Սիւնիքի մարզպետը Իրանի դեսպանին շնորհակալութիւն է յայտնել հումանիտար օգնութեան համար
Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանը հոկտեմբերի 3-ին ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Այս մասին յայտնում են Սիւնիքի մարզպետարանից:
«Պարոն Սոբհանին նշեց, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրւայ իրավիճակին, որն իրենց համար էլ է ցաւալի․ «Խօսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնոյթի»։
Դեսպանը տեղեկացրեց Թեհրանի կողմից Սիւնիք ուղարկւած մարդասիրական աջակցութեան մասին՝ նշելով, որ դա առաջնային օգնութիւն է ու մարզպետից ցանկացաւ լսել ԼՂ-ից բռնի տեղահանւած անձանց հրատապ, միջնաժամկէտ ու երկարաժամկէտ կարիքների մասին, որպէսզի ԻԻՀ-ից ուղարկւող հետագայ աջակցութիւնն առաւել տեղին ու նպատակայարմար լինի։
Դիւանագէտը նաեւ տեղեկացրեց, որ մինչ այս հանդիպումը տեղահանւած մի քանի ընտանիքների է հանդիպել։
Ռոբերտ Ղուկասեանը շնորհակալութիւն յայտնեց այցի ու նաեւ հումանիտար օգնութեան համար՝ յոյս յայտնելով, որ հետագայ հանդիպումներում կը կարողանան խօսել այլ ծրագրերի, համագործակցութեան ու զարգացման նախաձեռնութիւնների մասին։
Պատասխանելով բարձրաստիճան դիւանագէտի հարցերին՝ մարզպետը ներկայացրեց Սիւնիքում ԼՂ-ից բռնի տեղահանւած մարդկանց ընդունելու, աջակցելու, տեղաւորելու, ճանապարհելու բարդ գործընթացը, նաեւ՝ այս համատեքստում այն առաջնահերթ ու հետագայ կարիքները, որոնց լուծման ուղղութեամբ ցանկալի կը լինի համագործակցութիւնը իրանական կողմի հետ։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսութեանը, անվտանգութեանը, ենթակառուցւածքների զարգացմանը եւ այլն։
Ի դէպ, Մեհդի Սոբհանիին նշեց, որ ԻԻՀ-ի կողմից մարզում իրականացւող շինարարական ու այլ աշխատանքներում կը ձգտեն աշխատանքի ընդունել նաեւ բռնի տեղահանւած անձանց՝ լուծելով նրանց զբաղւածութեան հարցը»,- նշւած է հաղորդագրութեան մէջ։