Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նախընտրական փուլ՝ երկու սխալով

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Մենք անընդհատ քննարկում ենք, թէ ո´վ կը մասնակցի առաջիկայ ընտրութիւններին, ո´ւմ հետ եւ ում փողերով, եւ սխալւում ենք՝ կարծելով, թէ դրանից է կախւած արդիւնքը։

Մենք յամառօրէն անտեսում ենք ամենակարեւոր հարցը. իսկ ո՞վ է քւէարկելու, ո՞ր հասարակութիւնն է գնալու ընտրութիւնների։ Բայց հէնց սրանից է կախւած ընտրութիւնների արդիւնքը։

Կայ երկու խոշոր տարբերակ.

Ցածր սոցիալական պատասխանատւութեամբ հասարակութիւն

Գործող իշխանութեան սցենարն է՝ ընտրութիւններին ունենալ սոցիալապէս անպատասխանատու հասարակութիւն՝ անտարբեր, մեզ ոչինչ չի հետաքրքրում, մեզնից բան կախւած չէ, որը պատրաստ է լսել եւ մարսել ցանկացած սուտ եւ ապուշութիւն։ Կամազուրկ եւ պարտւած հոգեվիճակով։ Դա հնարաւոր է, որովհետեւ բազային մակարդակում մենք գործ ունենք պարտութեան հասարակութեան հետ, որն ինքնին լրջագոյն խնդիր է՝ իր բարդ իւրայատկութիւններով։ Իսկ եթէ երկրում դեռեւս չկայ ունակ ուժ, որն այս խնդիրը գիտակցում է եւ ճիշտ աշխատում է դրա շտկման ուղղութեամբ, ապա սա լրիւ իրատեսական զարգացում է։ Իշխանութիւնն անխնայ շահագործելու է այդ հոգեվիճակը։ Որեւէ նորմալ իշխանութիւն իրեն նման բան թոյլ չէր տայ, այլ կը փորձէր գնալ հասարակութիւնը բուժելու ուղղութեամբ։

Մոտիւացւած, շահախնդիր հասարակութիւն

Փոփոխութեան ուժերի խնդիրն է՝ ընտրութիւնների շեմին ունենալ փոփոխութիւնների պատրաստ, մոտիւացւած, պարտութիւնը որպէս փաստ, բայց ոչ՝ որպէս մշտական հոգեվիճակ ընդունող հասարակութիւն։ Հասարակութեանն ընտրութիւնների օրւան պէտք է պատրաստել այսօրւանից (իրականում՝ երէկւանից էր պէտք)։ Այդ օրը լինելու է քւէարկութիւնը, իսկ ընտրութի՛ւնը քաղաքացու մտքում, սրտում պէտք է ձեւաւորել այսօրւանից։

Այս համատեքստում կայ երկու խոշոր սխալի հնարաւորութիւն. ոչինչ չանել, սպասել ընտրութիւններին, ինչը կը բերի շոկային ձախողման, կամ՝ իսկապէս հասկանալ, որ պէտք է աշխատել, եւ անել սխալ աշխատանք։ Այս երկու սխալն էլ այս պահին կատարւում է։ Միւս կողմից, կան բոլոր հնարաւորութիւնները՝ ճիշտ քայլերով հասնելու շատ լաւ արդիւնքի։

Related Articles

Back to top button