկեղեցու դէմ սկսեցին լայնատարած պայքար:

Հետաքրքրական է, որ եկեղեցին խորհրդային իշխանութիւնների կողմից ընկալւում էր «դաշնակցականացւած» կառոյց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ բնական դաշնակիցներ, որոնց միջեւ կապը պէտք էր կտրել եւ առանձնաբար չէզոքացնել:

Սկսւեց եկեղեցու ունեցւածքի բռնագրաւումը, որը, ըստ Վ.Ի. Լենինի, պէտք էր անել անխնայ վճռականութեամբ եւ արագօրէն՝ կանգ չառնելով դիմադրութեան առջեւ: Գէորգ 5-րդ կաթողիկոսն իր կոնդակով այս ամէնը համեմատեց պարսից շահերի կողմից Արարատեան երկիրը հայերից դատարկելու քաղաքականութեան հետ: Սակայն պետութիւնը, ի դէմս խորհրդային իշխանութեան, ոչ միայն կանգ չէր առնում, այլ աւելի կատաղի կերպով էր շարունակում միջամտել եկեղեցու գործերին. 1926 թ. արգելւեց եկեղեցու կողմից Հայոց Ցեղասպանութեան օրւայ՝ ապրիլի 24-ի նշումը:

Հայոց եկեղեցու դէմ պայքարում խորհրդային իշխանութիւններն անխնայ օգտագործեցին 1920-ական թթ. առաջ եկած «Ազատ եկեղեցական եղբայրութիւն» կամ «Նոր եկեղեցի» (Նորոգչականներ) աղանդաւորական շարժումը: Այն հովանաւորւում էր բոլշեւիկեան իշխանութեան կողմից, նրան տրամադրւել էր Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, հիմնւել էր «Ազատ եկեղեցի» ամսագիրը: Այս ամէնը նպատակ ունէր պառակտել Հայ Առաքելական եկեղեցին: Աղանդաւորական այս շարժման մէջ, բնականաբար, ընդգրկւել էին որոշ դաւաճան եպիսկոպոսներ, վարդապետներ ու քահանաներ: Նկատի ունենալով նոր եկեղեցականների՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը, խորհրդային իշխանութիւնը հրահանգել էր նրանց օգտագործել որպէս զէնք եւ սպառնալիք Գերագոյն հոգեւոր խորհրդի նկատմամբ, եւ վերջինս վերջնականապէս նւաճելու համար «Նոր եկեղեցին» պէտք է, որ պահպանւէր եւ դուրս չթողնւէր խորհրդային իշխանութեան ազդեցութիւնից եւ ղեկավարումից:

Հայպետքաղվարչութեան առջեւ խնդիր էր դրւած հասնել նրան, որ Գերագոյն հոգեւոր խորհրդի գործունէութիւնը դառնայ խորհրդայնամէտ, կտրել եկեղեցին ՀՅԴ-ից ինչպէս Խորհրդային Միութիւնում, այնպէս էլ գաղթօջախներում: Առաջադրանք կար նաեւ մեկուսացնել այն հոգեւորականներին, ովքեր կողմնորոշում ունեն դէպի ՀՅԴ-ն եւ Արեւմտեան Եւրոպայի երկրները:

Այդուհանդերձ, այս «նորոգչական» կոչւած արհեստածին շարժումը յաջողութիւն չունեցաւ եւ շուտով վերացաւ:

ՀԱԵ-ի դէմ պայքարը ակտիւացաւ վերստին 1920-ական թթ. վերջին, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկին ուղիղ կապ տեսնելով հոգեւորականութեան եւ ՀՅԴ-ի միջեւ, շարունակեց երկուսի դէմ զուգորդւած պայքարը: Այսպէս, 1927 թ. կուսակցական որոշումներից մէկով պահանջւում էր մամուլի էջերով մերկացնել դաշնակցականների ու հոգեւորականութեան միջեւ կապը: Նոյնը պահանջեց նաեւ «Անաստւած» ամսագիրը՝ ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում հոգեւորականներ-ՀՅԴ համագործակցութեան ղեկավարումը վերագրելով կաթողիկոսին եւ ներկայացնելով մեղադրանքներ:

Ահա այսպիսի իրադրութեան մէջ էր Հայ Առաքելական եկեղեցին եւ Մայր Աթոռը շուրջ մէկ դար առաջ: 100 տարի անց՝ ոչ եւս են խորհրդային իշխանութիւնը, կոմունիստական գաղափարախօսութիւնը, անաստւածութիւնը, մանր ու մեծ գործակալները, մատնիչներն ու դաւաճանները: Փոխարէնը կայ Հայ Առաքելական եկեղեցին՝ իր լուսապաշտ էութեամբ ու յարատեւ ընթացքով:

100 տարի անց էլ այսպէս կը յիշեն այս դժնդակ օրերն ու 1700-ամեայ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դէմ 2020-ական թթ. դուրս եկած հերթական բջիջներին:

Յ.Գ. – Լուսանկարում իմ պաշտելի Վարդգէս Սուրէնեանցի հռչակաւոր գործն է՝ «Ոտնահարւած սրբութիւնը», որով նա ներկայացրել է թուրքական բարբարոսութիւններն ու 1895 թւականին Վանի Վարագայ Ս. Նշան վանքի կողոպուտը:  

Related Articles

Back to top button