Բակուր Կարապետեան. «Սրա դէմը պէտք է առնենք. թշնամու գործակալները լցւած են մեր երկիր»

«ԱԼԻՔ» – Մինչ Նիկոլ Փաշինեանը փորձում է հնարաւոր բոլոր հարթակներն օգտագործել ու յայտարարել, թէ «Արցախի հարցը փակւած է, իսկ արցախահայերն Արցախ վերադառնալու որեւէ յոյս չպէտք է ունենան եւ պէտք է տնաւորւեն Հայաստանում», տարբեր անհատներ փորձում են ամէն ինչ անել, որպէսզի Հայաստանի սահմաններից դուրս գտնւող տարբեր կառոյցներում բարձրացնեն արցախահայերի հաւաքական վերադարձի հարցը։
Գրող, հրապարակախօս Բակուր Կարապետեանը, ով նախկինում ղեկավարում էր «Շուշի» հիմնադրամը, որի միջոցով կարողանում էր Արցախի պատմական յուշարձաններին, Արցախի խնդրին նւիրւած տարբեր դասախօսութիւններ, ցուցադրութիւններ կազմակերպել արտերկրում, այսօր փոխել է հիմնադրամի անունը՝ «Շուշի բերդաքաղաք», եւ պատրաստւում է աշխատել այնպէս, ինչպէս նախկինում, քանի որ վերջին 5 տարիներին հասկացել է՝ ՀՀ իշխանութիւնն Արցախով երբեք չի զբաղւելու։
«Իւրաքանչիւրս մեր հնարաւորութիւնների սահմաններում պէտք է աշխատենք, որովհետեւ այս իշխանութիւնը ո՛չ Արցախի, ո՛չ արցախահայերի համար ոչինչ չի անելու։ Ես՝ իմ հիմնադրամով, միւսը՝ իր ունեցած կապերով, միւսը՝ ի պաշտօնէ, այսպէս եթէ միաւորւենք ու աշխատենք, վստահ եմ՝ արդիւնք ունենալու ենք։ Չպէտք է նստենք ու մեր յոյսը դնենք իշխանութիւնների վրայ։
Ես իմ հիմնադրամի գրասենեակը կը բացեմ, ու ակտիւ կը սկսենք աշխատել բոլոր այն մարդկանց հետ, որոնց համար Արցախը կարեւոր է»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Բակուր Կարապետեանը։
Ըստ նրա՝ Արցախի ու արցախահայերի վերաբերեալ ծանր ու լուրջ աշխատանք պէտք է տարւի, պէտք է նաեւ աշխատանքներ տարւեն, որպէսզի Արցախի մշակութային ժառանգութիւնը, որն այսօր ոչնչացւում է Ադրբեջանի կողմից, դառնայ նաեւ միջազգային հանրութեան խնդիրը։
«Պատկերացրէք, եթէ անհատները միաւորւեն, ինչ ուժ են դառնալու, այդ ուժի դէմ ոչ մի իշխանութիւն չի կարողանալու ընդւզել։
Այսօր խօսում են միայն 150 հազար բռնագաղթւած արցախահայերի մասին, բայց տեսէք՝ ամբողջ աշխարհում քանի հազար արցախահայեր են սփռւած՝ նւազագոյնը կէս միլիոն մարդ կայ։ Նրանք եւս պէտք է միաւորւեն, որպէսզի ուժ դառնան, առանց միաւորման որեւէ բան չի ստացւելու: Արդիւնքում կը յաղթի ՀՀ օրւայ իշխանութիւնը՝ իր դաւադիր ծրագրերով։ Տեսէք՝ ինչ արեցին սրբազաններին, ուղղակի բանտարկեցին, հերթը հասնելու է նաեւ միւսներին, բայց եթէ միասնական լինենք, որեւէ բան էլ չեն կարողանալու անել»,- յաւելել է Բակուր Կարապետեանը։
Այս հարցում մեր զրուցակիցը շատ է կարեւորում նաեւ մտաւորականութեան դերը, որը չպէտք է լռի ու կարողանայ միաւորել մարդկանց։
«Իհարկէ, ես գիտեմ Նիկոլի մարդ տեսակը, գիտեմ՝ նա ինչ է անում, հետեւաբար՝ այլեւս նրան չեմ մեղադրում, մեղադրում եմ մեզ, որ մի կարգին ղեկավար չենք կարողանում ընտրել։ Մի ընդհանուր մտածելակերպ ունենք, որը պէտք է փոխւի, որպէսզի ժողովուրդը տէր կանգնի իր հայրենիքին։ 1988 թւականին յաջողւեց միաւորւել, որովհետեւ բաւականին շատ աշխատանքներ էր տարւում, նոյնը հիմա պէտք է լինի: Չլինէր միաւորումը՝ Արցախը չէր ազատագրւի։ Հիմա աշխատանք չի տարւում, դրա համար երկիրը մնացել է թշնամու ձեռքին, իսկապէս մեր երկիրը թշնամու ձեռքում է, մարդիկ պէտք է սկսած շրջաններից՝ աշխատեն։ Սրա դէմը պէտք է առնենք, թշնամու գործակալները լցւած են մեր երկիր»,- շեշտել է Բակուր Կարապետեանը։
Նա ընդգծել է՝ հաւատում է, որ մեծ աշխատանքի արդիւնքում Արցախը կը վերադարձւի, եթէ չհաւատան ու չաշխատեն, ապա Արցախը յաւէտ կորած է։
Յիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր.
«ԼՂ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չի համարում։ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պէտք է տնաւորւեն Հայաստանում։ Նրանց ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիութեամբ։ Բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգաւոր՝ խաղաղութեան գործընթացի համար»։
Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ