Արաղչի. «Կահիրէի համաձայնագրի ճակատագիրը կախւած է Ազգային անվտանգութեան խորհրդի որոշումից»

«ԱԼԻՔ» – Անդրադառնալով Անվտանգութեան խորհրդում, ՄԱԿ-ում եւ ՄԱԳԱՏԷ-ում վերջին զարգացումներին՝ ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ Կահիրէի համաձայնագրի ճակատագիրը կախւած է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի որոշումից։
Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ Նիւ Եօրքից վերադառնալուց յետոյ, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ Արաղչին յայտարարել է. «Նոր հանգամանքների դէմ-յանդիման ենք կանգնած, ե՛ւ Անվտանգութեան խորհրդում, ե՛ւ ՄԱԿ-ում, ե՛ւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնում: Մեր կարծիքով՝ Անվտանգութեան խորհրդում կոնսեսուս չկար Snapback-ի մեխանիզմի վերաբերեալ որոշում կայացնելու համար: Ռուսաստանը եւ Չինաստանը եւս նոյն կարծիքն ունեն: Այս հարցերը պէտք է քննարկւեն Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդում եւ նրա միջուկային կոմիտէում»:
«Մենք կը գործենք ընդհանուր իրավիճակին եւ երկրի շահերի պահանջներին համապատասխան: Վստահ եմ, որ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդում կը կայացւեն ճիշտ որոշումներ»,- յստակեցրել է նա: