Շուշի՝ յաղթական վերադարձին սպասելիս

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Շուշին երբեք սովորական քաղաք չի եղել։ Նա կանգնած էր բարձր բարձունքի վրայ՝ որպէս հայութեան հպարտութեան, տոկունութեան ու յաղթանակի խորհրդանիշ։ Նրա քարէ պատերը տեսել էին ազատագրում, երգ, աղօթք, բայց նաեւ՝ կրակ, ցաւ եւ զոհ։ Իսկ ամէն անգամ, երբ հայը վերադառնում էր Շուշի, դա լինում էր ոչ թէ պարզապէս հայրենադարձութիւն, այլեւ հոգեւոր վերադարձ դէպի սեփական ինքնութիւնը։ Եւ ահա 2020 թւականի աշնանը, երբ հողն այրւում էր, երբ հազարաւոր հայեր պահում էին իրենց վերջին հոգեւոր գծերը, Շուշին կրկին դարձաւ պայքարի սիրտը։ Ամէն հայ գիտէր՝ եթէ Շուշին կանգուն է, Արցախը շնչում է։ Բայց այդ օրը եկաւ՝ նոյեմբերի 8-ը։ Քաղաքը լռեց։ Լռեց ոչ թէ այն պատճառով, որ նրա պաշտպանները յանձնւեցին, նրանք մարտի դաշտում մնացին մինչեւ վերջ։ Լռեց, որովհետեւ մի վայրում, հեռու այդ դաշտերից, կայացւեց որոշում, որը խեղդեց Շուշւայ կանչը։
Շուշին չպարտւեց՝ նրան դաւաճանեցին։ Դաւաճանեցին նրա քարին, նրա ազատագրողներին, նրա պաշտպաններին, նրա մանուկներին, ովքեր հաւատում էին, որ հայրենի հողը երբեք չի յանձնւում։ Դաւաճանեցին այն հաւատին, որ այս հողը սուրբ է եւ ոչ մի ստորագրութեամբ չի կարելի այն օտարել։ Եւ այդ դաւաճանութիւնը այսօր էլ շարունակում է խայթել հայի հոգին՝ որպէս բաց վէրք, որը չի սպիանում։
Շուշին հիմա օտարի ձեռքում է։ Բայց եթէ զգաս այնտեղից փչող քամու բոյրը՝ նա դեռ բերում է հայի շունչը։ Քամին շարունակում է խօսել մեր լեզւով, աղօթում է մեր աղօթքով։ Քաղաքը մեզ չի լքել, նա սպասում է։ Սպասում է մեր նոր յաղթական վերադարձին, մեր վերականգնւած արժանապատւութեանը: Քաղաքները չեն մեռնում, երբ նրանց նւաճում են, այլ՝ երբ պարպւում է նրանց իրական տէրերի հոգու հաւատքը։ Շուշին դեռ ապրում է ամէն հայի յիշողութեան մէջ, իւրաքանչիւր ծնւող երեխայի ենթագիտակցութիւնում, ում գենետիկ յիշողութեան մէջ արթուն է նրա ապ ու պապերի կռւի ու յաղթանակի յիշողութիւն։
Եւ մի օր, երբ մենք լինենք այնքան համարձակ, որքան նրանք, ովքեր արիւնով ետ բերեցին եւ պահեցին այս արծւաբոյնը, Շուշին նորից կը շողայ առաւօտեան արեւին՝ ինչպէս երբեւէ, որպէս յաղթանակի ու հաւատքի վերադարձի անմար խորհրդանիշ:
«Կամաւորական շարժում» ՀԿ-ի ՖԲ էջ







