BRICS-ի ղեկավարներն ամփոփիչ հռչակագիր են ընդունել
«ԱԼԻՔ» – BRICS-ի անդամ երկրների ղեկավարները նախատեսում են ընդլայնել համագործակցութիւնը եւ ռազմավարական գործընկերութիւնները, ինչպէս նաեւ ողջունում են ազգային արժոյթների օգտագործումը Կազմակերպութեան անդամների եւ նրանց առեւտրային գործընկերների միջեւ ֆինանսական գործարքներում: Այս մասին, ըստ ռուսական լրատւամիջոցների՝ ասւած է Կազանի գագաթնաժողովից յետոյ ընդունւած ամփոփիչ հռչակագրում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խօսքով՝ հռչակագիրը որպէս համատեղ փաստաթուղթ կը տարածւի ՄԱԿ-ում։
Փաստաթղթում խօսւում է «Ուկրաինայի իրավիճակի վերաբերեալ ազգային դիրքորոշումների մասին»։
BRICS-ի ղեկավարները նշել են «միջնորդութեան եւ բարի նպատակների համար համապատասխան առաջարկներ՝ երկխօսութեան եւ դիւանագիտութեան միջոցով հակամարտութեան խաղաղ կարգաւորում ապահովելու համար»:
Փաստաթղթում խօսւում է նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգութեան շահերից ելնելով համագործակցութեան, BRICS-ի երկրների ֆինանսատնտեսական յարաբերութիւնների զարգացման, մարդասիրական փոխանակումների ընդլայնման մասին։
Կազմակերպութեան անդամները, մասնաւորապէս, նշել են համաշխարհային տնտեսութեան վրայ «ապօրինի պատժամիջոցների» բացասական հետեւանքները եւ բռնութեան ու զինւած հակամարտութիւնների աճը։