Հայաստան - ԱրցախՄշակութային

Ստեփանակերտի Կոմիտասի անւան երաժշտական դպրոցի տնօրէն. «Չնայած մեր ծանր ապրումներին՝ մենք կանք, ուզում ենք շարունակել մեր գործունէութիւնը»

Մարտի 22-ին Երեւանի Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան տանը, Երեւանի Կոմիտասի անւան կամերային երաժշտութեան ազգային կենտրոնի աջակցութեամբ տեղի կունենայ Ստեփանակերտի Կոմիտասի անւան երաժշտական դպրոցի սաների մասնակցութեամբ համերգ:

1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրւած երաժշտական դպրոցը 1950-ից անւանակոչւել է Կոմիտասի անունով:

2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի բնակչութեան բռնի տեղահանութիւնից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարւածային, ժող. գործիքների, երգեցողութեան բաժիններ, դպրոցն ունէր 386 աշակերտ, բաւարար շէնքային պայմաններ, 93 բարձրակարգ, իրենց գործին նւիրւած մասնագէտներ եւ որակեալ երաժշտական գործիքներ:

2023 թ. յունիսի 15-ին, լինելով շրջափակման դաժան պայմաններում, դպրոցը նշել է իր գործունէութեան 85-ամեակը` Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում կազմակերպելով յոբելեանական համերգ։

Երաժշտական դպրոցի գործունէութիւնը Հայաստանում շարունակելու մասին են երազում դպրոցի տնօրինութիւնը, ուսուցիչները, սաները։ Նրանք, թէեւ հոգեպէս ծանր վիճակին, համերգներ են կազմակերպում՝ այդպէս ցոյց տալով, որ իրենք կան, ցանկանում են շարունակել շուրջ իննը տասնամեակի պատմութիւն եւ բարի համբաւ ունեցող կրթօջախի կենսագրութիւնը։

Ստեփանակերտի Կոմիտասի անւան երաժշտական դպրոցի տնօրէն Զարինէ Բաբայեանը Panorama.am-ին պատմում է, որ 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանութիւնից յետոյ արդէն երեք համերգ ունեցել են Հայաստանում։

«Առաջինը եղել է նոյեմբերին։ Շատ դժւար էր մեզ համար կրկին բեմ դուրս գալ, հոգեպէս ծանր վիճակում էինք, բայց ուժ գտանք, հաւաքւեցինք, որպէսզի յայտարարենք՝ մենք կանք, մեզ ճանաչէին, նաեւ կառավարութիւնը իմանար, հասկանար, որ 85 տարւայ պատմութիւն ունեցող դպրոցն իրաւունք ունի շարունակելու իր գործունէութիւնը նաեւ Հայաստանում»,- ասում է տիկին Զարինէն։

Մարտի 22-ի համերգին ցանկացել են կրկնել դպրոցի 85-ամեակին նւիրւած յոբելեանական համերգի ծրագիրը, սակայն հնարաւոր չի եղել բոլոր սաներին հաւաքել մէկ յարկի տակ, քանի որ, Զ. Բաբայեանի խօսքով, նրանք բնակւում են Հայաստանի տարբեր շրջաններում։

«Բնականաբար, չենք կարող ծրագիրն ամբողջութեամբ կրկնել, բայց հնարաւորինս կը փորձենք յագեցած ծրագրով հանդէս գալ։

Համերգի տոմսերից ստացւած գումարը տրւելու է դպրոցի ուսուցիչներին, որոնք այժմ անգործ են։ Դա կը լինի մի փոքր օգնութիւն մեր փորձառու ուսուցիչներին»,- նշում է երաժշտական դպրոցի տնօրէնը։

Նա պատմում է, որ աշակերտներն այժմ փորձերն անցկացնում են որտեղ հնարաւոր է լինում, հիմնականում այն դպրոցներում, ուր յաճախում են։ Նախքան համերգը՝ երկու փորձ կունենան Կամերային երաժշտութեան տանը։

«Ով ինչպէս կարողանում է, մեզ օգնում է, ինչի համար շնորհակալ ենք»,- ասում է տիկին Զարինէն։

Դպրոցը 2022-23 ուսումնական տարւայ ընթացքում ունեցել է 468 աշակերտ, մինչեւ 2023 թ. սեպտեմբերեան դէպքերը նրանց թիւը կրճատւել է՝ հասնելով 386, որովհետեւ շրջափակման պատճառով տրանսպորտ չի եղել, երեխաները չէին կարողանում հասնել դպրոց։

«Համերգին ելոյթ կունենան այն երեխաները, ովքեր հնարաւորութիւն ունեն այս պահին պարապել։ Մօտ 30 երեխայ»,- ասում է Զ. Բաբայեանը։

Նա յայտարարում է՝ իրենց նպատակն է վերաբացել Ստեփանակերտի Կոմիտասի անւան երաժշտական դպրոցը Հայաստանում. «Մեր դպրոցը 85 տարւայ պատմութիւն ունի։ Երեւանում կան երաժշտական, արւեստի դպրոցներ, որոնք չունեն այդքան տարւայ պատմութիւն։ Ցաւալի է, որ կոմիտասեան այս տաճարը, դպրոցն այսպէս աւարտի իր գործունէութիւնը։

Մեր գործունէութիւնը շարունակելու համար հոկտեմբերին դիմել էինք կառավարութեանը, մեր նամակը հասցէագրւել է ԿԳՄՍ նախարարութեանը, սակայն դեռեւս պատասխան չենք ստացել»։

Զարինէ Բաբայեանն ասում է, որ իրենց սաներից մէկի հայրն է զոհւել սեպտեմբերեան դէպքերի ժամանակ, միւսը կորցրել է եղբօրը, իսկ ինքը՝ 25-ամեայ որդուն։

«Մենք այսքան ապրումներով հանդերձ՝ շարունակում ենք պայքարել, որպէսզի բոլորին հասկացնենք, որ մենք կանք»,- նշում է Ստեփանակերտի Կոմիտասի անւան երաժշտական դպրոցի տնօրէն Զարինէ Բաբայեանը։

Panorama.am

Related Articles

Back to top button