Արմէն Այւազեան. «Փաստօրէն սա ԱՄՆ պետդեպի անունից Սիւնիքը յայտարարում է «վիճելի տարածք»»

«ԱԼԻՔ» – Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պատմաբան Արմէն Այւազեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէնի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի աղմկայարոյց յայտարարութեանը:
«Այս անգամ մի փոքր կոպիտ բառապաշար պէտք է գործածեմ։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Ջ. Բարրաքը կատարեալ գաղութարարի պէս վայրահաչել է Հայաստանի եւ հայերի մասին։ Ըստ այդ կատաղած ֆաշիստի՝ Հայաստանն ու Ադրբեջանը «վիճում են ընդամէնը 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Այդ վէճը տեւում է արդէն մի ամբողջ տասնամեակ՝ 32 կիլոմետր ճանապարհի համար։ Եւ այդ պահին Ամերիկան ներս է մտնում ու ասում՝ «Լաւ, մենք կը վերցնենք դա մեր վրայ։ Տւէ՛ք մեզ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալութեամբ, եւ բոլորդ միասին կարող էք օգտւել դրանից»։ Բայց այս ցեղային մտածողութիւնը չի անհետանում… Այնտեղ առաջնահերթ են անհատը, ընտանիքը, ցեղը, յետոյ միայն՝ ազգը»։
Ի՞նչ ասես այս թուրքերին ծախւած «դեսպանին». որտեղի՞ց սկսես, որտե՞ղ աւարտես։ Սա, փաստօրէն, ԱՄՆ պետդեպարտամենտի անունից Սիւնիքը պաշտօնապէս յայտարարում է «վիճելի տարածք», ընդ որում՝ 40-45 կիլոմետրանոց հայկական հատւածը կեղծ կերպով փոքրացնել-նւազեցնելով ընդամէնը 32 կիլոմետրի։ Սրան ու սրա տէրերին թւում է՝ Արցախը մարսել են եւ հիմա արդէն Հայաստանի ինքնիշխան տարածքն են պատրաստւում զաւթել՝ անունը դնելով, թէ «100 տարով վարձակալում» ենք։ Այ տաւարի ցաւ, գնայ՝ ծաւալապաշտ Թրամփիդ ասա՝ թող նախ Պանաման նորից գրաւի, յետոյ Գրենլանդիան ու Կանադան ԱՄՆ-ին կցի-միացնի, ինչպէս յայտարարել էր։ Իսկ Սիւնիքը հանգիստ թողէք. այն մնալու է կոկորդներիդ։ Հայաստանը ձեզ համար նոր Հոնկոնգ, Գուանտանամօ կամ Գազա չէ, որ զաւթէք ու նստէք՝ յետոյ էլ հայերին ձեր դրած բարձր կրակակէտերից ուղիղ նշանառութեամբ գնդակահարէք, ինչպէս հիմա ամենօրեայ ռեժիմով գնդակահարում էք պաղեստինցի երեխաներին ու կանանց։
Եթէ այս մասին է Նիկոլը «բանակցում» Ալիեւի, Էրդողանի, Մակրոնի եւ միւսների հետ, ապա նա Հայաստանի հարաւային հատւածն ակնյայտօրէն պատրաստւում է օտարել, ինչը ծանրագոյն պետական դաւաճանութիւն է։ Ո՛չ մենք՝ հայերս ենք դա ներելու, ո՛չ էլ մեր այսօրւայ իրական ու բնական միակ դաշնակից Իրանը, որի հիւսիսային սահմանին գալու են նստեն նրա ոխերիմ թշնամիները՝ ամերիկացի զինւորականներն ու նրանց սոսնձւած իսրայէլցիները։ Ռուսաստանի մասին չեմ ասում, որովհետեւ, կարծես թէ, այնտեղ դեռ չեն վերջնականապէս կողմնորոշւել։ Կամ գուցէ Սիւնիքն էլ են արդէն վաճառել Թրամփին՝ Ուկրաինայում մի քանի գիւղ ու քաղաքի դիմաց։
Կարճ ասած՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում է շատ արագ կլանել Սիւնիքը, այնուհետեւ դարձնել այն նոր Գազա՝ հայաթափել ու օտարել։
Իսկ ինչ վերաբերում է հայերի «ցեղ» լինելուն եւ «ցեղային մտածողութիւն» ունենալուն, ապա այս վայ-դեսպանի գլխի ու դդումի մտային պաշարն իրարից չեն տարբերւում՝ երկուսն էլ դատարկ են։
Ինչեւէ, բոլորիս համար պէտք է պարզ լինի, որ Մեղրիի (կամ Սիւնիքի միւս ճանապարհների) 100 տարւայ վարձակալութիւնը Հայաստանի համար նոյնն է, ինչ ադրբեջանա-թուրքական օկուպացիան. երկու դէպքում էլ մեր երկիրը հայաթափւելու է։
Հետեւաբար, այս ֆաշիստական ծրագիրը պէտք է մերժել արմատապէս. ոչ ոք, բացի հայ սահմանապահից, զինւորից ու մաքսաւորից, չպէտք է կանգնի Սիւնիքի ճանապարհներին։ Սա մեր գոյութեան վերջին բնագիծն է՝ անշրջելի ու անխախտելի։ Պէտք է պահենք՝ թէկուզ արեան գնով։
Յ. Գ. – Ամերիկացի ֆաշիստ Թոմաս Ջ. Բարրաքի պաշտօնական ասուլիսից քաղւած համապատասխան հատւածը՝ յղումով հանդերձ, տեղադրում եմ մեկնաբանութիւնների դաշտում։ Կարդացէք ու թքէք դրա վրայ էլ, այդ ասուլիսի տեքստի վրայ էլ՝ առայժմ հեռակայ կարգով։
Յ. Յ. Գ. – Սրա ասուլիսը վերնագրւած է այսպէս՝ «ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների ամրապնդում եւ Սիրիայի հետ յարաբերութիւնների առաջմղում» (Strengthening U.S.-Türkiye Relations and Advancing Relations with Syria), այսինքն՝ սա ու սրա պետերը որոշել են Թուրքիայի հետ իրենց յարաբերութիւնները ամրապնդել Հայաստանի հաշւին… Առհասարակ, մեծ տէրութիւնների որեւէ բառին հաւատալն այլեւս մահացու մեղք է»,- գրել է նա: