Արտակ Զաքարեան. «Ո՞ր մի արժանապատիւ հայը կարող է հաշտւել այն մտքի հետ, որ Արցախ աշխարհը թշնամուն յանձնւի նիկոլների, ալէնների կամ սուրիկների ձեռքերով»
Արտակ Զաքարեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.
«Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտութեան տւեալների համաձայն հին քարէդարեան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մէկը եւ այստեղ հայ մարդու կեանքն առանց ընդմիջման շարունակւել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։
Պատահական չէ, որ այն յարձակման ու ասպատակման է ենթարկւել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամեակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամէն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարեայ յուշերն ու պատմութիւնը։
Արցախի պատմութիւնը լի է տարատեսակ պատերազներով ու նւաճման փորձերով: Արցախը տեսել է սելջուկ թուրքերի արշաւանքներ՝ ու չի յանձնւել:
Արցախը տեսել է մոնղոլների տիրապետութեան բեռը, բայց չի յանձնւել: Դեպի Արցախ են արշաւել Լենկ Թեմուրը, Կարա-կոյունլու եւ աղ-կոյունլու թուրքմենական ցեղերը, բայց չեն կարողացել հպատակեցնել: Արցախը տեսել է թուրք-պարսկական պատերազմի դաժան ժամանակաշրջանը, բայց չի ընկրկել:
Արցախն ապրել եւ զարգացել է Խամսայի մելիքութիւնների ժամանակաշրջանում: Հայկական Արցախը գոյատեւել է Ղարաբաղի խանութեան եղերական տարիներին:
Արցախն իր դէմքը եւ ինքնութիւնը պահել է ռուսական կայսրութեան կազմում: Արցախը վերապրել եւ չի յանձնւել 1905-1920 թթ. Այսրկովկասի հայերի ցեղասպանութեան ժամանակաշրջանում: Արցախեան զինեալ գունդը վերջին պահին հասել ու փրկել է հայոց Սարդարապատի ճակատամարտի ելքը: Արցախը դիմադրել եւ չի ուծացւել նաեւ ԽՍՀՄ ԼՂԻՄ կարգավիճակում: Արցախը վերածնւել ու աշխարհին է ներկայացել 1988-94 թթ. ազատագրական շարժումով: Արցախի Հանրապետութիւնն ապրել ու կայացել էր իր երեսնամեայ փաստացի անկախութեան ճանապարհին:
Նախնադարից եկող հայկական Արցախցի անխորտակ նաւը, մաքառելով չարի ու բռնութեան դէմ, հասել էր 21-րդ դարի ալեկոծ նաւահանգիստը՝ նոր հորիզոններ բացելով իր ապագայի համար: Արցախահայութիւնն, իր յիշողութեան գաղտնարաններում սրբութեամբ պահպանելով Նոյի թոռ Հարեթոսեան Հայկի աւանդները, պայքարել է գոյատեւման, ինքնութեան ու ինքնուրոյնութեան, արյուն քրտինքով ստեղծած հայկական մշակութային արժէքների եւ հոգեւոր ժառանգութեան պահպանման համար։
Եւ ո՞ր մի արժանապատիւ հայը կարող է հաշտւել այն մտքի հետ, որ հազարամեակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն յանձնւի նիկոլների, ալէնների կամ սուրիկների ձեռքերով:
Հայոց պատմութեան արցախեան էջը չի կարող փակւել…»։