Քաղաքական

Փաշինեանը շուտով կարո​ղ է իրեն հռչակել նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս

Օրէցօր վարչապետ Նիկոլ Փաշինեանն աւելի մեծ վնաս է հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն ​եւ Հայաստանի հեղինակութեանն ամբողջ աշխարհում՝ որպէս առաջին քրիստոնեայ ազգ։ Նրա գործողութիւնները կոպտօրէն խախտում են Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը:

Առանց որեւէ իրաւասութեան, Փաշինեանն անցեալ շաբաթ իր ֆէյսբուքեան էջում ներկայացրեց «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտէզը»։ Նա յայտարարեց, որ Գարեգին Բ Կաթողիկոսի «հեռացումից յետոյ» ապագայ տեղապահի «հիմնական խնդիրը» լինելու է՝ «կազմակերպել Հայաստանում Առաքելական Եկեղեցու նոր Կանոնագրքի ընդունման գործընթացը»։

Փաշինեանը նոյնիսկ մանրամասն քայլեր ներկայացրեց իր առաջարկած «եկեղեցական նոր Կանոնագրքի» համար.

– Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքութեան կանոններ եւ դրանց ապահովման երաշխիքներ, 

– Եկեղեցու ֆինանսական թափանցիկութիւն եւ դրա ապահովման երաշխիքներ,

– Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտութիւն եւ դրա ապահովման երաշխիքներ,

– Եկեղեցու գործունէութեան համապատասխանութիւն ՀՀ Հարկային օրէնսդրութեանը եւ դրա ապահովման երաշխիքներ։ Պետական բիւջէ վճարւած հարկերը եւ տուրքերը ամբողջութեամբ կը վերադարձւեն Եկեղեցուն… 

– Հոգեւորականները կօգտւեն կառավարութեան կենսաթոշակային ֆոնդից եւ առողջութեան ապահովագրութիւնից։

– Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութիւններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։

Եկեղեցու գործերին իր միջամտութիւնն ամբողջացնելու համար Փաշինեանն առաջարկել է, որ կառավարութիւնը «տեղապահի միջնորդութեան դէպքում, խորհրդատւական աջակցութիւն կը ցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»։

Անցեալ շաբաթ Բեռլին կատարած իր այցի ընթացքում Փաշինեանը նւաստացրեց Հայ Առաքելական Եկեղեցին եւ Կաթողիկոսին՝ Գերմանիայի արտաքին յարաբերութիւնների հեղինակաւոր ընկերակցութեան առջեւ։ Ներքին հայկական վէճերը միջազգային լսարանի առջեւ ներկայացնելը լուրջ սխալ է եւ հակասում է Հայաստանի Հանրապետութեան շահերին։

Փաշինեանը Գերմանիայում բարձրացրեց Եկեղեցուն վերաբերող մի քանի անտեղի հարցեր։

1) Նա մեղադրեց հոգեւորականներին, եւ ոչ թէ միայն Կաթողիկոսին, որ նրանք «դառնում են աւելի խոցելի արտաքին ազդեցութեան նկատմամբ եւ նրանք, կը ներէք որ այսպէս եմ ձեւակերպում, կարող են գործիք դառնալ արտաքին ազդեցութեան համար»։ Վարչապետն այս լուրջ մեղադրանքը հնչեցրել է տարբեր հոգեւորականների, այդ թւում՝ Կաթողիկոսի հասցէին։ Փաշինեանը նոյնիսկ անցեալ շաբաթ Հայաստանի խորհրդարանում ասաց, որ Կաթողիկոսը ենթարկւում է «արտաքին յատուկ ծառայութեան աւագ լէյտենանտին» եւ «ամենօրեայ ռեժիմով զեկուցում է օտարերկրեայ յատուկ ծառայութեան լէյտենանտներին»։ Սակայն արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանը հակասեց իր ղեկավարին՝ ասելով, որ ինքը նման տեղեկատւութիւն չունի։ Փաշինեանի անհիմն պնդումը գերազանցում է հոգեւորականների բարոյական վարքագծի հարցը։ Օտարերկրեայ գործակալ լինելը Հայաստանի օրէնսդրութեան լուրջ խախտում է։ Եթէ Փաշինեանը որեւէ ապացոյց ունի, նա պարտաւոր է դրանք ներկայացնել դատարան՝ հետապնդման համար։ Առանց որեւէ ապացոյցի նման մեղադրանք ներկայացնելը զրպարտութիւն է, որի համար Կաթողիկոսը պէտք է դատի տայ Փաշինեանին։

2) Փաշինեանն ասաց գերմանական լսարանին. «Ոչ ոք չգիտի, թէ մեր եկեղեցին ինչպէս է ֆինանսաւորւում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպէս է այն ծախսւում»։ Քանի որ կառավարութիւնը տեղեակ է հոգեւորականների անձնական կեանքի մասին, ապա այն անկասկած գիտի այդ միջոցների չափերն ու աղբիւրները։

3) Փաշինեանը շարունակեց դատապարտել «հոգեւորականների որոշ առաջնորդների»՝ «ամօթալի շքեղութեան մէջ ապրելու համար, մինչդեռ որոշ սովորական եկեղեցականներ ապրում են աղքատութեան մէջ»։ Եթէ սա ճիշտ է, ապա դա վարչապետի կամ կառավարութեան գործը չէ։ Եւս մէկ անգամ նա խախտում է եկեղեցին պետութիւնից բաժանող սահմանադրական դրոյթը։

4) Փաշինեանը խօսեց Եկեղեցին բարեփոխելու անհրաժեշտութեան մասին, չնայած որ իրաւունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին գործերին: Եկեղեցին ունի իր սեփական սահմանւած ընթացակարգերը նման հարցեր լուծելու համար: Վարչապետի հիմնական պարտականութիւնը կառավարութեան ղեկավարումն է. նա չունի լիազօրութիւններ կամ մանդատ Եկեղեցին բարեփոխելու համար: Որպէս Եկեղեցու անդամ՝ նա կարող է արտայայտել իր անձնական կարծիքը, բայց նա շատ աւելի հեռուն է գնացել: Նա նախաձեռնել է մի ամբողջ արշաւ Կաթողիկոսին հեռացնելու համար, առաջարկել եկեղեցական որոշակի բարեփոխումներ, զրպարտել հոգեւորականներին եւ բանտարկել մի քանի բարձրաստիճան հոգեւորականների:

Անցեալ շաբաթ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում ներկայացրեց եւս մէկ տարօրինակ առաջարկ. նա ցանկանում է, որ եկեղեցական երգչախմբերը Հայաստանի Հանրապետութեան օրհներգը կատարեն «բոլոր եկեղեցիներում, ժամը 10:55-ին, պատարագից անմիջապէս առաջ»։ Սակայն «բոլոր եկեղեցիներ» ասելով՝ պարզ չէ՝ արդեօք նա նկատի ունի նաեւ Հայ կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիները։ Բացի այդ, նա չի նշել, թէ արդեօք առաջարկը վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս գտնւող Հայ Առաքելական Եկեղեցիներին։ Կարելի է պատկերացնել Թուրքիայի կառավարութեան թշնամական արձագանքը, եթէ Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը կատարեն ոչ թէ Թուրքիայի, այլ Հայաստանի Հանրապետութեան օրհներգը։

Եթէ Փաշինեանն իրեն համարում է այդքան ազգայնական եւ Հայ Առաքելական Եկեղեցու հաւատարիմ հետեւորդ, ապա ինչո՞ւ չի սկսում իր ամենշաբաթեայ կառավարական նիստերը Հայաստանի Հանրապետութեան օրհներգով եւ աղօթքով։ Ինչո՞ւ նրա խորհրդարանական մեծամասնութիւնը իւրաքանչիւր նիստ չի բացում օրհներգով եւ աղօթքով։ Ուստի առաջարկում եմ, որ Փաշինեանը նախ իր կառավարութիւնում ներդնի այդ փոփոխութիւնները՝ նախքան Եկեղեցուն հրահանգներ տալը։

Յաջորդող տեսանիւթում, որը Փաշինեանը հրապարակեց իր ֆէյսբուքեան էջում, նա առաջարկեց՝ «քննարկել եկեղեցիների մուտքի մօտ կամ ներսում Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշի տեղադրման հարցը»։ Փաշինեանը ոչ միայն ցանկանում է փոխել Կաթողիկոսին, այլեւ սահմանել, թէ ինչ պէտք է երգի երգչախումբը եւ ինչ դրօշ պէտք է ցուցադրւի եկեղեցում։ Սա լիովին անհիմն միջամտութիւն է Եկեղեցու ներքին գործերին։ Փաշինեանը պէտք է կենտրոնանայ իր իրական աշխատանքի՝ կառավարութեան ղեկավարման վրայ, որը խայտառակ կերպով ձախողել է։

Վարչապետ Փաշինեանը, որը նոյնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել յաջորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button