ԱԳՆ. «Իրանը ՄԱԿ-ի ԱԽ որոշումը համարում է անօրինական եւ պահպանում է պատասխանելու իրաւունքը»

«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելու մասին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի որոշումը համարելով անօրինական, եւ շեշտելով, որ պաշտօնական Թեհրանը պահպանում է պատասխանելու իրաւունքը:
ԱԳՆ-ն Իրանի դէմ պատժամիջոցները վերականգնելուն ուղղւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Եւրոպական եռեակ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քայլը համարել է «անօրինական, անհիմն եւ սադրիչ», որը «լրջօրէն խաթարում է շարունակական դիւանագիտական ջանքերը»:
«1. ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում երեք եւրոպական երկրների կողմից այսօր (սեպտեմբերի 19-ԽՄԲ.) ձեռնարկւած գործողութիւնը՝ Անվտանգութեան խորհրդի չեղեալ յայտարարւած բանաձեւերի վերականգնման գործընթացն աւարտելու ուղղութեամբ, անօրինական, անհիմն եւ սադրիչ գործողութիւն է, որը լրջօրէն խաթարում է ընթացիկ դիւանագիտական գործընթացները։
2. Այս գործողութեան հետեւանքների ամբողջական պատասխանատւութիւնը, եթէ այն յանգեցնի Իրանի դէմ Անվտանգութեան խորհրդի չեղարկւած բանաձեւերի վերադարձին, ընկնում է Միացեալ Նահանգների եւ երեք եւրոպական երկրների վրայ, որոնք, փաստերը խեղաթիւրելով եւ անհիմն պնդումներով, ճնշում են գործադրել Անվտանգութեան խորհրդի որոշ ոչ մշտական անդամների վրայ՝ միանալու իրենց։
3. Անվտանգութեան խորհրդի պատժամիջոցների վերականգնման գործընթացն աւարտելու այսօրւայ քայլը կայացւել է առանց կոնսենսուսի եւ չնայած Անվտանգութեան խորհրդի մի շարք անդամների լուրջ դիմադրութեանը, ինչը աւելի է խաթարում Անվտանգութեան խորհրդի հեղինակութիւնը եւ համարւում է հարւած դիւանագիտութեանը եւ Միջուկային զէնքերի չտարածման ռեժիմին։
4. Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը հիմնւած է իրանական ազգի գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի եւ զարգացման կամքի ու ցանկության վրայ, եւ Իրանի ժողովուրդը վճռական է այս ճանապարհին։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, շեշտը դնելով իր շահերի եւ իրաւունքների հետապնդման վրայ, այդ թւում՝ դիւանագիտական ճանապարհով, իրաւունք է վերապահում համաչափօրէն արձագանքել որեւէ անօրինական գործողութեան։
5. Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կոչ է անում միջազգային հանրութեան բոլոր պատասխանատու անդամներին մերժել Անվտանգութեան խորհրդում երեք եւրոպական երկրների այսօրւայ անօրինական գործողութիւնը եւ ձեռնպահ մնալ դրան որեւէ լեգիտիմութիւն տալուց»,- ասւած է ԱԳՆ հրապարակած յայտարարութեան մէջ:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը մերժել է Իրանի դէմ պատժամիջոցները չվերականգնելու մասին Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացրած բանաձեւի նախագիծը։
Հետեւաբար, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի պատժամիջոցները կը վերականգնւեն։ Գործընթացը կը մեկնարկի սեպտեմբերի 27-ից յետոյ։