Ադրբեջանը պատրաստւում է պատերազմի, բայց ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական եւ դեմոգրաֆիական պատերազմի

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Տնտեսագէտ, քաղաքական մեկնաբան
Լաչինում օդանաւակայանի բացումը Հայաստանում արժանացաւ մեծ ուշադրութեան, առաւել եւս, որ ուղեկցւեց Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի եռակողմ գագաթնաժողովով:
Արցախի դէմ 44-օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանն իր վերահսկողութեան տակ անցած տարածքներում անցնող հինգ տարում կառուցեց երեք օդանաւակայան՝ Ֆիզուլի, Զանգելան, Լաչին: Հայաստանում կայ տարածւած կարծիք, որ դրանք կառուցւում են քաղաքացիական կարգավիճակով, բայց իրականում ունեն ռազմական նպատակներ:
Այն, որ Ադրբեջանը Հայաստանի հանդէպ ունի ռազմական հաւակնութիւններ, կասկածի ենթակայ չէ: Սակայն Հայաստանում թերագնահատւում են Ադրբեջանից բխող տնտեսական ռիսկերը, որպէս դրանց հետեւանք՝ դեմոգրաֆիական մարտահրաւէրները:
Արցախի օկուպացւած տարածքներում կառուցւած օդանաւակայանները հարկ եղած դէպքում կը ծառայեն, իհարկէ, ռազմական նպատակների: Բայց դրանց կառուցման բուն նպատակը, թերեւս, ռազմական չէ: Ադրբեջանն ունի բաւարար թւով ռազմական օդանաւակայաններ: Առաւել եւս չկայ սահմանային գօտում դրանք կառուցելու նպատակայարմարութիւն, որտեղ օդանաւակայանները կը լինեն խոցման տեսանկիւնից առաւել հասանելի:
Ադրբեջանը, անշուշտ, պատրաստւում է պատերազմի, բայց ոչ միայն ռազմական, այլեւ պատրաստւում է տնտեսական պատերազմի, դեմոգրաֆիական պատերազմի: Եթէ այսօր օկուպացւած տարածքներում բնակեցման տեմպերը խիստ ցածր են, դա ամենեւին չի նշանակում, որ մի քանի տարի անց դրանք չեն ստանայ աւելի մեծ դինամիկա ու ծաւալ, ընդ որում, ամենեւին ոչ միայն ադրբեջանական դեմոգրաֆիական ռեսուրսի հաշւին: Ի դէպ, երբ դիտարկւում է, օրինակ, Թուրքիայի եւ Պակիստանի հետ եռեակ դաշնակցութիւնը, դրա ներքոյ պէտք է հասկանալ ոչ միայն ռազմական եւ քաղաքական ռեսուրսի մէկտեղում:
Պարզապէս, ի տարբերութիւն Հայաստանի պետական, քաղաքական, տնտեսական, նաեւ հանրային վերնախաւերի, Ադրբեջանը դժբախտաբար մտածում եւ գործում է առաւել ռազմավարական տրամաբանութեամբ ու երկարաժամկէտ հաշւարկներով: Օդանաւակայանները պէտք է դիտարկել այդ համատեքստում եւ մտածել, թէ ի՞նչ ենք մենք՝ որպէս պետութիւն ու հանրութիւն, հակադրելու տնտեսական պատերազմի այն տեմպին, որ հաղորդում է Ադրբեջանը:
Յաճախ եւ արդարացիօրէն խօսելով Սիւնիքի ռազմական անվտանգութեան հարցերի մասին, մենք թերագնահատում ենք տնտեսական անվտանգութեան ռիսկերը, դրանից բխող՝ դեմոգրաֆիական մարտահրաւէրները: Վերջին հաշւով, որեւէ ռեժիմով, որեւէ մեխանիզմով, ռեգիոնալ լոգիստիկան առնւազն որոշակի ծաւալներով բացւելու է, քանի որ դա աշխարհաքաղաքական պահանջարկ վայելող հեռանկար է: Պէտք է կարողանալ նայել այդ իրողութիւններին երկարաժամկէտ կտրւածքով, որպէսզի կարողանանք նկատել, որ այստեղ մենք ունենք ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական ու դեմոգրաֆիական ռիսկեր:
Հայաստանն ի՞նչ խոշոր տնտեսական կարողութիւններ է հակադրելու այդ պրոցեսներին: Ծիծաղելի է մտածել, թէ Սիւնիքում զարգացնելով փոքր ու միջին բիզնես ծրագրեր, հնարաւոր է կառուցել տնտեսական դիմադրունակութիւն եւ ռազմավարական մրցունակութիւն: Անշուշտ, պէտք է առաւելագոյնն անել փոքր եւ միջին ձեռնարկատիրութիւնների (ՓՄՁ) զարգացման համար: Բայց ժամանակակից աշխարհում դա պետութիւնների համար սոցիալական բարեկեցութեան, այլ ոչ թէ ռազմավարական կենսունակութեան միջոց է:
Ռազմավարական կենսունակութեան համար Հայաստանը, եւ յատկապէս աշխարհաքաղաքական մեծ ուշադրութեան հարաւային գօտին՝ Վայոց ձորն ու Սիւնիքը, ունեն խոշոր տնտեսական ներդրումների ներգրաւման կենսական անհրաժեշտութիւն: Արտաքին ներդրողների ներգրաւում, որը հնարաւորութիւն կը տայ նաեւ ձեւաւորել փոխադարձ շահերի, հետեւաբար՝ դրանց պաշտպանութեան ամուր հանգոյցներ:
Այո, այսօր գործում է տնտեսական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գործում են հանքարդիւնաբերական մէկ-երկու այլ ձեռնարկութիւններ, բայց ժամանակի հիբրիդային մարտահրաւէրների աճող բեռը չի կարող մնալ միայն նրանց ուսերին:
Առաւել եւս, որ Ադրբեջանն այդ համատեքստում նաեւ ուղիղ թիրախաւորում է եղած հանքարդիւնաբերութիւնը եւ փորձում դրա դէմ կազմակերպել զանազան «բնապահպանական» գրոհներ, ընդ որում, թէ իր, թէ հնարաւոր է՝ նոյնիսկ Հայաստանի տարածքից, մտացածին, անհիմն մեղադրանքներով հակաքարոզչութիւն ծաւալելով Հայաստանի արդիւնաբերական այդ կարեւոր ռեսուրսի դէմ:
Ադրբեջանի ռազմավարութեան տնտեսական բաղադրիչի տարիների թերագնահատումը բերեց ուժային բալանսի էական խախտման՝ ծանր հետեւանքներով: Տնտեսական պատերազմի ռիսկն անուշադրութեան մատնելը կը բերի արատաւոր շրջանի հերթական պտոյտի, նոր հետեւանքներով: Ռիսկերի ռազմավարական գնահատումների տոտալ բացակայութիւնը կարող է ստեղծել մի վիճակ, երբ Ադրբեջանին սպասելով «ճակատից», Հայաստանը չի նկատի, թէ ինչպէս է Բաքուն «շրջանցում» այն եւ ռազմավարական անշրջելի գերակայութեան հասնում տնտեսական «թիկունքում»:
168.am