Հայաստան - ԱրցախՄշակութային

Օկուպացւած է մնում 1456 պատմական եւ մշակութային յուշարձան

Արցախից բռնի տեղահանւածների իրաւունքների պաշտպանութեան հասարակական կազմակերպութիւնների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգութեան նկատմամբ իրականացւող շարունակական վայրագութիւններն ու վանդալիզմը:

Յայտարարութիւնում նշւած է․

«Հայաստանի եւ հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցւած պատմական եւ մշակութային հարստութիւնն այսօր վտանգի տակ է եւ անօրինական ու անմարդկային գործողութիւնների է ենթարկւում Ադրբեջանի կողմից:

Արցախի ու տարածաշրջանի մշակութային ժառանգութիւնը վերջին 30 տարիների ընթացքում անդառնալի կորուստներ է կրել Ադրբեջանի կողմից, յատկապէս Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնում, որտեղ աւերւել են 89 հայկական եկեղեցիներ, 20,000 գերեզմաններ եւ աւելի քան 5000 խաչքարեր։

2020 թւականի նոյեմբերի 9-ի զինադադարից յետոյ, Ադրբեջանի վերահսկողութեան տակ է անցել 1456 պատմական եւ մշակութային յուշարձան, հիմնականում՝ հայկական, Ադրբեջանը զգալի չափերով եւ միտումնաւոր վնաս է հասցրել հայկական մշակութային ժառանգութեանը։

Հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման համակագրւած բնոյթը.

Վնասները եւ աւերածութիւնները վերաբերում են տարբեր տարածքների բազմաթիւ յուշարձանների, աւերւել են յատկապէս հայկական մշակութային ծածկագիր կրող օբիեկտները (եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատներ), աւերածութիւնների մեծ մասը տեղի է ունեցել ակտիւ ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ։

Ականատեսների վկայութիւններ.

Տեղի բնակիչները եւ միջազգային դիտորդները հաստատել են վանդալիզմի եւ յուշարձանների ոչնչացման դէպքերը։

Կոնկրետ օրինակներ.

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախաւորւած գնդակոծում,

Շուշիում Հայոց ցեղասպանութեան եւ պատերազմների զոհերի յիշատակի կոթողի աւերում,

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու քանդում,

Ջաբրայիլի Սուրբ Զօրաւոր Աստւածածին եկեղեցու անհետացում,

12-րդ դարի Խուդաֆերինի պատմական կամրջի ոչնչացում,

12-րդ դարի Ջուլֆայի գերեզմանատան ոչնչացում,

Այլ եկեղեցիների, խաչքարերի եւ պատմական յուշարձանների վնասում կամ ոչնչացում (օրինակ՝ Մեխակաւանի, Մատաղիսի եկեղեցիներ)։

Այս գործողութիւնները վկայում են հայկական մշակութային ժառանգութեան դէմ ուղղւած համակարգւած քայլերի մասին, որոնք վտանգում են ոչ միայն հայկական, այլեւ՝ համաշխարհային մշակութային արժէքները:

Դատապարտելի է, որ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազաւթւած Արցախում միջազգային իրաւունքների խախտմամբ, հետեւողականօրէն ջնջում է ոչ միայն հայկական ներկայութիւնը եւ պատմութիւնը Արցախի տարածքում, այլ նաեւ համաշխարհային պատմութեան ու մշակոյթի մեծագոյն երաշխաւորներ հանդիսացող այլ պետութիւնների հայազգի քաղաքացիներին առնչւող համալիրներն ու արձանները։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանութեան հերթական զոհերն են Խորհրդային Միութեան նշանաւոր զօրահրամանատար, Խորհրդային Միութեան մարշալ, ԽՍՀՄ պաշտպանութեան փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Յովհաննէս Խաչատուրի Բաղրամեանի արձանը, Ամերիկայի քաղաքացի՝ մեծ բարերար ու գիւտարար Ալէք Մանուկեանի արձանը  Ստեփանակերտի Պոլ Էլիւար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանութեամբ գտնւող աշխարհահռչակ շանսոնիէ, Ֆրանսիայի քաղաքացի լեգենդար Շառլ Ազնաւուրի յուշարձանը։

Հանրայայտ է, որ Միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը մշակութային օբիեկտների պաշտպանութիւնը զինւած ընդհարումների ժամանակ իրենց պաշտպանութեան տակ են վերցնում, իսկ Միջազգային քրէական դատարանի կանոնադրութեան 8-րդ յօդւածը օկուպացւած տարածքներում մշակութային ժառանգութեան ոչնչացումը միջազգային ռազմական յանցագործութիւն է համարում: Բայցեւայնպէս, հայկական հետքը վերացնելու ադրբեջանական մոլուցքը չի ճանաչում մարդկային ու համամարդկային, միջազգային ու ներպետական,  համաշխարհային ու բարոյական եւ ոչ մի սահման։

Տարածաշրջանում մշակութային, կրօնական կամ պատմական ժառանգութեան ակունքների հետագայ ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց զերծ մնալու՝ Ադրբեջանին ուղղւած միջազգային կառոյցների կոչերն ու բանաձեւերը, որոնց հիմքում ընկած են միջազգային այնպիսի կարեւոր փաստաթղթեր ու հանրայայտ սկզբունքներ, ինչպիսիք են՝ Արդարադատութեան միջազգային դատարանի (ICJ) որոշումները, ԵՄ Խորհրդի եզրակացութիւնները, ԻՒՆԵՍԿՕ-ի կոնւենցիաներն ու հռչակագրերը, ՄԱԿ-ի, Հաագայի կոնւենցիաներն ու արձանագրութիւնները, «Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը», միջազգային կոնւենցիաներն ու Եւրոպական միութեան սկզբունքները, շարունակում են մնալ անհետեւանք։

Չնայած իրավիճակի լրջութեանը՝ մշակութային յուշարձանների ոչնչացման փաստերը հաստատող միջազգային լայնածաւալ հետաքննութիւններ չեն իրականացւում։ Այնուամենայնիւ, միջազգային մի շարք կազմակերպութիւններ եւ երկրներ այս կապակցութեամբ շարունակում են մտահոգութիւն յայտնել. Եւրախորհրդարանն  ընդունել է Ադրբեջանի գործողութիւնները դատապարտող մի քանի բանաձեւեր եւ հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեանն ուղղւած կոչեր։ Միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններ Amnesty International-ը, Human Rights Watch-ը եւ այլք մտահոգութիւն են յայտնել աւերածութիւնների մասին հաղորդումների վերաբերեալ եւ կոչ են արել անկախ հետաքննութիւն անցկացնել։

Մենք կոչ ենք անում մշակութային ժառանգութեան պահպանութեան միջազգային, տարածարջանային, ներպետական ու ազգային բոլոր դերակատարներին, մասնաւորապէս՝ UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization), ICOMOS (International Council on Monuments and Sites), Blue Shield International, Council of Europe եւ իրաւունքների բոլոր պաշտպաններին, անմիջապէս միջամտել եւ կանխել այս սարսափելի գործընթացը:

Մեր պահանջն է, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախում գտնւող մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ ապահովի մշակութային ժառանգութիւն հանդիսացող օբիեկտների պահպանումը՝ միջազգային իրաւունքի սկզբունքներին ու չափանիշների համահունչ:

Արցախից բռնի տեղահանւածների իրաւունքների պաշտպանութեան հասարակական կազմակերպութիւնների ցանցը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Տարածաշրջանում մշակութային, կրօնական կամ պատմական ժառանգութեան ակունքները հետագայ ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց պաշտպանելու ուղղութեամբ։

Յայտարարութիւնը ընդունւել է Արցախից բռնի տեղահանւածների իրաւունքների պաշտպանութեան ՔՀԿ-ների ցանցի(այսուհետեւ՝ Ցանց) կառավարման  խորհրդի կողմից 2024 թւականի սեպտեմբերի  20-ին: Ցանցը հիմնադրւել է 2024 թւականի մարտի 20-ին։ Ցանցի հիմնական նպատակն է ուժեղացնել Արցախից բռնի տեղահանւածների իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմները։

Ցանցի քարտուղարութեան գործառոյթները իրականացւում է Իրաւաբանների հայկական ասոցիացիայի(այսուհետ՝ ԻՀԱ) կողմից։ ԻՀԱ-ն 2014 թւականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական եւ Սոցիալական Խորհրդի յատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ»։

Related Articles

Back to top button