Արմէն Խաչիկեան. «Սիրելի արցախցիներ, ձեզ ստում են. 91%-ն Արցախի էջը փակւած չի՛ համարում. 73%-ը չի՛ հաւատում Ադրբեջանի հետ խաղաղութեանը»

«ԱԼԻՔ» – «Արար» քաղաքակրթական հետազօտութիւնների հիմնադրամի գործադիր տնօրէն Արմէն Խաչիկեանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ներկայացրել է իրենց վերջին սոցիոլոգիական հարցումների արդիւնքները:
«Հարցւածների շուրջ 73 տոկոսը համարում է, որ Ադրբեջանի հետ հնարաւոր չէ կայուն/երկարատեւ խաղաղութեան հասնել, եւ ընդամէնը 26 տոկոսն է հաւատում, որ հնարաւոր է խաղաղութիւն լինի: Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ ժամանակի հետ հասարակութիւնը սկսում է հասկանալ, որ պարզապէս թղթերով գետնի վրայ խաղաղութիւն չի ստացւում»,- ասել է նա:
Նա անհեթեթութիւն է համարել իշխանական շրջանակների այն թէզերը, թէ ովքեր այս ճանապարհով խաղաղութեանը չեն հաւատում, պատերազմ են ուզում. «Բնականաբար, բոլորս ուզում ենք խաղաղութիւն, բայց ցաւօք, դա գրեթէ անհնար է այս պայմաններում, երբ Ադրբեջանը ռազմատենչ հռետորաբանութեամբ պահանջներ է ներկայացնում եւ շարունակում է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ նկրտումները: Այս համատեքստում, հասարակութեան շուրջ 73 տոկոսը չի հաւատում խաղաղութեանն Ադրբեջանի հետ»:
Վաշինգտոնեան պրոցեսները, ըստ նրա՝ որոշակի ազդեցութիւն կարող են ունենալ մարդկանց պատասխանների վրայ, բայց ամէն դէպքում, յուլիս ամսին արւած հետազօտութեան ընթացքում ուղիղ հարց է հնչել քաղաքացիներին՝ հաւատո՞ւմ էք արդեօք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկւող խաղաղութեան պայմանագիրը կը բերի իրական խաղաղութիւն, ինչին բացասական է պատասխանել 74 տոկոսը.
«Այսինքն՝ իւրաքանչիւր 4 մարդուց 1 հոգին է հաւատում, որ խաղաղութիւն կը լինի, միւս 3-ը չեն հաւատում: Բայց, եթէ, օրինակ, բացէք սոցցանցերը, շատերի մօտ տպաւորութիւն կարող է ստեղծւել, թէ խաղաղութեանը հաւատացողները մի տեսակ շատ են: Մեր հասարակութիւնը շատ է ուզում խաղաղութիւն, բոլորն են ուզում խաղաղութիւն, բայց դա օդից չի ընկնելու կամ որեւէ մէկի ստորագրութեամբ չի լինելու, այլ իրական՝ գետնի վրայ երաշխիքներով, մեխանիզմներով: Եթէ հակառակորդը քեզ ուզում է խժռել, մի տեսակ դժւար է խաղաղութիւն ունենալ»:
Արցախի վերաբերեալ հարցի պատասխանի արդիւնքները նա դրական իմաստով տպաւորիչ է համարում. «ՀՀ քաղաքացիները հաւատում են, որ օրերից մի օր մենք ուժեղանալու ենք եւ վերադարձնելու ենք Արցախը: 91 տոկոսը՝ բացարձակ մեծամասնութիւնը, հաւատում է, որ օրերից մի օր վերադարձնելու ենք Արցախը, ուժեղանալու ենք, պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Սա շատ կարեւոր տեսլական է, որ հասարակութիւնում այս գաղափարը շարունակում է դոմինանտ մնալ, կարեւորւել: Ընդամէնը 7.3 տոկոսն է, որ չի հաւատում Արցախը վերադարձնելուն: Սիրելի արցախցիներ, ձեզ ստում են, երբ ասում են, թէ մեր հասարակութիւնն Արցախի էջը համարում է փակւած, որովհետեւ մեր հասարակութեան 91 տոկոսը համարում է, որ Արցախի էջը փակւած չէ, մենք պէտք է դեռ ուժեղանանք եւ յետ բերենք Արցախը: Եւ այն աղմկոտ փոքրամասնութիւնը, որ աղմկում է, թէ՝ Արցախը բեռ էր, միջազգայնօրէն ճանաչւած չէր, ընդամէնը 7.3 տոկոսի կարծիքն ու գաղափարն է, որը չափազանց փոքր տոկոս է»: