Վարդան Յակոբեան. «Իրանն ամէն ինչ կանի, որ Սիւնիքը չյանձնւի»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, քաղաքական վերլուծաբան Վարդան Յակոբեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Հայաստանի իշխանութիւնները շարունակում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ջանքեր գործադրել ու դրա անունը դրել են «Խաղաղութեան խաչմերուկ»։ Մենք կարող ենք մի բան նկատել՝ Պուտինի չափազանց համբերատարութիւնը դրան, նոյնիսկ՝ սիրաշահումները։ Պուտինը հետեւողական է իր վարքագծի մէջ։ Նա համբերատար 8 տարի խօսեց Ուկրաինայի հետ, յետոյ տեսանք՝ ինչ կատարւեց։
– Մոսկովեան հանդիպումների ժամանակ տեսանք, որ Փաշինեանին ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ոչ միայն Ալիեւը, ով քմծիծաղ էր տալիս, ծաղրով էր վերաբերւում, այլեւ միւս երկրների ղեկավարները։ Բայց խնդիրը նրանում է, որ նրան լուրջ չի ընդունում նաեւ Արեւմուտքը։
– Իրավիճակը չափազանց լարւած է։ Դեռ չգիտեն՝ ինչ կանի Իսրայէլի վարչապետ Նեթանիահուն։ Եւ այս իրավիճակում խօսել «խաղաղութեան խաչմերուկից» կամ սահմանազատումներից, դա նոյնն է, եթէ նախորդ դարի 30-ականներին՝ աշխարհաքաղաքական զարգացումների այդ ֆոնին, խօսէին սահմանազատումից… Դա աբսուրդ է: Ի՜նչ սահմանազատման մասին է խօսքը, եթէ վաղը կարող է շատ բան փոխւել եւ ոչ միայն՝ Հայաստանի համար։ Ու եթէ հիմա անգամ ինչ-որ թուղթ ստորագրւի, դա սոսկ թուղթ է լինելու եւ ոչ մի քաղաքական արժէք չի ունենալու։
– Պուտինը դեռ համբերում ու ձգում է՝ իր շահերը հաշւի առնելով, բայց այն, որ դրա լիցքաթափումը լինելու է, ես կասկած չունեմ։ Այդպէս է մտածում նաեւ Իրանը, որովհետեւ տարածաշրջանի համար Հարաւային Կովկասը շատ կարեւոր նշանակութիւն ունի։
– Արեւմուտքի իրական մեսիջը Հայաստանին մնում է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, որպէսզի արեւմտեան զօրաշարժերի համար պայմաններ ապահովեն դէպի տարածաշրջան։
– Արեւմուտքի վառած կրակն Ուկրաինայից գալիս է Հարաւային Կովկաս։ Եւ այս պայմաններում լուրջ պետութիւններն իրենց համար դաշտ են նախապատրաստում։ Նորից եմ կրկնում՝ իրենց նաւթատար պէտք չի, այլ իրենց պէտք են ճանապարհներ։ Դրա համար էլ, եթէ նայէք, կը տեսնէք՝ Գիւմրիի ճանապարհն օր ու գիշեր կառուցւում է։ Եւ սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ նաեւ Վրաստանին ու Ադրբեջանին։ Ուղղակի Թուրքիան Ալիեւին կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդներ տալ։
– Դո՛ւ, Հայաստանի ղեկավարութի՛ւն, ասում ես՝ բարեկամական յարաբերութիւն ունես Իրանի, Ռուսաստանի հետ, բայց իրականում դու յարաբերութիւն չունես։ Դա ասում ես դա քողարկելու համար։ Ժամանակին, երբ նախկին իշխանութիւնները վարում էին կոմպլեմենտար քաղաքականութիւն, հէնց նրա համար էր, որ յարաբերութիւններ ձեւաւորւէին։
– Եթէ դու ռուս խաղաղապահներին դուրս ես մղում, նշանակում է՝ խաղաղութեան խաչմերուկից խօսել չես կարող։ Եւ եթէ հիմա ռուսները լռում են, դա նրա համար է, որ ոտքի տեղ անեն, որ յետոյ երկու ոտքով մտնեն։ Դուք Պուտինի բերանից լսե՞լ էք որեւէ վատ խօսք Ալիեւի կամ Փաշինեանի կամ Վրաստանի մասին..․Ո՛չ… Նա շատ համբերատար է։ Ժամանակին էլ համբերեց այնքան, մինչեւ Աբխազիան ու Օսեթիան Վրաստանի ձեռքից գնացին։ Պուտինը երբեք իր ասած խօսքից յետ չի կանգնի, երբեք չի ասի՝ Աբխազիան ու Օսեթիան վերադարձնում է Վրաստանին, բայց կարող է ասել՝ հաշտւէք իրար հետ։
– Շատերը չեն ուզում տեսնել, որ Ադրբեջան-Ռուսաստան յարաբերութիւններում չափից դուրս լուրջ խնդիրներ կան։ Իրանի նախկին նախագահի զոհւելու կապակցութեամբ Ադրբեջանի պահւածքը, «Հեզբօլլահ»-ի հետ կապւած գործողութիւնները շատ բանի մասին են խօսում։ Ե՛ւ ռուսները, ե՛ւ թուրքերը գիտեն, որ Ալիեւի օրերն էլ կարող են հաշւած լինել։ Եթէ ոտքը դրեց գազին ու անցաւ կարմիր լոյսի տակով, անկախ նրանից՝ այդ լոյսը ռուսակա՞ն է, թէ՞ արեւմտեան, Ալիեւի համար դա շատ ցաւոտ կարող է լինել։
– Ցաւօք, մենք չունենք պետութիւնը ցանկացած գնով պահելու գիտակցութիւն։
– Ընտանիք, հարազատներ չունեցող մարդիկ միշտ հեշտ կառավարելի են։
– Իսկ ո՞վ ասաց, որ Միացեալ Նահանգները՝ որպէս կայսրութիւն, միշտ պիտի գոյութիւն ունենայ։ Ամբողջ աշխարհը մի օրգանիզմ է, եւ եթէ քո հակառակորդ համակարգը՝ ԽՍՀՄ-ը փլուզւել է, դու դրանից լկտիանում ես, քեզ երեւակայում աշխարհի տէր, ու սկսւում է քո ներքին փլուզումը։
– Դու չես կարող քո ինքնուրոյնութիւնը պահպանել, եւ ինչ-որ տեղ դա քո փոխարէն անում էին ռուսները։ Եւ եթէ դու չունես քեզ պաշտպանելու հնարաւորութիւն, ռուս սահմանապահներին էլ հանում ես, նշանակում է՝ դու դառնում ես ազատ կորիդոր, ով ինչ ուզի, կարող է մտցնել քո երկիր՝ զէնք, թմրանիւթ եւ այլն։ Բայց ես կարծում եմ՝ հանգուցալուծումը մօտ է. կայծ կը լինի, ու լիցքաթափումը կը սկսւի։
– Իրանը հիմա շատ զգուշաւոր է, մանաւանդ, որ Իրանում էլ կան ուժեր, որոնց ժամանակին Մոսադն է տեղակայել, որոնք ցանկանում են Իրանում թարմացնել հակառուսական տրամադրութիւնները։ Իրանի նախկին նախագահի մահից յետոյ նոր նախագահի ընտրութիւնից յետոյ ռուս-իրանական յարաբերութիւնները մի պահ սկսեցին տատանւել, բայց հիմա Իրանը ռուսների հետ յարաբերութիւնները նորից պարզաջրում է։ Իրանը զգում է, որ իր գլխին կախւած է մահացու վտանգ։ Իրանում աւելի շատ վախենում են, որ ներսում իրավիճակը չպայթի, քան արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանը դրանից շատ լաւ կօգտւի։
– Ի տարբերութիւն Նիկոլ Փաշինեանի, ով գեղեցիկ-գեղեցիկ խօսում է ինչ-որ խաչմերուկից, մնացած բոլորը լարւած սպասում են, որ Մերձաւոր Արեւելքում հես ա ինչ-որ բան պէտք է պայթի։
– Հայաստանի ներսում այսօր պրիմիտիւ խաղ է տեղի ունենում՝ վարկաբեկելու համար Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցութիւնները։ Շատ նաեւ խօսակցութիւններ են գռփելու, իշխանութիւն վերցնելու մասին խօսակցութիւնները, երբ տեսնում ես՝ ովքեր են տաշտակի մօտ նստած։ Հարց է առաջանում՝ ներողութիւն, իսկ դուք ո՞վ էք, ո՞վ է ձեզ կարգել դատաւոր, որ դուք ուզում էք սրան կամ նրան քաղաքական դաշտից հանել, յատկապէս մարդկանց, ովքեր ահռելի փորձառութիւն ունեն։ Վաղը, որ հանգուցալուծումը եղաւ, էդ արտաքին ուժերն ո՞ւմ հետ են հաշւի նստելու։ Այսինքն՝ դուք մտածում էք՝ ունէք այն քաղաքական կռիշն ու բագաժը, որ գան ձեզ հետ նստեն, խօսե՞ն։
– Ռուսները կուզեն Լեռնային Ղարաբաղում հիւպատոսութիւն ունենալ, դրան դէմ են Թուրքիան ու Ադրբեջանը։ Ռուսաստանի համար կարեւոր է ներկայանալի լինել Արցախում։ Դուք երբեք չէք լսի, որ ռուսներն արդարացնեն Արցախի հայաթափումը։ Ռուսները վերադառնալու են նախ՝ Արցախ, ապա՝ նաեւ Հայաստան։
– Տարածքային ամբողջականութիւնը միջազգայնօրէն ձեւակերպւած հասկացութիւն է, որի վրայ պետութիւնները, երբ պէտք է եղել, թքել են։
– Իրանն ամէն ինչ կանի, որ Սիւնիքը չյանձնւի, բայց կը կարողանա՞յ, թէ՞ չէ, պարզ չէ։
– Տարածաշրջանում պատերազմի հարցը ո՛չ Ադրբեջանն է որոշում, ո՛չ Հայաստանը, որոշում են նրանք, ովքեր պատմականօրէն այստեղ ունեն շահեր։
– Եթէ Ադրբեջանը համարձակւի ինքնուրոյն յարձակւել Հայաստանի վրայ, միանգամից գլխին կը ստանայ թէ՛ ռուսների, թէ՛ Իրանի, թէ՛ Արեւմուտքի կողմից։
– Ո՞վ է քեզ թոյլ տալիս ռուսներին հանես ռուս-թուրքական սահմանից։ Պայմանագրեր կան, դու չես կարող միջազգային պայմանագրերի հետ հակասութիւնների մէջ մտնես։ Ալիեւն ու Փաշինեանը, որ սահմանապահներ են հանում սահմանից, դա բաժակի միջի փոթորիկն է, բայց կայ իրական փոթորիկ։ Ժամանակին կնքւած հակահայկական ռուս-թուրքական պայմանագիրը հիմա ստեղծւած իրավիճակում կարող է մեզ օգնել։ Այսինքն՝ սա ռուս-թուրքական սահման է, եւ ոչ՝ հայ-թուրքական։