Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Ռինդ գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։

Հայերէնում ռինդ (ռինտ, ըռինտ) բառը նշանակում է գեղեցիկ, գրաւիչ, հպարտութիւն ներշնչող։

Ռինդը գտնւում է Վարդենիսի լեռնաշղթայի Արփայի հովիտը իջնող լեզւակաձեւ սարավանդի վրայ՝ ծովի մակերեւոյթից 1320 մ բարձրութեան վրայ։ Այն հեռու է մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 25 կմ դէպի արեւմուտք։

Ներկայումս գիւղի վարչական տարածքը կազմում է 4388.32 հեկտար, տնտեսութիւնների թիւը՝ 432։ Գիւղը մայրուղուց հեռու է 4 կմ։ Ռինդը սահմանակից է Ելփին, Չիւա, Արենի, Աղաւնաձոր, Հորս եւ Թառաթումբ գիւղերին։

Գիւղի տարածքն ընկած է Ելփին գետի ջրահաւաք աւազանում։ Ամենամեծ ջրային օբեկտը Եղեգնալիճն է՝ 2.12 հեկտար մակերեսով, որի հայելու բացարձակ բարձրութիւնը կազմում է 1458 մետր։

Վարդենիսի լեռների հրաբխային ապարներում ներծծւած ջրերն աղբիւրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում եւ խողովակաշարերով հասնում են գիւղ՝ օգտագործւելով խմելու եւ կենցաղային կարիքների համար։

Ռինդ գիւղը հիմնադրւել է 1800-ականների սկզբին՝ Շորգեցի Սիմոնի կողմից։ Հետագայում այստեղ են բնակութիւն հաստատել Մելիք Բալին իր եղբայրների՝ Աղաբաբի եւ Գրիգորի հետ, ինչպէս նաեւ Զարգար Թադեւոսը եւ այլ ընտանիքներ։ Բնակչութեան մի մասի նախնիները 1828 թ.-ին գաղթել են Խոյի եւ Սալմաստի գիւղերից։

1967 թ.-ին սողանքի հետեւանքով հին գիւղատեղին ամայացաւ, եւ բնակիչները տեղափոխւեցին 3 կմ արեւմուտք՝ «Թափ» հանդամաս, որտեղ հիմնւեց ներկայիս գիւղը։

Ենթադրւում է, որ Ռինդը պատմիչ Ստեփանոս Օրբելեանի (13-րդ դար) յիշատակած Ըռեղի գիւղն է։

Գիւղից 1 կմ հիւսիս-արեւմուտք գտնւող Ջնդրաղաջի սարահարթը նորագոյն շրջանում յայտնի է հայ-թուրքական բախումների վայր։ Յատկապէս յիշարժան է 1919 թ. նոյեմբերի 29-ի մեծ ճակատամարտը, որի ժամանակ Աղաւնաձորի ու Ռինդի դասակները եւ աշխարհազօրը ջախջախեցին Խալին բէյի գլխաւորած թուրք հրոսակներին, որոնք Չիւայով առաջ էին շարժւում դէպի Ռինդ եւ Աղաւնաձոր։

Ռինդի մշտական բնակչութիւնը կազմում է 1502 մարդ։ Գիւղը հիմնադրման օրից բնակեցւած է բացառապէս հայերով, որոնց մի մասը 1828 թ.-ին գաղթել է Պարսկահայաստանի Խոյի եւ Սալմաստի շրջաններից։

Գիւղի տարածքում պահպանւել են XII-XIII դարերի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարերի խաչքարեր։ Գիւղն ունի միջնակարգ դպրոց, մշակոյթի տուն, մանկապարտէզ, փոստ, բուժկէտ։

Բնակչութիւնը հիմնականում զբաղւում է անասնապահութեամբ, հացահատիկի եւ կերային կուլտուրաների մշակութեամբ։ Բուսաբուծութեան մէջ առանձնանում են խաղողագործութիւնը եւ դեղձի արտադրութիւնը։

2009 թւականից Ռինդի տարածքում գործում է «Զորահ» գինեգործական ընկերութիւնը։ 2012 թ.-ին այդ ընկերութեան արտադրած Zorah Karasi Areni Noir գինին Bloomberg հանդէսի կողմից ճանաչւել է աշխարհի 10 լաւագոյն գինիներից մէկը։

Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւաւորման 17-ամեակի առթիւ անցկացւած «Տարւայ լաւագոյն համայնք – 2013» մրցանակաբաշխութեան ժամանակ Ռինդը ճանաչւել է լաւագոյն գիւղական համայնք։

Գիւղի մշակոյթի տանը գործում է պարի խմբակ։ 2012 թւականից հոկտեմբերին նշւում է գիւղի հիմնադրման օրը։

Պատմամշակութային կառոյցներ

Գիւղի հիւսիս-արեւելքում գտնւում է հին հայկական Ուլգիւր բնակատեղին, որը համարւում է մանրանկարիչ եւ ճարտարապետ Մոմիկի ծննդավայրը։ Վերին Ուլգիւրում պահպանւել են 12-14-րդ դարերի խաչքարեր, գերեզմաններ եւ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը։

1 կմ հիւսիս-արեւմուտքում է գտնւում Ջնդրաղաչի պրիզմայաձեւ հարթակը, որը հնուց հանդիսացել է սրբատեղի։ Այստեղ զուգակցւում են քրիստոնէական եւ նախաքրիստոնէական մշակութային շերտեր։ Սրբավայրում կան երկու մենհիրներ (նախնադարեան համայնական պաշտամունքային յուշակոթողներ), իսկ հարթակի դերը կատարում է միջնադարեան տապանաքար։ 2006 թ.-ին Հ.Հ. կառավարութեան N1905 որոշմամբ սրբավայրի մատուռի անունը պաշտօնապէս հաստատւել է որպէս «Ջնդրախաչ»։

2021 թւականին Ռինդում կառուցւել է Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցին։ Գիւղի կենտրոնում է գտնւում փառքի պուրակը, որտեղ կանգնեցւած են Հայրենական մեծ պատերազմի անյայտ զինւորի յուշարձանը, Արցախեան ազատամարտի եւ Մեծ Եղեռնի զոհերի յիշատակի խաչքարերը։ Եկեղեցու հարեւանութեամբ տեղադրւած է աղբիւր-յուշարձան։

Ռինդ գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է ընդամէնը 56 յուշարձան (15 միաւոր)։

 

Յայտնի անձինք

  • Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեան – Վայոց ձորի թեմի առաջնորդ։
  • Հենրիկ Վարդանեան – Հայ ազատամարտիկ, Արցախեան պատերազմի մասնակից։
  • Մկրտիչ Մկրտչեան – Գրող, բանաստեղծ, դրամատուրգ։

 

Ջնդրախաչ (նաեւ՝ Ջնդրաղաչ, Ջնդր. գրաբարում՝ ճանդարի՝ «սոսի» եւ խաչ բառերից) սրբավայր-մատուռ է, որը գտնւում է Վայոց ձորի մարզի Ռինդ գիւղի հիւսիս-արեւմտեան հատւածում՝ Ջնդրաղաչի սարավանդի վրայ։

Սրբավայրի անւանումը բաղկացած է «Ջնդր» եւ «աղաչ» բառերից։ «Աղաչը» թուրքերէնում նշանակում է «ծառ»։ «Ջնդր» արմատի վերաբերեալ գոյութիւն ունեն երկու հիմնական վարկած։ Առաջինի համաձայն՝ այն գալիս է գրաբարի ճանդարի (ջանդարի, ճանդար, ճանտարի) բառից, որտեղ «ա»-ն փոխւել է «ը»-ի. այս բառը նշանակում է սոսի, չինարի։ Ըստ այս տարբերակի՝ հնագույն ժամանակներում սրբավայրի տեղում սոսու ծառ է աճել, իսկ նախաքրիստոնէական շրջանում Հայաստանում տարածւած է եղել սոսի ծառի պաշտամունքը։

Երկրորդ վարկածի համաձայն՝ «Ջնդր»-ը կապւում է ջընքըռ (ջընգըռ), ջնթա բառերի հետ, որոնք տւեալ տարածաշրջանի խօսւածքում նշանակում են քուրձ, լաթ, ցնցոտի, քրքրւած շոր։

Սրբավայրի տեղում՝ Հին Ռինդի եւ Չիւայի միջեւ գտնւող Ջնդրաղաչի սարահարթը, նորագոյն շրջանում յայտնի է որպէս հայ-թուրքական բազմաթիւ կռիւների մարտադաշտ։

Նշանաւոր է 1919 թւականի նոյեմբերի 29-ի մեծ ճակատամարտը, երբ Աղաւնաձորի եւ Ռինդի դասակներն ու աշխարհազօրը ջախջախեցին եւ Ջնդրաղաչի դիրքերից դուրս շպրտեցին Շարուրից Չիւայով դէպի Ռինդ եւ Աղաւնաձոր արշաւող թուրք հրոսակախմբերին՝ Խալին բէյի գլխաւորութեամբ։

Եղեգնալիճ, լիճ Վայոց ձորի մարզի Ռինդ գիւղի տարածքում, բնակավայրից 2 կմ հիւսիս-արեւելք՝ ծովի մակարդակից 1458 մետր բարձրութեան վրայ։ Լճի հայելու մակերեսը 2,12 հեկտար է, երկարութիւնը՝ 294 մետր, առաւելագոյն լայնութիւնը՝ 141 մետր։

Լճի ջուրն օգտագործւում է ոռոգման եւ ձկնորսական նպատակներով։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button